Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԱԻՆ-ՈՒՄ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԱԻՆ-ՈՒՄ

941
Տարածել

Մայիսի 17-ին ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել վարչապետ Կարեն Կարապետյանն ու նախարարության ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, խնդիրներն ու անելիքները:

Կարեն Կարապետյանը եղել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացել կենտրոնի կառուցվածքին, առաքելությանը, գործունեության հիմնական ուղղություններին, տեխնիկական և ծրագրային հագեցվածությանը, զարգացման հեռանկարներին:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Կարապետյանին ներկայացրել է ազգային դիմակայության բարձրացման, աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման, բնակչության օգնության հասանելիության ապահովման ուղղությամբ կարողությունների զարգացման, միջազգային կայուն գործընկերության և այլ ուղղություններով տարվող աշխատանքները:

Նախարարի տեղակալները և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են սեյսմիկ պաշտպանության, ճգնաժամային կառավարման, լիցենզավորման, հիդրոօդերևութաբանության, հակակարկտային պաշտպանության, փրկարար ծառայության կազմակերպման, տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, համապատասխան կառույցների գործունեության, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների մասին:

Քննարկման ժամանակ արձանագրվել է, որ համակարգերի շարունակական արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման դեպքում հնարավոր կլինի բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը, կրճատել ծախսերը և օպտիմալ կառավարում ապահովել:

«Ժամանակակից կառավարումն ու ամբողջ աշխարհն ընդհանրապես խոսում են կառավարման սուբյեկտների, բիզնես գործընթացների թվայնացման մասին: Կարծում եմ, որ այդ գործում արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջադեմներից է, և ակնկալում եմ ձեզնից համապատասխան առաջարկություններ՝ թուղթ ու գրիչով», — ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետության հարցին՝ վարչապետը հեռանկարային է համարել նախարար Դավիթ Տոնոյանի կողմից վերջերս կառավարություն ներկայացված հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը. «Մենք այդ ուղղությամբ համարձակ պետք է գնանք, որովհետև համեմատական վիճակագրությամբ հրթիռային հակակարկտային համակարգի և այսօրվա գործող համակարգի միջև սար ու ձորի տարբերություն է: Անկախ նրանից, թե դա ինչ ֆինանսական կարողություններ է պահանջում՝ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ մենք գյուղատնտեսության մեջ կարող ենք ստանալ, անհամեմատելի է: Այդ առումով պիլոտային ծրագիրն անելու ենք և դրանից հետո համապատասխան գումարներ՝ 10-12 մլն դոլար էր նախնական ներկայացված, միանշանակ հատկացնելու ենք»:

 

Կարեն Կարապետյանը հանձնարարել է գույքագրել առկա գազագեներատորային հակակարկտային կայանները՝ սեփականության ձև, տեխնիկական վիճակ, տեղակայման նպատակահարմարություն, և կարգավորել ոլորտի նորմատիվ դաշտը. «Պետք է բացառենք առանց ԱԻՆ-ի համաձայնության հակակարկտային կայանների տեղադրումը: Շատ կոշտ ձևակերպում եք, թե մեզ ինչ է պետք: Որովհետև այս բուտաֆորիան, որ մենք ունենք հակակարկտային համակարգ, որի էֆեկտը կրիտիկական դեպքերում, ձեր գնահատմամբ, 10 տոկոս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում: Մենք ակնկալում ենք ձեզնից շատ կոշտ կանոնակարգում»,- նշել է վարչապետը:

Վերջում Կարեն Կարապետյանը հանձնարարել է հնչած առաջարկությունները գրավոր ներկայացնել կառավարությանը՝ նշելով, որ դրանք կքննարկվեն և համապատասխան արձագանք կստանան. «Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացած նախարարություն է, և շատ մեծ աշխատանք է կատարված: Ձեզնից ակնկալում ենք ժամանակակից և խելացի կառավարում: Մենք նախարարի հետ մինչ այս հանդիպումը խոսել ենք այսօր առկա մի քանի հնարավորությունների մասին, և ճիշտ, խելացի կառավարման դեպքում դրանց էֆեկտը մեծ կլինի: Մենք ուշադրություն ենք դարձնելու զինվածությանը, ուսումնական ծրագրերին և բոլոր այն խնդիրներին, որոնք մեր գործընկերները բարձրացրեցին այսօր, որովհետև հասկանում ենք այս օղակի կարևորությունը»,- եզրափակել է կառավարության ղեկավարը: