Գլխավոր Նորություններ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԻ ՊԱՏՃԱՌ

ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԻ ՊԱՏՃԱՌ

1241
Տարածել

Մարդը գիտակցի, որ ոչ միայն տուժած է, այլև՝ փրկված

Սպիտակի երկրաշարժից հետո բազմաթիվ մարդիկ, որոնք ականատեսը եղան մեծ ավերումների, սկսեցին տառապել հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով: Սուր տրավմատիկ բնույթ կրող իրավիճակներից հետո մարդը մեծ մասամբ չի ցանկանում խոսել կամ մտածել եղածի մասին, այլ փորձում է իմաստավորել կատարվածը: Սկզբնական շրջանում ձևավորվում են կպչուն մտքեր, իսկ որոշակի ժամանակահատված անց ցանկություն է առաջանում բոլորին պատմել պատահածի և ապրումների մասին: Նրանք, ովքեր հայտնվել են արտակարգ իրավիճակներում, կորցնում են վստահությունը մարդկանց և կյանքի նկատմամբ, ինչի հետևանքով դժվարանում են հարաբերությունները մարդկանց հետ:

Տրավմատիկ սթրեսը հոգեբանական խանգարումներ է առաջացնում և կարող է հանգեցնել մարդու արժեքային համակարգի վերարժևորմանը:

Հետտրավմատիկ սթրեսի ուսումնասիրման դեպքում հարկավոր է հաշվի առնել անձի անհատական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ դեմոգրաֆիական առանձնահատկությունները: Այն կարող է արտահայտվել անմիջապես կամ տրավմայից հետո, կարող է և՝ հետագայում:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն առանձնացնում է ախտանիշների հետևյալ շարքը.

Հիշողություններ

  • Կպչուն հիշողություններ. մարդն անընդհատ հիշում է հոգետրավմատիկ իրավիճակը:
  • Խուսափում հիշողություններից (տարելիցի համախտանիշ). որոշակի ժամանակ անց, երբ, օրինակ, հոգետրավմատիկ իրավիճակից անցնում է մեկ ամիս կամ մեկ տարի, մարդն այդ օրն ամբողջապես հիշում և վերապրում է հոգետրավմատիկ իրավիճակը:
  • Հետադարձ կայծ (flashback). տեսողական պատկերներ, որոնք մարդը ժամանակ առ ժամանակ տեսնում է: Պատկերները կապված են հոգետրավմատիկ իրավիճակի հետ:

Քնի խանգարումներ

  • Մարդը չի կարողանում քնել. որպես կանոն, հիմքում ընկած է հոգեբանական վախը, որ եթե քնի, ապա այդ իրավիճակը կամ նմանատիպ որևէ իրավիճակ կարող է կրկնվել:
  • Մարդը լավ, բայց ընդհատվող քուն է ունենում:
  • Մղձավանջային երազներ, որոնց բովանդակությունը կապված է արտակարգ իրավիճակի հետ։

Հուզակամային ոլորտ

  • Տրամադրության անկում,
  • Շարժողական և մտքի արգելակում,
  • Անտարբերություն, հետաքրքրությունների կորուստ (աշխատանքային գործունեության, սեփական անձի, ընտանիքի անդամների, սեռական կյանքի և այլնի հանդեպ),
  • Իռացիոնալ մեղքի զգացում. երբ մարդն իրեն անհիմն կերպով մեղավոր է համարում:

Տագնապային վիճակներ

  • Ընդհանուր տագնապ. երբ մարդը չգիտի ինչից է վախենում, ունի չհիմնավորված տագնապ և լարվածություն:
  • Գերարթուն հակազդում. երբ մարդն անընդհատ պատրաստակամ և գերլարված վիճակում է, ինչը կարող է ֆոբիայի առաջացման պատճառ հանդիսանալ, որը պայմանավորված կլինի առավելապես իրավիճակով, քան՝ անձով։

Ագրեսիվ հակազդումներ

  • Դյուրագրգիռ, ջղաձիգ վարք,
  • Աուտոագրեսիա (ագրեսիա՝ ուղղված սեփական անձին),
  • Հետերոագրեսիա (ագրեսիա՝ ուղղված այլ մարդկանց),
  • Հիպնոգոգիկ կերպարներ՝ ցնորք,
  • Զառանցանք։

 

ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆ

Սպիտակի երկրաշարժի դասերն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ չափազանց կարևոր էր մարդկանց իրազեկվածությունն ու պատրաստվածությունը, ինչին, ցավոք, այն ժամանակներում ուշադրություն չէր դարձվել: Պատճառներից մեկն էլ դա էր, որ մենք ունեցանք ցավալի հետևանքներ, նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով տառապող մարդիկ: Փորձը ցույց է տալիս, որ շատ կարևոր է, երբ մարդն իմաստավորում է կատարվածը և աստիճանաբար ներառում այն իր կյանքում: Հարկավոր է մարդուն բերել այն գիտակցմանը, որ նա ոչ միայն տուժած է, այլ նաև փրկված:

Երկրաշարժի բացասական ներգործությունը թուլացնելու համար անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներում գործելու մշտական պատրաստվածության բարձրացում, հոգեկան կայունության ձևավորում, կամային որակների զարգացում, տեղեկացվածության անհրաժեշտ մակարդակ:

Այս ամենի հետևանքով ձևավորվում է հոգեբանական պատրաստվածության պատշաճ մակարդակ և, հետևաբար, արտակարգ իրավիճակներն արդյունավետ կերպով հաղթահարելու նախադրյալներ։

 

Հեղինակը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանին և ՍՌՆ վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Կիրակոսյանին արժեքավոր խորհուրդների համար