Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՊԱՏՎՈՎ ԿՐԵԼՈՎ Ե՛Վ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ, Ե՛Վ ԿՈՉՈՒՄԸ

ՊԱՏՎՈՎ ԿՐԵԼՈՎ Ե՛Վ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ, Ե՛Վ ԿՈՉՈՒՄԸ

563
Տարածել

Կարող ես` օգնիր մարդուն, չես կարող`մի՛ խանգարիր

«Այլ կերպ ինձ չեմ պատկերացնում: Իմ հոգեբանությամբ ու բնավորությամբ ինչ բնագավառում էլ որ աշխատեի, միևնույն է, մարդկանց էի օգնելու. չէի կարող վատություն անել: Կարող ես` օգնիր մարդուն, չես կարող`մի խանգարիր. այդ նշանաբանով եմ ես աշխատում»,- անկեղծանում է Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Պարույր Սահակյանը և նշում, որ երբեք չի մոռանա հատկապես այն դեպքերը, երբ ինչ-որ տեղ են պատահաբար մտել հրշեջներով, և մարդիկ իրենց դիմավորել են հոտնկայս, ասելով` մեր փրկարար ախպերները եկան. «Այսօր ես պատվով եմ կրում և՛ իմ համազգեստը, և՛ իմ կոչումը, նաև՝ պատվով կատարում ինձ վրա դրված պարտականությունները, և միշտ հպարտ կանգնած եմ իմ անձնակազմի կողքին»:

Մասնագիտությամբ իրավագետ, Արտաշատ քաղաքի «Արտաշատ» համալսարանի շրջանավարտ հրամանատարը 1999-2001 թթ. նախ ծառայել է Հայկական բանակում, ապա 2004 թ. նոյեմբերից ծառայության է անցել Արտակարգ իրավիճակների վարչությունում, որպես Արարատի մարզային հակահրդեհային տեսուչ: Այնուհետև 8 տարի` 2005-2013 թթ.  աշխատել է Վեդիի ՀՓՋ-ում, որպես հրամանատարի տեղակալ, որից հետո, մի կարճ ժամանակ, եղել է Արարատի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, իսկ 2013-ի նոյեմբերից արդեն Վեդիի ՀՓՋ հրամանատարն է: Նկատում է, որ հրամանատարի աշխատանքն իր համար մատչելի էր հենց առաջին պահից և որևէ դժվարություն չի ներկայացրել, քանի որ լավ ճանաչում էր անձնակազմին, մեկ առ մեկ գիտեր տղաներին, ծանոթ էր նրանց հնարավորություններին: Բացի դրանից, մարդկայնորեն գիտեր բոլորի դարդ ու ցավը, և միմյանց հասկանում էին կես խոսքից ու մինչ օրս էլ այդպես է: «Մարդկային հարաբերություններն իրենց տեղն ունեն, բայց առաջնահերթ պետք է հասկանանք, որ սա ծառայություն է, այնպես չի` գալիս ենք գործի ու գնում: Այս 13 տարվա մեջ ես դեռ հանգիստ քնած չկամ, անընդհատ սպասում եմ, որ հիմա հանկարծ մի բան կլինի, մի դեպք կպատահի: Երազումս էլ հրդեհ տեսնելիս` քնիս մեջ վեր եմ թռչում: Չի եղել դեռ, որ գնամ քեֆ-ուրախության կամ ինչ-որ մի արարողության, և չզանգեն ու չկանչեն հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի առիթով: Կարելի է ասել, որ 24 ժամ, 365 օր ծառայության մեջ ենք, միշտ պատրաստ…»,- նշում է Պարույր Սահակյանը:

