Գլխավոր Նորություններ «ՊՈՂՊԱՏԵ» ԵՎ «ՊԼԱՍՏԻԿ» ԱՍՖԱԼՏ

«ՊՈՂՊԱՏԵ» ԵՎ «ՊԼԱՍՏԻԿ» ԱՍՖԱԼՏ

746
Տարածել

Նիդերլանդների Դելֆտ քաղաքի տեխնիկական համալսարանի գիտնականները փորձում են ստանալ ասֆալտի մի տեսակ, որը մեկընդմիշտ կբացառի խցանումները՝ զգալիորեն կկրճատելով վթարներն ու ճանապարհների նորոգման ժամանակը: Գիտնականների նորամուծության հիմքում պողպատե մանրաթելային հիմքով նյութն է: Այս նյութը էլեկտրահաղորդիչ է: Մանր ճաքերի առաջացման դեպքում կարիք չի լինի փակել ճանապարհը, նորոգում սկսել, հարկ է միայն վնասված մասով հատուկ էլեկտրամագնիսական մեքենայով անցնել, որի տակ տեղադրված մագնիսի ազդեցության արդյունքում պողպատե մանրաթելերը կտաքանան, և մանր ճեղքերը կփակվեն:

Գիտական խմբի ղեկավար Էրիկ Շլանգենը հայտարարել է, որ նոր տեսակի ասֆալտը ավանդականից 25 տոկոսով թանկ կլինի, սակայն կծառայի երկու անգամ ավելի երկար:

Միայն Նիդերլանդներում այս նորամուծությունը թույլ կտա տարեկան տնտեսել  90 միլիոն եվրո: «Պողպատե» ասֆալտն արդեն փորձարկվում է Նիդերլանդների ճանապարհների 12 տարբեր հատվածներում: Մեկ տեղում այն հուսալի ծառայում է արդեն 7 տարի:

Շլանգենն ասել է նաև, որ սա ծրագրի միայն առաջին փուլն է, որի հաջող ելքի դեպքում կսկսեն երկրորդ փուլը՝ պողպատե մանրաթելերի միջոցով կլիցքավորեն էլեկտրամոբիլները: Խցանման մեջ կամ լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած էլեկտրամեքենան կսնուցվի հենց ճանապարհածածկույթից:

Նիդերլանդցի գիտնականների աշխատանքը նոր տեսակի ասֆալտ ստանալու առաջին փորձը չէ: Շոտլանդացի ճարտարագետ Թոբի Մակքարթնին պլաստիկի հատուկ տեխնոլոգիայով վերամշակման արդյունքում ստացել է ավանդական ասֆալտին փոխարինող նյութ, որն ասֆալտից ամուր է 60 տոկոսով և ծառայում է 10 անգամ ավելի երկար, քան ասֆալտը: Այս նյութով ծածկված ճանապարհ արդեն կառուցվել է Անգլիայում:

«Պողպատե» և «պլաստիկ» ասֆալտներով արդեն հետաքրքրված են ոչ միայն եվրոպական երկրները, այլ նաև՝ Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, ԱՄՆ-ը: