Մինչ նախորդ տարի Թոմ Քաթինա անունը մեզ՝ հայերիս, ոչինչ չէր ասում։ Այսօր մայրաքաղաքի փողոցներում շրջող պատահական մարդիկ շտապում են սեղմել շուրջօրյա աշխատանքից գերհոգնած աչքերով, նյույորքցի վտիտ բժշկի ձեռքն ու գրկել նրան՝ ի նշան երախտագիտության։
Սուդանի հարավի Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժը կրկին Հայաստանում է՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը որպես «Ավրորա» գլխավոր մրցանակի հավակնորդ։
Բժիշկ Քաթինան կամ, ինչպես տեղացիներն են կոչում, մերօրյա Փրկիչը, արդեն ինը տարի, անտեսելով ռումբերի տեղատարափը, բուժօգնություն է ցուցաբերում մոտ 750 հազար բնակչի։ Օրերս նա հանդիպեց Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներին՝ կիսելու իր կենսափորձն ու բացահայտելու Աֆրիկայում պատերազմի թողած հետևանքները։
Օրը 24 ժամ, շաբաթը 7 օր բժիշկը պայքարում է հիդրոցեֆալիա, էնցեֆալոցելե, Հոջկինի լիմֆոմա, սարկոմա և այլ հիվանդությունների դեմ, որոնց մասին միայն դասագրքերում է գրված, և առանց մշտական էլեկտրականության, ջրամատակարարման, հեռախոսակապի և անհրաժեշտ բուժսարքավորումների։ «Բժիշկը կարող է ամեն ինչ անել նույնիսկ մեկուսացած միջավայրում՝ սահմանափակ միջոցներով։ Մեր հիվանդանոցը 450 մահճակալ ունի. հիվանդները երբեմն այնքան շատ են, որ ստիպված նրանց դրսում ենք տեղավորում։ Էներգատար ախտահանման ապարատներ ձեռք բերել չենք կարող, քանի որ արևային էներգիա ենք օգտագործում։ Փոխարենը եռացրած ջուր ու աղ ենք կիրառում. մինչ օրս վարակների տարածման ցածր ցուցանիշ ունենք»,- նշում է բժիշկը՝ ցուցադրելով պարզագույն գայլիկոնը, որով հարյուրավոր միջամտություններ է արել։
Թոմ Քաթինան ամեն օր կյանքի ու մահվան կռիվ է տալիս։ Նրա հիվանդներից շատերը մահանում են հիվանդանոցի ճանապարհին՝ խոր այրվածքներից, ոմանք՝ մկանային սուր ցավերից։ Ի պատասխան մեր հարցին՝ արդյոք հե՞շտ է բժշկի համար սառնասիրտ մնալ նման պայմաններում, վիրաբույժը մի սրտառուչ պատմություն է մտաբերում. «Կնոջ անունը Մալոկո էր, զարմիկինը՝ Չալու։ Երեխայի մարմնի 60 տոկոսն այրվել էր, երեք ամիս մեզ մոտ մնաց։ Ամեն օր, երբ նրա սենյակ էի մտնում, թխվածքաբլիթ էր ուզում։ Բերում էի խոհանոցից և թաքուն մահճակալի տակ դնում։ Մի առավոտ ամբողջովին քարացել էր, մահացավ հենց իմ գրկում։ Խելքս մթագնել էր, չէի հավատում, որ Չալուն այլևս չկա։ Հնարավոր չէ ներկայացնել զգացմունքներս. ծանր վիշտն ու արցունքները միախառնվել էին։ Միակ բանը, որ կարող էի անել, այդ դեպքից դաս քաղելն էր, սխալներն ուղղելը։ Հասկանում ես, որ պետք ես մարդկանց»։
Ինժեների մասնագիտություն ստացած և ապահով ընտանիքում մեծացած ամերիկացի մասնագետը, թերևս, այսպես չէր իր կյանքը պատկերել. կավաշեն ծղոտե տանիքով հյուղակ՝ առանց հարմարությունների, հյուծող աշխատանք՝ առանց արժանի վարձատրության։ Խոստովանում է՝ եթե կաթոլիկ չլիներ, երբևէ այս գործով չէր զբաղվի։ Սա է իր խաչը, պետք է արժանապատվորեն կրի։
Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը հռչակված բժիշկն իրեն սովորական մարդ է համարում։ Մինչ օրս Քորդոֆանում մնալու միակ պատճառը պարտքի զգացումն է։ Սիրում է նուբացիներին և գիտությունը. այստեղ է ճանաչել իսկական բժշկությունը։ Չի մոռանում Հոլոքոստը վերապրած նյարդաբան Վիկտոր Ֆրանկլի խոսքը՝ «Ամեն մարդ իր կյանքում իմաստ պիտի գտնի»։ Թեև երևակայությունից վեր սարսափելի օրեր է ապրել, սակայն գոհ է իր աշխատանքից։ Առաջիկա նպատակն է երկրորդ հիվանդանոցը կառուցելը։
Նշենք, որ երեք հայ բժիշկներ՝ Գևորգ Ոսկանյանը, Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը, այս օրերին մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային, որն իր երկարամյա գործունեության ընթացքում երրորդ անգամ է բացակայում երկրից։
Մայիսի 26-ին բժիշկն ու «Ավրորա» մրցանակի մյուս հավակնորդները՝ Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը և Դենիս Մուկվեգեն, Հայաստանի ամերիկյան համալսարանում կխոսեն իրենց մարդասիրական գործունեության մասին։ Իսկ մրցանակի դափնեկիրը, որը կստանա 100 հազար դոլար պարգև, ինչպես նաև 1 մլն դոլար դրամաշնորհ՝ նվիրատվության շղթան շարունակելու և իրեն ոգեշնչած կազմակերպություններին աջակցելու համար, հայտնի կդառնա մայիսի 28-ին։