2 երեխա ունի հրամանատարը և ասում է՝ երբ հարցնում են 9 տարեկան տղային, թե ի՞նչ է ուզում դառնալ, պատասխանում է` հրշեջ նախարար: Նկատում է նաև, որ երեխաներն էլ փոքր տարիքից դաստիարակվում են նույն հոգեբանությամբ` աչքի առջև ունենալով փրակարարի կերպարը. «Տան միակ փրկարարը ես եմ, բայց ամբողջ ընտանիքը հետս ծառայում է: Երբ գիշերվա կեսին տագնապով կանչում են, ինձ հետ միասին ողջ ընտանիքը ոտքի վրա է, բոլորն էլ լարված վիճակում են` կինս, ծնողներս, երեխաներս»: Նշում է նաև, որ դեռ չի եղել մի դեպք, որին ինքը կամ հրամանատարի տեղակալ Գարեգին Ղազարյանը ներկա չգտնվեն. «Այդ պահերին և՛ հրամանատար ենք, և՛ շարքային հրշեջ ենք, և մեր տղաների ընկերը, իսկ վտանգի պահին կանգնած ենք առջևում՝ ուս ուսի»:

Հրամանատարի համար անձնակազմն ընտանիք է, և բոլորին նայում է հավասար աչքով. «Թերացողին չեմ նվաստացնում, փորձս փոխանցելով՝ բարձրացնում եմ այն տեղը` որտեղ ինքը միշտ պետք է լինի: Մեկս մյուսին պետք է լրացնի, և բաց տեղեր չպետք է մնան: Բարոյահոգեբանական մթնոլորտն այնպիսին է, որ ջոկատ մտնողը պետք է պահպանի ընտանիքի ավանդույթը: Սովորեցնում ենք միմյանց հարգել, հասարակության մեջ վարվելակերպ ունենալ, չարատավորել համազգեստի պատիվը: Նախ պետք է հասկանան, որ օգնում են մարդուն, և փրկարար կոչումն հենց այնպես չի տրված իրենց»:  Նկատում է նաև, որ պատահական մարդիկ չկան ջոկատում, շատերն են եկել՝ փորձաշրջան անցել ու հասկացել են, որ իրենց տեղը չէ, ու գնացել են. «Աշխատանքի մեջ իրենց հրամանատարն եմ, աշխատանքից դուրս` իրենց ընկերը: Ապրում եմ յուրաքանչյուրի խնդրով ու հոգսով, հնարավորության դեպքում օգնում, աջակցում եմ, եթե կարողանում եմ, և նման դեպքերում ինձ լավ եմ զգում: Մեր աշխատանքը թելադրում է նաև կամեցողություն, բարություն, եթե դու այդպիսին չլինես, չես կարող աշխատանքում մարդկանց պետք գալ ու օգնել, էությամբ փրկարար համարվել: Իմ նպատակն է հասարակության մեջ նախ ինձ դրսևորել որպես մարդ, նոր հետո՝ ծառայող, քանի որ առանց առաջինի երկրորդը չի կարող լիարժեք լինել»:

Փ/ծ փոխգնդապետը գլխով անցած-գնացած բոլոր դեպքերն էլ հիշում է, սակայն հեշտ կամ հաճելի որևէ հիշողություն չունի, բոլոր դեպքերն էլ դժվար են եղել. «Եթե մի բանի անունը կրակ է, վթար է, ո՞նց կարող է հեշտ լինել: Աշխատում ենք մոռանալ, հարմար պատմություններ չեն գրելու համար»: Փոխարենը փորձում է ուրախ առիթներ հիշել. «Մի սմենի պետ ունեինք, գրել չէր սիրում, ամեն անգամ արձանագրություն կազմելիս ասում էր` Մեսրոպ Մաշտոցն էս ի՞նչ կրակի մեջ է ինձ գցել: Շատ լավ հրշեջ էր, պինդ տղա, բայց 8-ամյա կրթություն ուներ»: Հետո ժպիտը քողարկելով` ավելացնում է, որ ոչ ոք ապահովագրված չէ վտանգներից, ու հիշում. «Տարիներ առաջ էր, Սարգսյան Գեղամ ունեինք, հիմա հանգստի է անցել, գոմի հրդեհաշիջման ժամանակ, փողրակով ներսում աշխատում էր, այրվող գերանն առաստաղից պոկվեց և ընկավ ուսին ու պարանոցին, բայց մինչև վերջ աշխատեց: Թափ տվեց իրեն ու շարունակեց հրդեհաշիջումը` առանց փոխարինվելու: Ավարտեցիք, եկանք հրշեջ մաս, նոր ասաց` վիզս այրվել է: Կրակը շիջելու ընթացքում մի ձեռքով ջրից լցրել էր այրվածքին` վերքը հովացրել, մինչև գործը կավարտեր»:

