Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՎԱՅՔԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

ՎԱՅՔԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

617
Տարածել

Ծառայության գնահատանքը փրկված կյանքերն են

ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 61-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը (ՀՓՋ) տեղակայված է Վայք քաղաքի կենտրոնական մասում՝ Մյասնիկյան 15 հասցեում: Վայքի ՀՓՋ-ն սպասարկում է շուրջ 16 հազար բնակչության, իսկ սպասարկման գոտում է գտնվում 1 քաղաքային և 15 գյուղական համայնք, որից երեքը՝ Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, սահմանամերձ են:

Վայքի ջոկատայինները տարեկան միջինը 100-120 ամենատարբեր կանչի են արձագանքում: Միջպետական ճանապարհի գործոնը հաճախ եռապատկում ու քառապատկում է հրշեջ-փրկարարների աշխատանքը: Ձմռան ամիսներին ՀՓՋ-ի անձնակազմի հիմնական «կռիվը» ձնաբքերի հետևանքով առաջացած արգելափակումներն են: Միայն այս տարվա 3-4 ամիսներին Սարավան-Զանգեր ճանապարհահատվածից 25-30 աստիճան ցրտի պայմաններում, երբ ձյան ծածկույթը հասնում էր 2-3 մ-ի, դուրս է բերվել ու անվտանգ վայր տեղափոխվել շուրջ 600 մարդ: Իսկ ամռանը կանչերի մեծ մասը վերաբերում է հրդեհներին: Նախիջևանին սահմանամերձ համայնքները գտնվում են բարձր ռիսկայնության գոտում: Հաճախ Վայքի ջոկատայինները ստիպված են հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել՝ գտնվելով թշնամու նշանառության տակ: ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ մայոր Ռուստամ Զոհրաբյանի խոսքով՝ Վայքի ջոկատայինները ցանկացած իրավիճակում պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները: «Մեր աշխատանքը փրկելն է, օգնության ձեռք մեկնելն առանց որևէ բանի ակնկալիքի: Ժամանակի ընթացքում այն դառնում է ապրելակերպ ու բնավորության գիծ: Իրավիճակները տարբեր են ու անսպասելի. 2015-ին չորս հոգի բարձրացել էին սարերը որսի և գլորվել էին ձորը: Մոտ 2 կմ զառիվայրով ստիպված էինք իջնել և տուժածներին դուրս բերել՝ մինչև փրկարարական մեքենան կժամաներ: Մի քանի ամիս առաջ էլ հզոր պայթյուն եղավ Վայքի գազալցակայաններից մեկում: Պայթյունն այն աստիճան հզոր էր, որ չորս գազաբալոն 300-400 մ դուրս էին շպրտվել լցակայանից, ևս 6-7 գազաբալոն գտնվում է հրդեհված տարածքում և հնարավոր էր պայթյունը կրկնվեր: Օպերատիվ գործողությունների շնորհիվ փրկարարները կարողացան կանխել պայթյունը և խուսափել անդառնալի հետևանքներից»:

Շենքը, որտեղ տեղակայված է ՀՓՋ-ն, կառուցվել է մոտ հինգ տասնամյակ առաջ, սակայն որպես հրշեջ մաս այն սկսել է գործել 2004-ից: Թեև հատված առ հատված վերանորոգվել է, առանձնացվել ու կարգի են բերվել զորանոցը, ճաշարանը, բակի արտաքին տեսքը, լուծվել է տաք ջրի խնդիրը, այնուամենայնիվ, անմխիթար վիճակում շարունակում է մնալ շինության տանիքը, ունենք նաև ավտոտնակի անհրաժեշտություն:

Վայքի ՀՓՋ-ն ունի երկու հրշեջ ավտոմեքենա, մեկ փրկարարական «Կունգ» և «Ուազ»: Ռուստամ Զոհրաբյանը ջոկատի տեխնիկական զինվածությունը գնահատում է «լավ», թեև հնամաշ տեխնիկան նորացվելու կարիք ունի: Վերջին տարիներին ջոկատը հագեցվել է հիդրավլիկ գործիքներով, ինչը հեշտացնում և էլ ավելի արդյունավետ է դարձնում փրկարարների աշխատանքը:

Ըստ հաստիքացուցակի, Վայքի ՀՓՋ-ում կա է 32 աշխատատեղ, թափուր է երկուսը: Ջոկատի հրամանատարը խոստովանում է, որ հետաքրքրությունը համակարգում աշխատանքի անցնելու՝ կտրուկ մեծացել է. «Հիմա թափուր հաստիքի համար պայքար է սկսվում: Առաջնային խնդիր է, որ ապագայում հրշեջ-փրկարարների շարքերը համալրեն նաև կանայք, նրանց ներկայությունն այստեղ անհրաժեշտ է»: ՀՓՋ-ի անձնակազմը մասնակցել է բազմաթիվ ուսումնավարժանքների, հրշեջ կիրառական մարզաձևի մրցումների, ինչպես նաև տարբեր սպորտային միջոցառումների: Արժանացել է Վայոց ձորի մարզի լավագույն ՀՓՋ կոչմանը, պատվոգրերի ու շնորհակալագրերի: Ըստ Ռուստամ Զոհրաբյանի՝ իր ջոկատն աչքի է ընկնում մասնագիտական բարձր որակներով, միասնականությամբ ու կոկիկությամբ. «Վայքի ջոկատայիններին համազգեստը ոչ պատշաճ ձևով կրելիս երբևէ չես տեսնի»:

 

Հրամանատարը

Մասնագիտությամբ տնտեսագետ Ռուստամ Զոհրաբյանի՝ արտակարգ իրավիճակների համակարգում ծառայության անցնելու տարիների ցանկությունը  կատարվեց միայն 2009-ին. նախ՝ որպես թիվ 61 ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ, իսկ 2014-ին նշանակվեց նույն ջոկատի հրամանատար:

Իր հարազատների շրջապատում միակ համազգեստ կրող փ/ծ մայորը ոգևորությամբ ու պատվով է անցնում փրկարարական ուղիով՝ ամեն բացվող նոր օր պիտանի լինելու մտադրությամբ: Տարիների ընթացքում հրամանատարը մասնակցել է բազում բարդ ու դժվարին կանչերի. դեպքի վայրում լինելու, Վայքի ջոկատայինների կողքին կանգնելու ու անձամբ իրավիճակը վերահսկելու մարտավարությունը Ռուստամ Զոհրաբյանը վեր է դասում ամեն ինչից: Օրվա 24 ժամն իր ամեն րոպեով ու վայրկյանով հրամանատարը պատրաստ է օգտագործել՝ դիմակայելով ցանկացած արտակարգ իրավիճակի:

«2013-ին Զառիթափ գյուղի տարածքում ավտովթար էր. աղջկա ոտքը կտրվել էր ու մնացել մեքենայի մեջ: Մինչ մեր ժամանումը աղջկան տեղափոխել էին հիվանդանոց: Ոտքը հասցրեցինք հիվանդանոց, և պատվաստման արդյունքում այսօր աղջիկը քայլում է: 2015-ի ամռանը մոտ 20 օր հրդեհաշիջման աշխատանքներ ենք իրականացրել Քաշաթաղում: 24 ժամվա ընթացքում 5-10 րոպե անգամ ազատ ժամանակ չենք ունեցել. գիտակցում էինք, որ 200 հա ցորենի արտը կարող է մի ամբողջ քաղաք հացով ապահովել: Մեր կռիվը հացի համար էր»:

Ռուստամ Զոհրաբյանի համար ծառայության ամենաբարձր գնահատականը՝ փրկված մարդկային կյանքերն են: Ուրախությամբ է արձանագրում հասարակության վերաբերմունքի դրական փոփոխությունը, վստահությունն ու հավատը փրկարարական համազգեստի հանդեպ, ինչի արդյունքում զանգերը «911» ծառայություն կտրուկ ավելացել են:

Փ/ծ մայորը մասնակցել է հրամանատարական վերապատրաստման դասընթացների, բազմաթիվ վարժանքների, անձնվեր ծառայության համար արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի ու մեդալների:

Ծնունդով Վայքից հրամանատարը խոստովանում է, որ տարիների ընթացքում փրկարարական ծառայությանը սովորել ու վարժվել է նաև իր ընտանիքը: Սրտի խորքում փ/ծ մայորը երազում է, որ դպրոցահասակ որդին մի օր որոշի շարունակել իր ծառայողական ուղին: