Գլխավոր Նորություններ ԱՆՏԱՌՆ ԸՆԴԴԵՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ

ԱՆՏԱՌՆ ԸՆԴԴԵՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ

847
Տարածել

Հայաստանը կունենա անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգ

Մայիսի 1-5-ը Նյու Յորքում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության անտառների 12-րդ ֆորումը: Հաստատվել է 2017-2030 ժամանակահատվածի ռազմավարական պլանն ու 2017-2020 թթ. գործողությունների ծրագիրը: Անտառը կլիմայի փոփոխության, գլոբալ տաքացման բնապահպանական արտակարգ իրավիճակների դեմ հզոր «զենք» է, անփոխարինելի միջոց ջրհեղեղների, սողանքների դեմ պայքարում:

 

2017-2030 թթ. ռազմավարությամբ սահմանվել է 6 հիմնական և 26 հարակից թիրախ-նպատակ. անտառների և անտառից դուրս ծառերի արդյունավետ կառավարում, անտառահատումների դադարեցում, անտառների դեգրադացիայի նվազեցում և վերացում, կենսաբազմազանության պահպանմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր և այլն: Այս ամենը 1992 թվականին ընդունված «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի, 2000 թվականին ընդունված «Կայուն զարգացում 2030 օրակարգի» և 2015 թվականին ընդունված «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզի համաձայնագրի տրամաբանության մեջ է: «Կայուն զարգացում 2030 օրակարգի» 17 նպատակից ութը աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ են, իսկ կլիմայի փոփոխության վերաբերյալ փաստաթղթերում արձանագրված է, որ Երկիր մոլորակի վրա անտառահատումների արդյունքում վերջին 10 տարում ջերմոցային գազերի ծավալը մթնոլորտում աճում է տարեկան 10 տոկոսով:

2017-2020 թթ. գործողությունների ծրագիրը ենթադրում է տարբեր ձևաչափերով սեմինարներ, երկխոսություն, խորհրդատվություն, հաջողված փորձի փոխանակում և այլն:

Այս տարվա հունիսի 1-3 հատվածում Քենիայում անցկացվելու է «Շրջակա միջավայր և արտակարգ իրավիճակներ» երկրորդ ֆորումը: Առաջինն անցկացվել է 2015-ին՝ Նորվեգիայում: Անտառների ֆորումն ու ընդունված փաստաթղթերը Շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների ֆորումի յուրօրինակ նախապատրաստություն են:

Բնապահպանական արտակարգ իրավիճակները սպառնում են բոլոր երկրներին: Հայաստանում նման պատահար վերջին անգամ գրանցվել է մոտ մեկ տարի առաջ՝ 2016-ի հունիսին, երբ Արթիկ քաղաքը ողողվեց սելավով: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեղան, սակայն շատ մեծ էր նյութական վնասը: Կոլումբիայում գրանցված մի ջրհեղեղից տուժել է 500 բնակավայր, ԱՄՆ-ում մի ջրհեղեղ մոտ 3 միլիարդ դոլարի նյութական վնաս է հասցրել: Ցավոք, սրանք եզակի դեպքեր չեն ու մեկ անգամ չէ, որ ապացուցվել է բնապահպանական արտակարգ իրավիճակների առաջացման միակ մեղավորը մարդն է՝ զանգվածային անտառահատումներով, սխալ շինարարությամբ, բնության օրենքներն անտեսելու գործելաոճով: Վերջին 40 տարում բնապահպանական արտակարգ իրավիճակներից մարդկային զոհերի քանակը կրկնապատկվել է:

Մասնագետներն առաջարկում են այս աղետներին դիմակայելու, ռիսկերը կառավարելու համար ներդնել վաղ ազդարարման համակարգեր, սելավավտանգ տեղանքում սելավատար կառուցել, ունենալ տարհանման պլան և այլն: Սակայն ոչ մի միջոցառում չի փոխարինի անտառին: Անտառը կլանում է ածխաթթու գազը՝ գլոբալ տաքացման աղբյուրը, կանխում սողանքը, սելավը, անապատացումը, պահպանում հողի որակը, մեկ առողջ ծառը տալիս է այնքան զովություն, որքան կստացվի, եթե 10 օդորակիչ միասին աշխատեն 20 ժամ անընդմեջ: Անտառը բնական պաշտպանական կառույց է: Անտառապահպանության և ծառերի նկատմամբ հոգատար վերաբերմունքի հարթությունում առաջատար են Նորվեգիան, Շվեյցարիան՝ այս երկրներում անտառապատ է տարածքի 75 տոկոսը, Ճապոնիան՝ 65 տոկոս, Սլովենիան՝ 60, Իսպանիան՝ 50 տոկոս, Կանադան՝ 45 և այլն:

Աշխարհում ծառերի քանակը մոտ 50 անգամ շատ է մարդկանց քանակից, սակայն մարդն անխնա հատում է անտառը, և այս հարաբերակցությունը մշտապես փոփոխվում է:

Հայաստանը անտառներով հարուստ չէ, անտառածածկ է տարածքի մոտ 20 տոկոսը, սակայն այդ թիվը մեծացնելու ծրագրեր կան: Մայիսի 13-ին վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Հայեցակարգի նպատակներն են. անտառային ոլորտի կայուն կառավարումը, անտառների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավումն ու ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, քայքայված անտառային ռեսուրսների վերականգնումը, անտառածածկի ավելացումը, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական նշանակության գործառույթների պահպանումն ու զարգացումը: Նման քննարկումներ դեռ էլի կլինեն: Կառավարությունը մտադիր է հայեցակարգը հաստատել հնարավորինս սեղմ ժամկետում: