Գլխավոր Նորություններ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՇՈՒՆՉԸ ՄԵՐ ԺԱՄԱՆԿՆԵՐՈՒՄ

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՇՈՒՆՉԸ ՄԵՐ ԺԱՄԱՆԿՆԵՐՈՒՄ

862
Տարածել

Հին Գորիսի քարայր-կացարանները նոր տեսք են ստանում

Գորիս քաղաքից դեպի արևելք փռված է «Հին Գորիս» բնակատեղին, որտեղ մարդիկ բնակվել են դեռ վաղ ժամանակներից, որոնց համար կացարան-բնակարան են ծառայել հենց քարայրները: Որոշներն էլ, որտեղ մարդիկ բարձրանում էին պարանների օգնությամբ, օգտագործվել են պաշտպանական նպատակով: Այսօր «Հին Գորիսի» կոլորիտից քիչ բան է պահպանվել: 18-րդ դարից հետո քարանձավները կամաց-կամաց դադարել են հին նպատակին ծառայելուց: Դրանք այժմ լուռ վկաներն են Գորիսի հին ու անցած օրերի: Նախկին թաղամասն այսօր զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից է: «Հին Գորիս» պատմական թաղամասում տեսնելու շատ բան կա, թեև որոշ կառույցներ կիսավեր են. 50-ից ավելի բնակավայրային քարանձավներից բացի, այստեղ կարելի է տեսնել Սյունիքի պատմական և մշակութային հուշարձանների պաշտոնական ցանկում ներառված նաև Սբ Հռիփսիմե եկեղեցին՝ կառուցված 1776-ին, «Մելիքների» մատուռը, մինչև 20-րդ դարի սկիզբը գործող, բնության հուշարձան համարվող քարանձավային թատրոնը՝ ամֆիթատրոնը, Ձագեձորի բերդը, Վարարակն գետի կամրջի վրայի նավթամղիչ կայանը, տապանաքարեր և խաչքարեր, ձիթհանների, ջրաղացների ավերակներ և այլն: «Հին Գորիսի» վերականգնումն ու բարեկարգումը գորիսեցիների մեծ ցանկությունն է: Համոզված են, որ վերականգնումից հետո պատմամշակութային այս վայրն էլ ավելի սիրելի ու պահանջված կդառնա ոչ միայն տեղացի, այլև օտարազգի զբոսաշրջիկների համար: Իսկ ամբողջական պատկերի վերականգնման համար մեծ գումարներ և երկարատև աշխատանք է պետք: Այսօր արդեն բնակատեղիի հին տեսքը ստանալու առաջին քայլերն արվել են: Ամբողջովին վերականգնվել է եկեղեցին, պեղումներ են արվել մելիք Օհանի ապարանքում (որի վերականգնման համար դեռ միջոցներ չկան), այժմ էլ շարունակվում են եկեղեցու հարավային կողմում գտնվող երկու քարայրի վերականգնման աշխատանքները: Նախաձեռնությունը «Երկիր և մշակույթ» բարեգործական հասարակական կազմակերպությանն է, որը եկեղեցու վերականգնումից հետո ձեռնամուխ է եղել հարակից քարայրների ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքների իրականացմանը: «2013-2014-ին քարայրների տարածքում պեղումներ ենք իրականացրել, կենցաղային իրեր ու զարդեր են գտնվել: 2015-ից էլ սկսել ենք վերականգնման ու ամրակայման աշխատանքները: Ի սզբանե ծրագրել էինք ամբողջովին բարեկարգել եկեղեցու 2 հա տարածքը և վերականգնել այդտեղ գտնվող 7 քարայրները, սակայն գումարի սղության պատճառով աշխատեցինք երկու քարայրների վրա: Վերականգնումը կավարտնք մինչև տարեվերջ: Հետագայում արդեն մյուսների վերականգնման համար այդ երկուսը կլինեն եզակի օրինակներ: Ծրագիրն իրականացվում է «Երկիր և մշակույթ»-ի, Վիեն-Գորիս քույր քաղաքների, «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամի ֆինանսավորմամբ և արժե 7,5 մլն դրամ»,- տեղեկացնում է «Երկիր և մշակույթ» բարեգործական հասարակական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Ստեփան Նալբանդյանը և վստահեցնում, որ քարայրները նախկին տեսքը կունենան, և որպես ապացույց՝ թերթում արխիվային կադրերը: Միայն մյուս քարայրի բաց տանիքի վրա կղմինդրից ծածկ են արել՝ անձրևից ու ձյունից պաշտպանելու նպատակով: Վերականգնման ու ամրակայման համար օգտագործվել են տեղական քարեր, իսկ գործը վստահվել է փորձառու մասնագետների, որոնց ժամանակ առ ժամանակ միացել են ֆրանսիացի կամավորները: Միայն թե այսօրվա քարայրները կհարմարեցվեն ժամանակակից պահանջներին՝ պահպանելով, իհարկե, միջնադարյան շունչը:

Այսպիսով, քարայրները ոչ միայն պատմական անցյալին շունչ կհաղորդեն, այլև դրանով հանդերձ կխթանեն տուրիզմի զարգացումը և կծառայեն որպես մշակութային հանգստյան անկյուններ: Վերականգնված քարայրներ այցելած զբոսաշրջիկները կհայտնվեն Հին ու Նոր Գորիսների խաչմերուկում՝ կկարողանան օգտվել ներսում գործող պատկերասրահից, գրադարանից, սուրճ, թեյ ըմպել և վայելել հարյուրամյակների պատմությունն իր մեջ պահպանած քարանձավների լռությունը: Մնում է՝ շահագործողները կահավորեն դրանց ներսը և դռները բացեն հյուրերի առաջ:

Իսկ Գորիս այցելող զբոսաշրջիկ-հյուրերի թիվը քիչ չէ: Տարեկան մոտ 30-40 հազար զբոսաշրջիկ է այցելում Հայաստանից և աշխարհի տարբեր ծայրերից, բայց առավել շատ գերակշռում է Ֆրանսիայից ժամանած տուրիստների թիվը:

Տուրիզմը շարունակում է համայնքի զարգացման գերակա ճյուղերից մեկը համարվել: «Հին Գորիսի» հետ կապված զբոսաշրջային ծրագրեր շատ կան նախանշված, որոնք, տեղացիները համոզված են, որ անպայման կիրագործվեն:

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցն ասում է, որ ամեն բան անում են բնակատեղին հրապուրիչ դարձնելու և մասնավոր ներդրողներին ներգրավելու այդ հարցում: «Այստեղ մեծ հնարավորություններ կան տուրիզմի զարգացման համար: Որոշ ծրագրեր ընթացքի մեջ են: Մենք մտադիր ենք հետագայում քարանձավային հյուրանոցային տնտեսություն հիմնել, որը թեև հեռահար ու թանկարժեք ծրագիր է, բայց լուրջ ֆինանսական ներդրումների դեպքում՝ իրականանալի»,- նշեց քաղաքապետը: