Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

632
Տարածել

Այս տարվա մարտին («911.Արտակարգ թերթ», թիվ 9) տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հավատարմագրման գործընթաց է սկսել և դրա համար ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի 1486-Ն որոշմամբ սահմանված կարգով պայմանագիր կնքել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» հետ: Պայմանագրով սահմանվել է հավատարմագրման աշխատանքների ժամանակացույցը, ըստ որի՝ մայիսի 15-18-ը ակադեմիայում էր ազգային կենտրոնի փորձագիտական յոթ հոգանոց խումբը՝ ակադեմիայում ինստիտուցիոնալ փորձաքննություն իրականացնելու նպատակով: Խմբի կազմում են մասնագետներ Հայկական պետական մանկավարժական, Երևանի պետական բժշկական, պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններից, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության Սանկտ Պետերբուրգի հակահրդեհային ծառայության պետական համալսարանից:

Խումբը չորս օրում ավելի քան 20 հանդիպում ունեցավ ակադեմայի ռեկտորի, պրոռեկտորների, ուսումնական մասի պետի, որակի ապահովման կենտրոնի պետի, գործատուների, ֆակուլտետների դեկանների, մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, ամբիոնների վարիչների, ցիկլերի ղեկավարների, ուսանողների, շրջանավարտների հետ: Նաև ուսումնասիրեց փաստաթղթեր, ծանոթացավ ակադեմիայի ռեսուրսներին, այցելեց ակադեմիայի գործնական պարապմունքների «Լուսակերտ» բազա:

Փորձագիտական խմբի հանդիպումներին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ներկայացնում էին ինչպես ակադեմիայի մասնագետները, այնպես էլ ակադեմիայի խորհրդի նախագահ, ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, ԱԻՆ և փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ: Սա պատահական չէր. ակադեմիան արտակարգ իրավիճակների ոլորտի մասնագետներ պատրաստող միակ բուհն է, իսկ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները վերապատրաստման-որակի բարձրացման դասընթացներ են անցնում հենց ակադեմիայում:

Փորձագիտական խմբին հետաքրքիր էր բուհի մասին ամեն ինչ՝ գիտական խորհրդի նիստեր անցկացնելու կարգը, բուհի կրթական, գիտական, վերապատրաստման ծրագրերը, միջազգային համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները, հանրության հետ կապի ձևերը, կադրային ապահովումը, ուսանողական կյանքը և այլն:

Փորձագետների ոչ մի հարց անպատասխան չմնաց: Նրանք տեղեկացան, որ, օրինակ, փրկարարների մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված վարժանքներում բուհի ուսանողները տուժածների են նմանակում, ինչը յուրօրինակ գործնական դաս է հենց ապագա փրկարարի համար: Կամ՝ որ վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են ըստ վերապատրաստվողների զբաղեցրած պաշտոնների՝ որոշում կայացնող, որոշում իրականացնող և այլն: Կամ՝ որ այլ պետությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության ծրագրերով փրկարար ծառայության համար մասնագիտական գույք-սարքեր-սարքավորումներ են ձեռք բերվել, իսկ ակադեմիայում բացվել է նույն սարքեր-սարքավորումներով հագեցած մասնագիտացված լսարան:

Գործընթացի հաջող ավարտին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային կշնորհվի հավատարմագիր: