Գլխավոր Նորություններ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՔԱՐԱԹԱՓՈՒՄ

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՔԱՐԱԹԱՓՈՒՄ

823
Տարածել

Օրերս Լոռվա մարզի Քարինջ գյուղը Թումանյան համայնքին կապող միակ ճանապարհը երթևեկության համար դարձել էր վտանգավոր: Պատճառը՝ ճանապարհի հարակից լանջին ի հայտ եկած քարաթափման օջախներն էին, որոնք առաջանում են գարնան հալոցքից ու անձրևներից հետո: Ճանապարհի վրա էին կախվել ժայռաբեկորներ, որոնք կարող էին թափվել և վտանգել երթևեկությունը՝ փակելով գյուղն արտաքին աշխարհին կապող միակ ուղին: Վտանգը կանխելու նպատակով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին էր դիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանը՝ խնդրելով ավտոճանապարհին առկա քարաթափման վտանգավոր հատվածում իրականացնել քարերի հեռացման  աշխատանքներ:

Նախարարի հրամանով՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, տեղում ուսումնասիրել իրավիճակը և պարզել, որ  ավտոճանապարհի մոտ 500 մ հատվածը քարաթափման վտանգի տակ է, մինչև 50 մ բարձրության վրա ժայռից առանձնացած և կիսակախված ժայռաբեկորներ կան, որոնք սեյսմիկ ցնցումների, ձնհալի, տեղումների և հողմահարման հետևանքով կարող են ամեն վայրկյան գահավիժել: Փրկարարական ութ հոգանոց խումբը, ժայռի վերևից պարաններով հասնելով թուլացած քարերին, հիդրավլիկ համակարգի, բադիկի, ինչպես նաև լինգի միջոցով քարաթափեց վտանգավոր տեղանքը: «Երեք օր տևած աշխատանքները կատարվեցին մի քանի փուլով: 500 մ ճանապարհահատվածը բաժանել էինք երեք տեղամասի՝ ժամանակ առ ժամանակ դադարեցրել ճանապարհի երթևեկությունը: Կանխարգելիչ աշխատանքները տևեցին երեք օր: Քարաթափման վտանգն արդեն նվազել է»,- հայտնեց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանը:

Փրկարարների աշխատանքներին աջակցել են նաև Քարինջի բնակիչները:  Քարինջի գյուղապետ Նորիկ Մկրտումյանի խոսքով՝ ճանապարհի սկզբնամասում  քարաթափման վտանգն առաջացել էր դեռևս տասնյակ տարիներ առաջ, երբ պայթեցումների միջոցով ճանապարհը կառուցելիս, լանջերին ճեղքեր էին գոյացել: «Փրկարարների շնորհիվ քարաթափման վտանգը նվազել է: Գյուղի բնակչությունը շնորհակալություն է հայտնում փրկարարներին բարդ ու դժվարին աշխատանքի համար»,- ասաց զրուցակիցս և հավելեց, որ 700 բնակիչ ունեցող գյուղի ճանապարհն այժմ դարձել է անվտանգ: