Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

668
Տարածել

Քաղաքացին արգելափակվել է հարևանի պատշգամբում

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է ավելի քան 30 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Գետերի ու լճերի ափերին կամ այլ վայրերում ցեխակույտի մեջ արգելափակված 10 մեքենա է հանվել երթևեկելի մաս:

Այլ կանչեր. Արագածոտնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Արագած լեռան լանջին (դժվարանցանելի հատվածում) քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները 73-ամյա տղամարդուն փրկարարական ավտոմեքենայով մոտ 3 կմ տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության մեքենային: Արմավիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Էջմիածին քաղաքի Կիրովի փողոցի մի շենքի մի բնակարանում տնեցիներն իրենց ընտանիքի 58-ամյա անդամին  փակել են տանը, նա փորձել է դուրս գալ հարևանի պատշգամբով, սակայն հարևանների բացակայության պատճառով արգելափակվել է պատշգամբում: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն իջեցրել են 2-րդ հարկի պատշգամբից: Նույն մարզի փրկարարները Մրգաստան գյուղում քաղաքացուն օգնել են 12 մետր խորությամբ ջրհորից հանել կովը (սատկած): Իսկ Վայոց ձորի փրկարարները Մալիշկա գյուղում ձորակից հանել են հովվին և 50 գառ: Գեղարքունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Նորատուս գյուղի մոտակայքում մի մեքենայի անիվը վնասվել է, անհրաժեշտ է օգնություն: Փրկարարներն օգնել են քաղաքացուն փոխել անվադողը: Հորդառատ անձրևների պատճառով ջրալցվել է Կոտայքի Մայակովսկի գյուղի տներից մեկի նկուղը: Հրշեջ-փրկարարները հեռացրել են մոտ 150 տոննա ջուր: