Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Վարակներ. կանխարգելում, պատվաստում

Վարակներ. կանխարգելում, պատվաստում

621
Տարածել

Վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար անհրաժեշտ քայլերը.

Պահպանեք անձնական, հատկապես, ձեռքերի հիգիենան, օդակաթիլային վարակների դեպքում հիվանդի հետ շփման ժամանակ դիմակ կրեք, սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործեք պահպանակ, խուսափեք պատահական սեռական կապերից, պայքարեք տնային միջատների (ճանճեր, մոծակներ, ուտիճներ) և մակաբույծների (տզեր, ոջիլներ, լվեր) դեմ: Միջատները վարակների հարուցիչ փոխանցող են, օգտագործեք միայն խանութից գնված որակյալ սննդամթերք, մի օգտագործեք ժամկետանց կամ ոչ սառնարանային պայմաններում պահված, փողոցում վաճառվող մթերք, օգտագործելուց առաջ հոսող ջրի տակ մանրակրկիտ լվացեք միրգը և բանջարեղենը, լիարժեք սնվեք, թերսնուցումը թուլացնում է մարմինը, հեշտացնում վարակիչ հիվանդությունների զարգացումը, օգտագործեք միայն ջրմուղի քլորացված կամ խանութից գնված շշլցված ջուր:

Վարակը կանխարգելող ապահով միջոց է պատվաստումը: Սա հիվանդության սպանված կամ թուլացված հարուցիչների, երբեմն էլ` նրանց արտադրած թուլացված թույների ներմուծումն է մարդու մարմին: Դրա հետևանքով մարմնում արտադրվում են հակամարմիններ, որոնք հետագայում պայքարում են այդ վարակի դեմ: Երբեմն մարմին ներմուծվում են հարուցիչի դեմ պատրաստի հակամարմիններ: Պատվաստումն արդյունավետ է տուբերկուլոզի, դիֆթերիայի, կապույտ հազի, խոզուկի, կարմրուկի, պոլիոմիելիտի, փայտացման դեմ: Բազմաթիվ երկրներում, նաև Հայաստանում պետության խիստ հսկողությամբ իրականացվում է երեխաների պատրաստվում՝ անկախ համաճարակային իրավիճակից: Չի կարելի խուսափել պատվաստումներից, քանի որ շատ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան բուժել այն: Փայտացում, կատաղություն, պոլիոմիելիտ և այլ վարակների դեպքում պատվաստումը միակ արդյունավետ միջոցն է, քանի որ հիվանդության դրսևորումից հետո բուժումը գրեթե անհնար է: Որովայնային տիֆի, հեպատիտ B-ի, ժանտախտի, խոլերայի, սիբիրյան խոցի, բրուցելոզի և մի քանի այլ հիվանդությունների դեմ պատվաստումները կատարվում են վարակի աղբյուրի հայտնաբերման վայրում:

Վարակիչ հիվանդության կասկածի դեպքում անմիջապես դիմեք բժշկի և հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին ու նրա անձնական օգտագործման իրերը շրջապատից:

Վարակված մարդուն առաջին օգնության ցուցաբերման ընթացքում անհրաժեշտ Է ձեռնարկել քայլեր, որպեսզի դուք չվարակվեք, իսկ վերքերի դեպքում նվազեցնեք վարակի ներթափանցումը: Դրա համար արյունահոսության դադարեցման և վերքերի վիրակապման ժամանակ խուսափեք տուժածի արյան հետ անմիջական շփումից, հնարավորության դեպքում օգտվեք ստերիլ ձեռնոցներից, օգնություն ցուցաբերելիս ձեռքերով մի դիպեք տուժածի բերանին, քթին, աչքերին և խուսափեք որևէ բան ուտելուց կամ խմելուց, արհեստական շնչառություն կատարելիս օգտագործեք պաշտպանական դիմակ: Օգնությունը ցուցաբերելուց առաջ և անմիջապես հետո մանրակրկիտ լվացեք ձեռքերն օճառով կամ ախտահանիչ միջոցով, օրինակ, օղիով: