Գլխավոր ՀՀ ԱԻՆ «ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ»

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ»

625
Տարածել

ՀՓՋ-ն հարազատ օջախ է, գնալուց հետո էլ մեր տունն է մնալու

Մայիս ամսին Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմը պատրաստվում է հրաժեշտ տալ իր երեք փորձառու հրշեջ-փրկարարներին և ճանապարհել հանգստի: Նրանք գրեթե մի ամբողջ կյանք են նվիրել ծառայությանը, որը տասնամյակներով է չափվում, և իրենց նվիրվածության ու հմտության շնորհիվ վաստակել են անփոխարինելի համարվելու հարգանքն ու պատիվը: Այդ սարերում ու ձորերում մեծացած մարդիկ են, տարածքին ծանոթ և լավ գիտեն, թե որ ճանապարհն է դժվար և որ ճանապարհով կարելի է հեշտ անցնել: Անկախ նրանից՝ ծառայության մեջ են, թե իրենց հանգստի օրն է, տագնապի ժամանակ, հենց ճանապարհից, միանում են ընկերներին ու մեկնում դեպքի վայր և իրենց հմտությունն ու փորձը կիրառում: Վստահ ու անհոգ ասում են, որ հանգստի մեկնելուց հետո էլ մնալու են հրշեջ-փրկարար և հարկ եղած դեպքում օգնելու են ջոկատին, որ իրենց հողն ու տարածքն է, հրդեհի դեպքում ինչպե՞ս կարող են ձեռքները ծալած նստել, իրենցից լավ ուրիշ ո՞վ է հասկանում էս սար ու ձորի, անտառի լեզուն:

15 տարվա փորձառություն ունի փ/ծ սերժանտ Հակոբ Կարապետյանը և հենց այդ հայացքով էլ նայում է կյանքին ու աշխարհին՝ որպես հմուտ և փորձություններով լի ճանապարհ անցած հրշեջ-փրկարար: «Իսկ մինչ այդ աշխատել եմ Վեդիի ռելեի գործարանում և 4 տարի` 1990-1994 թթ., մասնակցել եմ կռիվներին: Ուրցաձորի «Ուրց» ջոկատի ազատամարտիկ եմ եղել, բայց հիմնականում Վեդիի ջոկատի հետ եմ մարտերի գնացել` գնդապետ Հայկազ Աբրահամյանի հրամանատարությամբ»,- ասում է նախկին ազատամարտիկն ու ներկա հրշեջ-փրկարարը և սեղանին շարելով` ցույց տալիս մարտական մեդալներն ու պարգևները, այդ թվում՝ նաև պատվոգիր Վազգեն Սարգսյանի կողմից և մեդալ հենց սպարապետի անունով: Երասխավանից է սկսել մարտական ուղին և մինչև Գորիս հասել. «Հիմնականում կռվել եմ հայ-ադրբեջանական սահմանին: Հեռու չէի կարող գնալ, քանի որ ցերեկը կռվում էի, գիշերը գործարանում զենք արտադրում. և՛ զինագործ էի, և ազատամարտիկ»: Հակոբ Կարապետյանը կյանքի առաջին դպրոցն ավարտել է որպես զինագործ ու ազատամարտիկ, երկրորդ դպրոցը նույնպես ավարտում է արդեն որպես հրշեջ-փրկարար` դարձյալ պարգևներով ու պատիվներով, իսկ թե ինչպես է սկսելու կյանքի երրորդ փուլը, ինչպիսին է լինելու այդ նոր դպրոցը, առայժմ չգիտի: «Էլի փորձելու եմ ինչ-որ բան փրկել, մարդկանց օգտակար լինել, դժվար տեղերում հայտնվել ու վտանգի դեմն առնել: Էլի հրդեհ լինի` մարելու եմ, պատերազմ լինի` գնալու եմ, եթե մեր երկիրը մենք թողնենք, ո՞վ է տեր կանգնելու»,- ասում է փ/ծ սերժանտը:

Իսկ փ/ծ ենթասպա, 2-րդ հերթափոխի պետ Ավետիք Սաֆարյանն իր երկարամյա ճանապարհին անդրադարձ կատարելիս հիշում է, որ դեռ խորհրդային տարիներին է «միջազգային» հրդեհ մարել. «1986 թվականն էր, հայ-թուրքական սահմանը Թուրքիայի կողմից ռազմական ինքնաթիռ էր հատել: Մերոնք հետապնդել էին, ինքնաթիռը բախվել էր Արմաշի սարերին ու բռնկվելով՝ ընկել: Ահազանգ ստացանք և մեկնեցինք դեպքի վայր: Մինչև տեղ հասանք, պայթած ինքնաթիռի կրակն արդեն մարում էր: Ինքնաթիռում երկու օդաչու էին, հիշում եմ, մեկը վերջին շնչում` դեռ թևը շարժում էր, բայց անհնար էր ինչ-որ բան փրկել, և՛ ինքնաթիռը, և՛ օդաչուներն այրվել էին: Այդ թուրքական ինքնաթիռի հրդեհաշիջմանն էլ եմ մասնակցել»: Իսկ Երասխի կռիվների ժամանակ ամիսներով` գրեթե մեկ տարի, մնացել են գինու գործարանի բակում ու մարտերի թեժ կետերում. «Սմենափոխությունն էլ ենք էնտեղ արել: Նախիջևանի կողմից անընդհատ խփում էին ու գրեթե միշտ հրդեհներ էին բռնկվում: Ստիպված էինք մշտական հերթապահություն իրականացնել»: Փ/ծ ենթասպա Ավետիք Սաֆարյանը նկատում է, որ իրենք միշտ սիրով են աշխատել, շատ մեծ սիրով և իրենց համար դժվար է կտրվել ջոկատից. «33 տարի աշխատել եմ, կյանքս համարյա այստեղ է անցել և հիմա չեմ կողմնորոշվում, թե ինչ պետք է անեմ»:

Փ/ծ սերժանտ, վարորդ Մուշեղ Տոնոյանն էլ համակարգում է ծառայում դեռ 1986 թվականից: Ասում է, թե իր աշխատանքի գնահատականը գործընկերները կտան, իսկ ինքը միշտ էլ ջոկատի կողքին է եղել անկախ այն հանգամանքից` արձակուրդում է, թե հանգստի մեջ: Իսկ գործընկերները շտապում են հիշել, թե ինչպես Ուրցաձորի հրդեհի ժամանակ, երբ երիտասարդ վարորդը չէր կարողանում ջուր մատակարարել, քանի որ մեքենան անսպասելի խնդիր էր ունեցել, այդ պահին կանչում են արձակուրդում գտնվող Տոնոյանին, որն էլ մի ձեռքով ջուր է տալիս, իսկ մյուս ձեռքով մեքենան նորոգում, ինչի շնորհիվ էլ պատվով են դուրս գալիս հերթական դեպքից ու փորձությունից: Փորձառու վարորդը նշում է նաև, որ Արցախյան շարժման տարիներին հրշեջ մասը ազատամարտիկների խումբ ուներ, որ հերթափոխի օրերին գալիս էր աշխատանքի, իսկ ազատ օրերին զենքը ձեռքին գնում սահման պահելու. «Գալիս էինք սմենի ու հենց էստեղից էլ գնում սահման: Մասնակցել եմ և՛ Տիգրանաշենի ազատագրմանը, և՛ Խաչիկ գյուղի պաշտպանությանը, և՛ մեր բոլոր սահմանային կռիվներին: «Մարզպետունի» ջոկատի կազմում եմ մասնակցել մարտերին, Վազգեն Սարգսյանի կողմից ինձ երկրապահի գրքույկ էլ է տրվել, բայց հետո չհետևեցի, նորը չհանեցի, ինձ չէին հետաքրքրում նման բաները, ես իմ երկիրն էի պահում, իմ ընտանիքը պաշտպանում»: Փ/ծ սերժանտ Մուշեղ Տոնոյանը չի համարում, թե վերջնականապես հրաժեշտ է տալիս ջոկատին ու իր կյանքի ժամանակը դարձած ծառայությանը. «Հարազատ օջախ է, գնալուց հետո էլ մեր տունն է մնալու: Էլի գնալ-գալ լինելու է, նորից իմ գիտելիքներն ու փորձը փոխանցելու եմ տղաներին»:

Իսկ Վեդիի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Պարույր Սահակյանը ցավով նշում է, որ իր համար շատ դժվար է փորձառու, հմուտ աշխատողներից բաժանվել. «Բայց, ինչպես ասում են, ոչ իմ կամքով է, ոչ էլ իմ ցանկությամբ, օրենքի սահմանած կարգն է: Էլի իրենք մնում են իմ ընկերները, մեր գործընկերը: Վստահ եմ, որ կապը չի կտրվելու, նորից գալու են և իրենց փորձն ու հմտությունը փոխանցելու նորերին»:

Հրամանատարին շարունակում է` կարծես համատեղ ցավը կիսելով, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանը. «Ես չեմ ուզում, որ տղաներն այսօր կենսաթոշակի անցնեն, որովհետև նվիրված են եղել, իրենց աշխատանքը տեսել ու գնահատել եմ` մշտապես վերահսկելով ծառայությունը: Անկեղծ ասած` չեմ ուզում իրենց ազատման դիմումը ստորագրել, մի տարի էլ մնային, օգուտ կլիներ մեր ընդհանուր աշխատանքին, քանի որ նոր եկողները կհասկանային, թե ինչ նվիրվածությամբ է պետք ծառայել, բացի դրանից, իրենց փորձն ու հմտությունը կփոխանցեին նորեկներին»: