Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ՄԵԶ ՀԱՄԱՐ

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ՄԵԶ ՀԱՄԱՐ

893
Տարածել

25 տարի առաջ ազատագրվեց Շուշին: Հայոց հնագույն բերդաքաղաքի գրավումը բեկում մտցրեց Արցախյան պատերազմում: Արցախի ժողովուրդը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից: Մայիսի 9-ը Արցախի բանակի կազմավորման օրն է: Մեզ համար այդ օրը Եռատոն է: Մայիսի 9-ին աշխարհը նշում էր նաև Երկրորդ աշխարհամարտում մեծ հաղթանակի 72-րդ տարեդարձը: Աշխարհակործան այդ պատերազմում խորհրդային բոլոր երկրներից ամենից շատ՝ 300 հազար զոհ տվեց Հայաստանը: Սակայն մենք մեր սպասելիքների տերը չդարձանք: Հույս կար, որ կազատագրվի Արևմտյան Հայաստանը:

Սակայն այդպես էլ գերված մնաց:

Արցախյան պատերազմում հայերը պատմության մեջ առաջին անգամ պատերազմեցին հայրենի հողի համար:

Մեզ համար:

Դարձանք հաղթանակած երկիր ու այլևս չենք պատրաստվում զոհաբերել մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը:

Մայիսի 9-ին Երևանում, աշխարհի շատ երկրներում խաղաղության ցույցեր էին: Հաղթանակի զբոսայգում պար էին բռնել հայեր ու օտարերկրացիներ: Մեր կյանք ու ապագային ուղղված՝ հաղթանակած հայացքով երթի էր ելել «Անմահ գունդը»՝ Եռատոնը դարձրել աշխարհացունց արարողություն, որին ներկա էին Մեծ հայրենականում զոհված մեր պապերը, Արցախում պատերազմած մեր հայրերը, սահմանին ընկած մեր զավակները:

Մայիսի 9-ին տոնական շքերթի էին ելել նաև հրշեջ-փրկարարները՝ կյանք ու ապագան խորհրդանշող գունագեղ փուչիկներով զարդարված, ուրախության ու տոնի խորհրդանիշ կարմիր մեքենաներով:

Մեզ համար նրանք խաղաղության պահապաններն են…

Նրանց էր միացել ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը: Մինչև ուշ երեկո, մինչև տոնական հրավառություն օրը լցված էր երգ-ուրախությամբ: Եվ ցնծության ու հաղթանակի գույներ ու հույզեր ամենուր՝ Հանրապետության հրապարակից երկինք սլացող…