Այդուհանդերձ, հրամանատարը ժպիտով հիշում է ծառայության առաջին դեպքը. «Նոր էի աշխատում տեսուչ, հրդեհից հետո պետք է արձանագրեի դեպքը, 6 հատ ավտոտնակի տանիք էր այրվել, ես էլ՝ ջահել ու անփորձ տղա, մտածեցի գործս հեշտացնելու համար մեկ առ մեկ չանդրադառնամ, բոլոր տնակներն էլ մի արձանագրության մեջ գրեմ: Այն ժամանակվա մեր պետը` Սամվել Արշակյանը, ականջը կանչի, ասաց` Պարույր ջան, երբ ես էլ էի ջահել, քո նման էի մտածում, պիտի վեցից էլ բացատրություն վերցնես, բա որ մեկի տերը բողոքի՞: Այդպես կոնկրետ գործողությունների մեջ մտա: Հիմա, որ տագնապի զանգ եմ լսում, անկախ ինձանից գնում եմ դեպքի վայր, առանց սպասելու` այդ պահին պետք եմ, թե պետք չեմ: Աշխատանքից դուրս էլ, ճանապարհին կամ որևէ տեղ, երբ դեպքի եմ հանդիպում, անմիջապես դառնում եմ մասնակից հետևանքները վերացնելու գործին` մասնագիտական հմտություն ցուցաբերելով, առանց հարցնելու կամ օգնության կանչի սպասելու»: Մասնագիտությունը դարձել է էություն, մտածելակերպ, կյանքի մաս, առանց որի չես կարող օրդ պատկերացնել: Դու այդպես ես ապրում, նաև մարմինդ է քեզ մղում գործողության մեջ մտնել, երբեմն էլ՝ ինքնաբերաբար, մինչև կհասցնես գիտակցել:

Հրամանատարը հպարտությամբ նշում է, որ տղաները նաև ֆուտբոլում են իրենց արդարացնում, որ օրեր առաջ Արցախյան ազատամարտի հերոս Անդրանիկ Զոհրաբանին նվիրված համայնքային հուշամրցաշարում Վեդիի ՀՓՋ-ն առաջնությունում գրավել է 2-րդ տեղը: Իր և ջոկատի ուժերին վստահ ու դժգոհել չսիրող փ/ծ փոխգնդապետը նշում է նաև, որ և՛ շենքային պայմանները, և՛ առհասարակ ամեն ինչ բավարարում է. «Ինչ ունեինք` պահպանել ենք, ինչ էլ չունեինք` ստեղծել ենք, լավ կլիներ, որ տեխնիկան թարմացվեր, որպեսզի ավելի արդյունավետ լիներ աշխատանքը: Բոլոր դեպքերն էլ, մեծ թե փոքր, կանխում ենք ընդամենը 5-6 հոգով, քանի որ ամեն հերթափոխում այդքան հրշեջ-փրկարար ենք»:

Վեդիի հրշեջ-փրկարարներին և հրամանատարին հպարտությամբ գնահատում է նաև Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանը, ընդգծելով, որ հմուտ են և փորձառու, բոլորն էլ պատրաստված տղաներ են և իրենց առջև դրված պարտականությունները կատարում են լիարժեք. «Հրամանատարը` Պարույր Սահակյանն անցել է փորձություններով լի և երկարատև ճանապարհ, եղել է և՛ տեսուչ, և՛ հրամանատարի տեղակալ, այսօր էլ իր հրամանատարությամբ ջոկատը լուծում է բոլոր խնդիրները և իրականացնում հարգանքի արժանի ծառայություն»: