Գլխավոր Նորություններ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԳՆԻ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԿԱՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԳՆԻ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԿԱՅԱՆ

808
Տարածել

Նոր փուլ մթնոլորտային երևույթների դեմ պայքարում

 

Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» կարևորվել է գյուղատնտեսական  ռիսկերի մեղմացումը:  Իսկ 2017 թվականի ապրիլի 13-ին կառավարությունը հաստատել է բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգը: Բնակլիմայական աղետները մեծ վնաս են տալիս Հայաստանի գյուղատնտեսությանը: Միայն 2016 թվականին կարկտահարություններից գյուղատնտեսությունը 34 միլիարդ դրամի վնաս է կրել:

Անցած շաբաթ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացրեց նախարարության հետազոտության արդյունքը: Առաջարկվում է ստեղծել հակակարկտային փոխլրացնող համակարգ` ներկայիս գազագեներատորային եղանակին զուգահեռ ներդնել նաև առավել բարձր արդյունավետություն ապահովող հրթիռային և ցանցային պաշտպանություն: ԱԻ մասնագետները ստեղծել են ռադիոլոկացիոն կայանների և հրթիռային կայանքների տեղակայման քարտեզ, գնահատել ծախսերը:

ՀՀ կառավարության որոշմամբ հակակարկտային պաշտպանության նոր` հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի  իրականացման նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի մոտ 75 միլիոն դրամ՝ նսՌÿ-2 հակակարկտային հրթիռային երկու կայան, Ըհ  հակակարկտային 120 հրթիռ ձեռք բերելու, կայանների ծրագրատեխնիկական և նման այլ ծախսերի համար:

ԱԻՆ-ում վստահ են, որ այս ծրագիրը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և գյուղում աղքատության հաղթահարմանը, հնարավորություններ կստեղծի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանի հանրապետության գյուղատնտեսության զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը և արդյունքում կնպաստի երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր փուլ մթնոլորտային երևույթների դեմ պայքարում

Լեռնային բարդ ռելիեֆով պայմանավորված՝ Հայաստանը համարվում է աշխարհի կարկտավտանգ տարածքներից մեկը: Գրեթե ամեն տարի կարկտահարության  հետևանքով գյուղացիական տնտեսությունները մեծ  վնասներ են կրում: Վերջին 30 տարվա վերլուծության արդյունքի համաձայն՝ ամեն տարի ոչնչանում է բերքի մոտ 5,5 տոկոսը, իսկ առանձին տարիների՝ մինչև 14 տոկոսը: Այսօր կարկտից բերքը պաշտպանող հիմնական միջոցները համարվում են գազագեներատորային եղանակով գործող հակակարկտային կայանները: Այսօրվա դրությամբ երկրի տարածքում գործում է 496 հակակարկտային կայան, որի շնորհիվ հնարավոր է պաշտպանել մշակվող հողատարածքների մոտ 10 տոկոսը միայն: Կիրառվող այս մեթոդի արդյունավետությունը կազմում է 50 տոկոս: Մասնագետները փաստում են, որ կայանների գործարկման արդյունքում վերջին տարիներին որոշ չափով մեղմվել է խնդիրը, սակայն հողատարածքների լիարժեք պաշտպանության համար հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ համակարգի ստեղծման անհրաժեշտություն կա: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ, վերջին մեկ ամսում ՀՀ ԱԻ նախարարությունն այդ ուղղությամբ ձեռնարկել է ակտիվ աշխատանքներ: Նախարարության ֆինանսավորմամբ՝ ՌԴ առաջատար «ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական կենտրոնն ուսումնասիրություններ է կատարել մեր երկրի 1 մլն 134 հազար հա տարածքներում: Հետազոտության արդյունքներով՝ նշվել են առավել կարկտավտանգ գոտիները, ստեղծվել՝ ռադիոլոկացիոն կայանների և հրթիռային կայանքների տեղակայման քարտեզ, կատարվել՝ ծախսերի գնահատում:

Գյուղացիական ցանքատարածություններն ու պտղատու այգիներն ամբողջական պաշտպանության տակ առնելու և կարկտահարության վնասները նվազագույնի հասցնելու նպատակով՝ Հայաստանում  սկսում է ներդրվել  հակակարկտային փոխլրացնող համակարգ՝ ներկայիս գազագեներատորայինին գումարելով նաև  հրթիռայինը: Մայիսի 4-ից արդեն շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ,  որով առաջարկվում է սկսել հրթիռային պաշտպանության մեկնարկային ծրագիր: Առաջին փուլով՝ այս տարի նախատեսվում է 2 ավտոմատ հրթիռային արձակիչ կայան տեղադրել Արագածոտնի և Լոռու մարզերում տեղակայված ներկայիս 2 ռադիոլոկացիոն կայանների դիտարկման տիրույթում: Այս ծրագրով կարդիականացվի Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանը, ինչի արդյունքում շահագործման ժամկետը կերկարի ավելի քան 10 տարով: Ընդհանուր առմամբ՝ ծրագրով առաջարկվում է 1 մլն 100 հազար հա գյուղնշանակության տարածք պաշտպանելու համար ևս 4 ռադիոլոկացիոն կայանների, 68 հրթիռային արձակիչ կայանների ձեռքբերում և տեղադրում կարկտավտանգ բնակավայրերում:

Մասնագետների վերլուծությամբ՝ Հայաստանում առավել արդյունավետ և ֆինանսապես նպատակահարմար է հենց հրթիռային կայանի գործարկումը, քանի որ մոտ 5 հազար դոլար արժողությամբ գազագեներատորային կայանը պաշտպանում է ընդամենը 80 հա, իսկ 18 հազար դոլար արժեցող հրթիռային կայանը՝ ավելի քան 200 անգամ մեծ տարածք՝ մոտ 18 հազար հա: Բացի դրանից, եթե գազագեներատորային եղանակով գործարկվող հակակարկտային կայանի արդյունավետությունը կազմում է 50 տոկոս, ապա տեխնիկապես ավելի հզոր, ժամանակակից գիտական, մեթոդական կատարյալ բազա ունեցող ռուսական հակակարկտային պաշտպանության ավտոմատացված հրթիռային կայանքներն ի վիճակի են կարկտի հետևանքով հասցվելիք վնասները կրճատել միջինը 80-90 տոկոսով: Կատարված հաշվարկների համաձայն՝ ամբողջ համակարգի սպասարկման համար տարեկան կպահանջվի առավելագույնը 5 հազար հրթիռ՝ այնինչ գյուղատնտեսությանը կարկտահարությունից հասցվող վնասը միայն 2016-ին կազմել է մոտ 70 մլն դոլար:

«Մինչև 1991 թվականը Հայաստանում գործող հրետանային և մասամբ հրթիռային համակարգով հակակարկտային պաշտպանության 11 ջոկատների ու 60 հրթիռահրետանային կետերի փոխարեն առաջարկվում է ստեղծել պաշտպանության նոր ավտոմատացված համակարգ, որը կներառի 5 ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոններ` 4 նոր դոպլերային ԺԾկխ-10 ռադիոլոկացիոն կայաններով, 4 հակակարկտային ջոկատ և 70 հատ առանց անձնակազմի աշխատող ավտոմատացված հրթիռային կայան, որը մոտ երեք անգամ կկրճատի կազմակերպատեխնիկական ծախսերը»,- ծրագրի մասին մանրամասնեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, «ՄԵՎԱՆ» կենտրոնի պետ Սուրեն Հովսեփյանը՝ ընդգծելով, որ հակակարկտային պաշտպանության իրականացման համար ծախսերը փոխհատուցվում են միջինը 5-16 անգամ՝ կախված պաշտպանվող գյուղատնտեսական մշակաբույսերի արժեքից (ծխախոտ, այգիներ, խաղող, բանջարեղեն, հացահատիկ, արևածաղիկ և այլն):

Խորհրդային տարիներին Հայաստանում կիրառվել է հրթիռային մեթոդը և արդյունավետությունը մոտ 98 տոկոս է կազմել, սակայն Միության փլուզումից հետո, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակներից, այդ մեթոդի կիրառումը մեր երկրում հնարավոր չի եղել, քանի որ հրթիռներն անկառավարելի էին և չէր  բացառվում, որ դրանց հետագծով անկումը և պայթյունը տեղի ունենար հարևան երկրների տարածքներում: Սուրեն  Հովսեփյանի խոսքով՝ ներկայիս հրթիռային արձակիչ կայանքների որակի և ավտոմատ կառավարման արդյունքում բավականին բարելավվել է կիրառվելիք մեթոդը, ինչի շնորհիվ նախկինից ավելի մեծ արդյունք է ակնկալվում: Բացի դրանից, ներկայիս հրթիռները պայթուցիչ նյութեր չեն պարունակում, ի տարբերություն նախկինի, և արձակումից հետո արտանետվող բազմաթիվ մանր մասնիկները վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար:

«Նոր տեսակի հրթիռները փոքր քաշ ունեն, սկզբնական արագությունը նախկինում կիրառվող հրթիռներից 4-5 անգամ ավելի մեծ է, այդ իսկ պատճառով քամու ազդեցությունը չի կարող դրանք շեղել ուղեծրից: Հրթիռները վտանգավոր չեն նաև ինքնաթիռների համար, քանի որ գործարկման առավելագույն բարձրությունը 6,5 կմ է, իսկ ինքնաթիռները թռչում են  8-12 կմ  բարձրության վրա: Մյուս կարևորագույն առավելությունն այն է, որ ամբոջությամբ ավտոմատացված է, սպասարկող անձնակազմ չի պահանջում հրթիռային կայանքի մոտակայքում: Յուրաքանչյուր կայանք  36 հրթիռ է պարունակում, իսկ մեկ գերհզոր ամպի վրա ծախսվում է 20 հրթիռ, 36-ը բավական է մեկ, երկու և ավելի ներգործության համար»,- հավելում է «ՄԵՎԱՆ» կենտրոնի պետը:

Ի դեպ, ժամանակակից տեխնիկական նորարարությունների և ծրագրային գործիքների ճիշտ կառավարման շնորհիվ մեթոդն անվտանգ և կիրառելի է նաև սահմանամերձ համայնքներում:

Հրթիռային մեթոդով հակակարկտային պաշտպանության իրականացումից հետո, արդեն, մասնագետներն առավել նպատակահարմար են համարում գազագեներատորային հակակարկտային կայանները տեղափոխել հարավարևմտյան պետական սահման: