Գլխավոր Նորություններ ԲԱՍԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԲԻՈՎԱՌԵԼԻՔ ԵՆ ԱՐՏԱԴՐՈՒՄ

ԲԱՍԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԲԻՈՎԱՌԵԼԻՔ ԵՆ ԱՐՏԱԴՐՈՒՄ

1168
Տարածել

Վառելափայտով և գոմաղբով ջեռուցվող Շիրակի մարզի Բասեն համայնքն այլևս  ջեռուցման այլընտրանքային տարբերակ ունի: Այստեղ ծղոտից բիովառելիք են ստանում: Անցած տարվանից գյուղում հիմնվել է պելետի արտադրություն (կենսաբանական թափոններից ստացվող վառելիք), որտեղ գարու, ցորենի ծղոտից վառելահումք են ստանում: Անցած ձմեռ Բասենի մանկապարտեզը և 15 տուն սրանով են դիմակայել ցրտաշունչ ձմռանը: Գյուղում պելետի արտադրություն հիմնելու գաղափարը գյուղապետ Համլետ Պետրոսյանինն է. նա է համացանցից «փորփրել» և տեղեկացել Դանիայում, Շվեդիայում կիրառվող ջեռուցման այս տարբերակի մասին և փորձել  համագյուղացիների հետ իրագործել գաղափարը: Շիրակի մարզում հացահատիկային մշակաբույսերի մեծաքանակ ցանքատարածություններ կան, որտեղ  բերքահավաքից հետո ծղոտի մի մասն անասնակերի պաշար է դառնում, մյուս մասը՝ խոզանը, այրում են արտերում: «Այժմ այրելու փոխարեն մշակում ենք: Մեզ հաջողվեց պելետի արտադրություն հիմնել  ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրով: Արտադրությունը մի քանի խնդիր է լուծում: Նախ՝ մարդիկ այլևս չեն այրի ծղոտի մնացորդը՝ վնասելով հողի հարուստ շերտը, երկրորդն  էլ անտառհատումները կնվազեն: Գյուղը գազիֆիկացված չէ, մարդիկ հիմնականում փայտ ու աթար են օգտագործում, իսկ բիովառելիքը գազի, էլեկտրաէներգիայի, փայտի հետ համեմատած, գնային և ջերմատվության առումով ձեռնտու է»,- նշեց Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանը:

Բասենցիները ծղոտից ստացված հումքը հիմնականում վառում են վառելափայտի համար նախատեսված վառարաններում: Մասնագետները նշում են, որ սովորական վառարաններում դրա օգտագործման արդյունավետությունը նվազ է, ի տարբերություն պելետի վառարանի: Թեև ջերմատվությունը բարձր է, բայց սովորական վառարանում այն շատ արագ է այրվում: Հիմնադրամը Մոսկվայից գնել է պելետի վառարան, որը մոտ 95 հազար ռուբլի արժե, ու նվիրել գյուղի մանկապարտեզին: Վառարանն աշխատում է ավտոմատ ռեժիմով և  քիչ էներգիա է ծախսում: Պելետի չափաքանակը լցնելուց հետո մի քանի օր շարունակ կարելի է չմոտենալ վառարանին, նույնիսկ մոխիրն է շատ քիչ քանակով առաջանում: «Պելետի վառարանի ջերմատվությունն անհամեմատ բարձր է՝ 1 կգ պելետը 5 կՎտ հզորություն է ապահովում: Մեկ կգ-ն արժե 50 դրամ: Մեկ ամիս 200-250 քմ տարածքի շուրջօրյա ջեռուցման համար անհրաժեշտ է մոտ 1 տ պելետ, փայտով տաքացնելու դեպքում՝ 4-5 խմ վառելափայտ, որն արժե  60-80 հազար դրամ»,- մանրամասնում են «Բասեն համայնքային զարգացման» հիմնադրամից և ուրախությամբ նշում, որ բիովառելիքը պահանջարկ ունի նաև գյուղի սահմաններից դուրս: Պատվերներ շատ ունեն, սակայն սարքը փոքր է, և քիչ քանակությամբ են արտադրում: Արտադրամասն ընդլայնելու անհրաժեշտություն կա, բայց նոր սարքավորումներ գնելու և արտադրության ծավալները մեծացնելու համար բավականին մեծ գումարներ են հարկավոր: Արտադրության ընդլայնման դեպքում  նաև գյուղում 10-15 աշխատատեղ կստեղծվի: Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանի խոսքով՝ գյուղում իրականացվող ծրագիրը ներկայացրել են վարչապետ Կարեն Կարապետյանին, որը տպավորված է եղել նորարարական այս մեթոդով և խոստացել է ծրագրի ընդլայնման համար անհրաժեշտ գումարի  մեծ մասը հայթայթելու դեպքում կառավարության կողմից գումարի մնացած մասով աջակցություն ցուցաբերել: