Գլխավոր Նորություններ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԶԻՓԼԱՅՆԸ՝ ԵՆՈՔԱՎԱՆՈՒՄ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԶԻՓԼԱՅՆԸ՝ ԵՆՈՔԱՎԱՆՈՒՄ

877
Տարածել

Իջևանից 11 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղը դարձել է զբոսաշրջության ակտիվ գոտի: Այստեղ հանգիստը լիարժեք վայելելու տարատեսակ հնարավորություններ կան. խորովածի պատրաստում, մասնակցություն հացաթխմանը, ժայռամագլցում, քայլարշավ-ձիարշավներ ալպիական մարգագետիններով… Բնության այս գողտրիկ անկյունում է գտնվում նաև Yell Extreme Park-ը՝ առաջինը Հայաստանում, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն օգտվելու էքստրեմալ սպորտի մի շարք ծառայություններից՝ zip line (պողպատե ճոպանով թռիչք անդունդի վրայով), paragliding (թռիչք գլխապտույտ բարձունքից),  rope park (ճոպանով փորձություններ ծառերի վրայով), օff-road (ավտոերթեր ճանապարհազուրկ տեղանքներով), mountain biking (լեռնային հեծանվասպորտ) և այլն: Առաջիկայում այստեղ ծրագրվում է կառուցել նաև աշխարհի ամենաերկար զիփլայնը: Ծովի մակերևույթից մոտ 1300 մ բարձրություն ունեցող տեղանքում զիփլայն կառուցելու գաղափարը  Yell Extreme Park-ինն է՝ վերը նշված էքստրեմալ նախագծերի հիմնադրինը: Զիփլայնի բարձրությունը լինելու է 200-300 մ, երկարությունը՝ 2680: Մինչև 120 կմ/ժ արագությամբ զիփլայնով թռիչքը կտևի 3 րոպե: Համեմատության համար նշենք՝ աշխարհի ամենաերկար զիփլայնը  Մեքսիկայում է՝ 2545 մ, Ենոքավանինը՝ ավելի քան 100 մ-ով երկար:

Ծրագրի իրականացման նպատակով՝ մայիսի 4-ից Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում մեկնարկել է դրամահավաք: Նախագծի ընդհանուր արժեքը  200 հազար դոլար է, որից 180 հազարն արդեն կա: Մեկնարկած դրամահավաքը կտեևի 30 օր, անհրաժեշտ է հավաքել մնացած 20 հազար դոլարը:

2015-ից Ենոքավանում իրագործվող Yell Extreme Park նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը մեզ տեղեկացրեց, որ մայիսի 9-ի դրությամբ դրամահավաքին արդեն միացել է մոտ 70 հոգի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ամերիկայից, ինչպես հայեր, այնպես էլ օտարազգիներ: «Կարծում եմ ամառվա կեսերին մեզ կհաջողվի կառուցել զիփլյանը: Զիփլայնը կգործարկենք ԱԻՆ-ի մասնագետների փորձարկումից և թույլտվությունից հետո միայն»,- նշեց զրուցակիցս և տեղեկացրեց, որ գյուղում արդեն կա զիփլայնի 5 գիծ, սա կլինի 6-րդը և ամենաերկարը: «Մեր ընտանիքն արդեն 14 տարի է՝ Ենոքավանում տուրիզմի զարգացմամբ է զբաղվում, այս նախաձեռնությունն ընդհանուր ծրագրի մի մասն է կազմում»,- ասաց Տիգրան Չիբուխչյանը՝ հավելելով, որ անկախ հավաքագրվող գումարի չափից՝  նախագիծն իրագործվելու է: Իսկ դրամահավաքն ընդամենը միջոց էր, որ այս մասին իմանան աշխարհում և նախագծի շուրջ համախմբվեն տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցները:

2016-ին 10 հազար զբոսաշրջիկ է այցելել Ենոքավան՝ մոտ 25 տոկոսը այլ երկրներից: Հարցին, թե ովքե՞ր են հիմնականում այցելում, գյուղապետը պատասխանեց. «Բայց ովքե՞ր չեն գալիս. եվրոպացի, արաբ, աֆրիկացի, ինչ ազգի ներկայացուցիչ ասես՝ գալիս են: Մեր բնությունը գրավում է բոլորին, օդը՝ անապական, բնամթերքը՝ էկոլոգիապես մաքուր, հանգստի կազմակերպման միջոցներն էլ բազմազան, իսկ տեղացիներն էլ անսահման հյուրընկալ ու բարեսիրտ»: Գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի խոսքով՝ ոչ ոք գյուղից դժգոհ չի հեռացել: Գյուղում այսօր 4 հանգստյան տներ կան, շուտով դրանց  կավելանա ևս մեկ յուրօրինակը:

Տուրիզմի շնորհիվ օրեցօր համայնքի կյանքն ավելի է աշխուժանում՝ փաստում է գյուղապետը: Ենոքավանի զարգացման ծրագրերը նաև կառավարության ուշադրության կենտրոնում են: 612 բնակիչ ունեցող գյուղից արտագաղթ չկա: