Գլխավոր Նորություններ ԳԱՅԼԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ

ԳԱՅԼԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ

891
Տարածել

Գայլերը հզոր, խելացի, զգուշավոր գիշատիչներ են և կերակրվելու համար պատրաստ են ամեն ինչի: Ամեն տարի գյուղերում գայլերի հարձակման բազմաթիվ դեպքեր են գրանցվում: Շատ անգամ կեր հայթայթելու համար նույնիսկ հասնում են գյուղամեջ: Այս տարի գայլերի հարձակման վերջին դեպքը գրանցվել է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում: Մայիսի 13-ի լուսադեմին գայլերը պատուհանից մտել են անասնագոմ և հոշոտել Սմբատ Թոթոլյանին պատկանող ոչխարները: 6-ը սատկել է, 3-ը փախել, անհետ կորել, իսկ 10-ը՝ վիրավորվել: «Առավոտ շուտ եկա, որ ոչխարներին դուրս անեմ գոմից ու տեսա՝ անասունները քրքրված դես ու դեն են ընկած: Գյուղացիք ասացին՝ երկու գայլ են տեսել փախնելիս…»,- նեղված պատմում է տուժած գյուղացին, որը վարկով էր գնել ոչխարները: Սա մեկ շաբաթվա ընթացքում գայլերի գյուղ ներխուժման երրորդ դեպքն էր: Առաջին անգամ գայլերն առանց ավարի էին հեռացել անտառ, մի քանի օր անց՝ մայիսի 11-ի լուսադեմին էլ գայլերի խումբը հոշոտել էր համագյուղացի Գոհար Դոխոլյանին պատկանող 30 ոչխարները, որոնք բնակչուհին կրկին վարկով էր գնել:

Գյուղապետարանի հանձնաժողովը հաշվարկել է գայլերի հասցրած վնասները և ներկայացրել համապատասխան մարմիններին: Այժմ տուժած բնակիչներն ակնկալում են փոխհատուցում ստանալ:

Գայլերը հատկապես ակտիվանում են գարնան ամիսներին, երբ զուգավորվում են,  էգերին լավ սնվել է պետք, նրանք ձագերին պետք է կերակրեն։ Գյուղացիներն ասում են, որ գայլերից պաշտպանվելու ոչ մի միջոց չունեն. որսալ չի թույլատրվում, թակարդներ պատրաստելու համար էլ պետք է նախապես իմանալ, թե որ կողմից են կենդանիները հարձակվելու, իսկ գայլերը գրեթե միշտ կարողանում են խույս տալ թակարդներից: Գյուղացիները նաև փաստում են, որ վերջին տարիներին գայլերի հարձակման դեպքերն ավելացել են:

Բնապահպանները նշում են, որ մեղավորության բաժին ունեն նաև գյուղացիները, որոնք անասունները պահում են վատ ամրացված անասնագոմերում: Առավել վտանգավոր է, երբ որսի դուրս եկած գայլերի հարձակման թիրախում հայտնվում են մարդիկ:

 

Ինչպե՞ս խուսափել

հարձակումից

Գիշատիչներին դեմ առ դեմ հանդիպելիս՝ խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել, խիզախ գտնվել և անմիջապես չփախչել գիշատչի տեսադաշտից, հնարավորինս խոշորամարմին տեսքով ներկայանալ կենդանուն, ագրեսիվ վարք դրսևորել, հնարավորինս ուժեղ բղավել, բարձր ծափահարել, եթե ձեռքի տակ երկաթե իրեր կան, դրանք միմյանց զարկել, ինչից հետո, օգտվելով հարմար իրավիճակից, թաքնվել կենդանուց: Չպետք է վախենալ, քանի որ  գայլերը կարող  են զգալ ձեր վախը և նախահարձակ լինել: Իսկ գայլին առաջինը նկատելու դեպքում՝ հարկավոր է անձայն հեռանալ ու շատ զգույշ լինել, քանի որ գայլերը ոհմակով են շրջում: Գիշատչին տեսնելիս առաջին սխալը, որ մարդիկ անում են, հետ շրջվելն ու  արագ փախչելն է, ինչն արթնացնում է հարձակողական բնազդը: Գայլերն ավելի արագավազ են և շուտ կհասնեն փախչողին: Ուստի խորհուրդ է տրվում չփախչել, այլ պետք է աչքերի կոնտակտը պահելով՝ դանդաղ նահանջել:

 

Ինչպե՞ս արձագանքել

վտանգին

Եթե գայլը, այնուամենայնիվ, հարձակվում է, ապա պետք է ձեռքի տակ ընկած իրերով վախեցնել նրան: Գայլերը մեծամասամբ հեռանում են լուրջ պայքարի դեպքում, երբ դրանից վտանգ են զգում: Եթե գայլից հաջողվում է փախչել, ապա ճիշտ կլինի բարձրանալ ծառի կամ ավելի լավ է՝ մեքենայի վրա, թաքնվել որևէ շինության մեջ և դուրս չգալ՝ մինչև օգնության հասնելը,  քանի որ քաղցած գայլերը միանգամից չեն հեռանում, այլ սպասում են հարձակման հարմար առիթի: Անտառային հանգստի սիրահարներն էլ պետք է հիշեն, որ վրաններում գիշերելն անվտանգ չէ, ուստի չպետք է մոռանալ ծխառատ կրակ վառելու մասին. գայլերը վախենում են կրակից և խորշում են ծխից: Մյուս կարևոր խորհուրդը. պետք է խուսափել գայլերի ոռնոցը նմանակելուց, քանի որ այդպիսով կգրավվի մյուս գայլերի ուշադրությունը, որովհետև գայլերը հաղորդակցվում են ոռնոցով և օգնության էլ կանչում են ոռնոցով: