Գլխավոր Միջոցառումներ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ՝ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՔՈԼԵՋՈՒՄ

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ՝ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՔՈԼԵՋՈՒՄ

571
Տարածել

Մայիսի 24-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դահլիճում տոնական մթնոլորտ էր: Միջին մասնագիտական կրթական ծրագրով երկու ավարտական խմբերի՝ «Մենեջմենթ» և «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությունների քոլեջի ուսանողների ավարտական վերջին զանգի միջոցառումն էր: Քոլեջն ակադեմիայի համակարգում է գործում ընդամենը երեք տարի, և որպես ավարտական վերջին զանգի արարողություն՝ միջոցառումը տեղի էր ունենում առաջին անգամ՝ ուսանողների, կուրսղեկեր Անդրանիկ Խաչատրյանի ու Անի Գևորգյանի նախաձեռնությամբ:

Վերջին զանգն իր մեջ միախառնում է ինչպես ուրախ, այնպես էլ տխուր զգացողություններ, վերջ է և սկիզբ, ավարտվում է կյանքի մի շրջանը՝ սկիզբ դառնալով նորի: «Տխուր զգացողություն ունեմ, որովհետև միմյանցից բաժանվելու ենք, բայց և ուրախ եմ, քանի որ նպատակ ունեմ կրթությունս շարունակելու ակադեմիայի բակալավրիայում»,- ասում է միջին մասնագիտական «Մենեջմենթ» կրթական ծրագրի շրջանավարտ Սոնա Ղարիբյանը: Իսկ շրջանավարտ Կարեն Մանուկյանի տրամադրությունը բարձր է. «Շնորհակալ եմ դասախոսներիս, որոնք երեք տարի մեր կողքին են եղել: Հրաժեշտ նրանց չեմ տալիս: Կրթությունս շարունակելու եմ «Փրկարարական գործ» ֆակուլտետում»:

Ավարտական խմբերի ուսանողներն ասմունքի, երաժշտության ու պարի ուղեկցությամբ նախ փոքրիկ բեմականացումներով ներկայացրեցին, թե ինչպես կարելի է առաջին օգնություն ցույց տալ տուժածին, իսկ հետո շնորհակալագրեր հանձնեցին ակադեմիային ռեկտորին, պրոռեկտորներին և դասախոսներին՝ այդպես իրենց երախտագիտությունը հայտնելով նրանց գիտելիքների ու կրթության համար։