Գլխավոր Նորություններ ԳԼՈԲԱԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿԻԲԵՌԳՐՈՀՆԵՐ

ԳԼՈԲԱԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿԻԲԵՌԳՐՈՀՆԵՐ

579
Տարածել

Շորթիչ վիրուսի թիրախում նաև Հայաստանն է

Մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին հայտնի են WannaCry վիրուսից հայաստանյան համակարգիչների վարակման դեպքեր:

«Երրորդ օրն է, որ վիրուսը տարածվում է, աշխարհով մեկ վարակել է մոտ 200 հազար համակարգիչ: Հայաստանում, կարծում եմ, մոտ 1000 կամ 1000-ին չի հասնում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ներկայումս այդ ալիքն ինչ-որ առումով կանգ է առել, որովհետև իր մեջ պարունակում էր հատուկ անջատելու տարբերակ:

«Այսինքն՝ եթե ինչ-որ կոնկրետ «դոմեյն» գրանցվում է, ինքը կանգնում է: Մասնագետներից մեկը գտել էր ու, փաստացի, ալիքը կանգնեցրել էր»,- մանրամասնեց մեդիափորձագետը:

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում վիրուսով վարակման լուրջ ալիք չկա, սակայն նա չի բացառում ինչպես նոր ալիքի լինելը, այնպես էլ չլինելը:

Նշենք, որ կիբեռանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1,3 մլն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի դեպքում, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ կիբեռգրոհ է իրականացվել, և ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Եվրոպոլի» տնօրենը՝ կիբեռգրոհների շարքը կարող էր վերսկսվել մայիսի 15-֊ի առավոտյան։

Միջազգային լրահոսի համաձայն՝ հաղորդվել էր, որ գլոբալ կիբեռգրոհի հետևում կանգնած չարագործները մայիսի 12-ին համակարգիչներ են ախտահարել ամբողջ աշխարհում, քրիփթոարժույթով ավելի քան 42 հազար դոլար են ստացել վիրուսով վարակված համակարգիչների օգտատերերից։

Խոսելով վիրուսի հետևանքների մասին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ տեսականորեն վիրուսը կարող է վարակել անթիվ-անհամար համակարգիչներ, որովհետև այն վարակում է բոլոր այն համակարգիչները, որոնք Windows օպերացիոն համակարգով են աշխատում և «ափդեյթ» արված չեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարելի է անել այն դեպքերում, եթե համակարգիչն արդեն վարակված է WannaCry վիրուսով, ապա մեդիափորձագետը նշեց, որ այն մաքրել կարելի է ինքնուրույն՝ անտիվիրուսներով, սակայն արդեն վնասված «ֆայլերն» ինքնուրույն վերականգնել հնարավոր չէ:

«Առանց գումարի վերականգնելն այսօրվա դրությամբ հնարավոր չէ: Այսինքն՝ եթե համակարգչի տերն ունի շատ կարևոր փաստաթղթեր, կա՛մ պետք է վճարի (300 դոլար գործառնական համակարգից արգելափակումը հանելու համար.- խմբ.), կա՛մ հաշտվի այն մտքի հետ, որ դրանք հնարավոր չէ վերականգնել»,- ասաց նա:

 

Խմբ. կողմից — Վերջին տվյալով կիբեռգրոհի է ենթարկվել 150 երկրի 300 000 համակարգիչ: