Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ

ՓՐԿԱՐԱՐ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ

1065
Տարածել

Մայիսի 4-7-ը Հունգարիայի Էգեր քաղաքում անցկացվեց ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որի ժամանակ Շիրակի մարզային ՃԿԿ օպերատոր, ծանրամարտուհի

Գրետա Վարդանյանը 85 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։

 

Հսկայական ծանրաձողերը հնազանդեցնող այս աղջիկը որքան էլ մեծ կամքի և ուժի տեր է, նույնքան փխրուն է՝ իր կանացի թուլություններով։ Դեռ երկու տարեկանից զրկված լինելով ծնողական խնամքից և զույգ ոտքերից՝ նա պայքարում է մեծ սպորտում իր տեղն ունենալու, բազմանդամ ընտանիքի ապրուստը հոգալու, 8-ամյա դստերը լավագույն դաստիարակություն տալու համար։ Աշխատանքը, շաբաթական երեք պարապմունքներն ու ընտանեկան հանգստի ժամանակը հստակ կանխորոշված են։ Մեկտեղ հասցնում է երեխայի դասերը ստուգել, զբոսանքի և գնումների գնալ, խոհանոցում մի համեղ բան պատրաստել։

Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզադահլիճի բացումը մեծ ձեռքբերում էր իր և մյուս ծանրամարտիկների համար։ Եվրոպայի առաջնություններում 2 արծաթ և 1 բրոնզ վաստակած հայ մարզուհին համեստորեն նշում է՝ աշխարհի խաղերին առաջին անգամ էր մասնակցում։ Փետրվարին Դուբայի ծանրամարտի առաջնությունում կրած անհաջողությունից հետո հավաքել էր ուժերն ու ամբողջովին նվիրվել պարապմունքներին։ Հաղթանակն սպասել չտվեց. արդեն վաստակել է հոկտեմբերին Մեխիկոյում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնության ուղեգիրը։ «Սպորտն անկանխատեսելի է, օլիմպիական չեմպիոնը կարող է անհաջողության մատնվել, շարքային մարզիկը՝ հաղթել։ Հոգեվիճակից է կախված»,- անկեղծանում է Գրետան։

Մարզիչ Արտակ Ներսիսյանը, որը երկու տարի աշխատում  է Գրետայի հետ, հավելում է՝ մրցավարներն Էգերի մրցաշարի ժամանակ անարդար գտնվեցին, քանի որ հայուհին չեմպիոն դառնալու բոլոր շանսերն ուներ։ Առաջիկա՝ Մեխիկոյի մրցումներում նա վստահաբար կարող է առաջ անցնել նույն քաշային կարգում հանդես եկող, սակայն տարիքով մեծ մարզիկներից։ Հարցին՝ արդյոք հաշմանդամային սպորտը Հայաստանում զարգացման հեռանկարներ ունի, մարզիչը պատասխանում է. «Աղջիկներից միայն Գրետան է ցանկություն հայտնել ծանրամարտով զբաղվելու։ Ընդհանուր առմամբ՝ կարիք կա հաշմանդամային սպորտը հանրայնացնելու։ Ուղիղ եթերով մրցաշարերի պարբերաբար հեռարձակումը կարող է փոխել վերաբերմունքը սպորտի նկատմամբ և նոր տաղանդներ երևան հանել։ Բացի դրանից՝ հասարակությունը կճանաչի իր հաշմանդամ մարզիկներին, որոնք միջազգային հարթակներում բարձր են պահում երկրի պատիվը»։

Մրցումներից առաջ մարզչի և սանի միջև հաճախ են տարաձայնություններ լինում, սակայն շուտով հարթվում են ու մոռացվում։ Անկախ նվաճած բարձունքներից՝ Արտակ Ներսիսյանի հորդորը մեկն է՝ կուլ չգնալ «աստղային հիվանդությանը», ինչը թուլացնում է մարզիկի մարտական ոգին։

Վերելքներ և անկումներ ապրած մարզուհու խոսքով՝ դժվար է սպորտի «անարդար» աշխարհում տեղ գտնելը։ Այդուհանդերձ, ամեն անգամ հաղթանակի ակնկալիքով է բեմահարթակ դուրս գալիս. կյանքը սովորեցրել է երբեք չընկրկել։

Նկատում եմ՝ հեռուստաէկրանից անդին կուլիսային անցուդարձը խաղաղ է թվում, մարզիկների միջև թշնամություն չկա։ Իրականում հաղթելու հավակնությունը պայքարի է մղում, ասում է Գրետան։ Սակայն մրցաշարից դուրս բոլորն ընկերներ են. միասին դիսկոտեկ են գնում, կատակներ անում, շփվում համացանցով, ուրախանում միմյանց ձեռքբերումներով։

Մրցաշարային չորս օրերի ընթացքում հայկական պատվիրակությանը հաջողվել է կարճ ժամանակ շրջել Էգերի կենտրոնական հրապարակում, հիանալ Երկրորդ աշխարհամարտի ավերածություններից փրկված ճարտարապետական կառույցներով։ «Հունգարական հարսանիքի ականատես եղանք։ Շատ զուսպ, սուսիկ-փուսիկ արարողություն էր։ Եթե հարսի զգեստը չտեսնեինք, դժվար թե կռահեինք՝ ինչ միջոցառում է։ Հայերս սովոր ենք ամեն առիթ աղմուկով նշել»,- կատակում է գյումրեցուն հատուկ հումորով։

Օլիմպիական մարզուհու ամեն ճամփորդության ցանկալի ավարտը տունդարձն ու զավակին գրկախառնվելն է, թեև երբեմն ցանկանում է արտերկիր տեղափոխվել, որտեղ բոլորովին այլ վերաբերմունք է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Ապրելով մատչելի միջավայրում՝ հավասարը հավասարի հետ՝ օտարերկրյա մարզիկները նաև մարզական և հաշմանդամության հիմքով բարձր կենսաթոշակ են ստանում։ «Հաճախ անտեսում եմ ֆիզիկական վիճակս, երկաթների տակ մտնում, սակայն մեդալների դիմաց միայն շնորհավորանքի եմ արժանանում։ Մարզիկը պիտի զգա, որ գնահատված է  պետության և հասարակության կողմից»,- ամփոփում է փրկարար չեմպիոնուհին։