Գլխավոր Նորություններ ԼԵՌՆԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐ

ԼԵՌՆԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐ

864
Տարածել

Ճիշտ պահվածքն ու վարքը կնվազեցնեն ռիսկերը

Ցանկացած երկրում  լեռները զբոսաշրջության, արշավների, ակտիվ հանգստի անփոխարինելի վայր են ու, միաժամանակ, ռիսկերով հարուստ տարածք: Մասնագետները լեռներում սպասվող վտանգները բաժանում են երկու խմբի. օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ վտանգներ. ձնահյուս, քարաթափ, բուք, օրվա ընթացքում եղանակային կտրուկ փոփոխություններ, փլուզում, մթնոլորտային ցածր ճնշում, մառախուղ, արևային ճառագայթում և այլն:

Սուբյեկտիվ վտանգներ կամ ինչպես հաճախ ասում են՝ «մարդկային գործոններ». սխալ, խուճապ, հանկարծակի փոփոխված պայմաններում գործելու անկարողություն, անկարգապահություն, անհամաձայնեցված գործողություններ, հիվանդություն, երթուղուց շեղում, լեռներում սխալ վարք, տուժածին անհրաժեշտ օգնություն ցույց տալու անկարողություն, փրկարարի ոչ լիարժեք պատրաստություն և այլն:

Տարածքով փոքր Հայաստանը լեռնային երկիր է, ու, բնականաբար, կան լեռնային բոլոր ռիսկերը:

Լեռներում որոնողափրկարարական աշխատանքներն ընթանում են մշտական ռիսկի պայմաններում, հաճախ ստեղծում ծայրահեղ վտանգ թե՛ փրկարարի և թե՛ տուժածի համար: Լեռնային տարերային երևույթների պատճառով տեղի ունեցած աղետները մարդկության անբաժան ուղեկիցն են եղել և կլինեն, սակայն ճիշտ պահվածքն ու վարքը, անհրաժեշտ պատրաստվածությունը կարող են նվազեցնել ռիսկերը: Մինչդեռ քիչ չեն դեպքերը, երբ մարդը, գերագնահատելով սեփական հնարավորություններն ու պատրաստվածությունը, դիմում է անխոհեմ քայլերի ու դառնում  դժբախտ պատահարի պատճառ կամ, որ առավել ցավալի է, զոհ:

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ որոնողափրկարարական աշխատանքներից առավել դժվար և վտանգավոր է լեռնափրկարարական աշխատանքը: Լեռներում փրկարարից պահանջվում է բնական արգելքների անվտանգ հաղթահարման ու ապահովման տեխնիկական միջոցների շահագործման անթերի կարողություն, կտրուկ փոխված եղանակային պայմաններին արագ հարմարվելու հմտություն, բարդ, կտրտված տեղանքում առանց հետախուզության աշխատելու ունակություն:

Ցանկացած պարագայում փրկարարը նախ պետք է գնահատի դեպքի վայրը, եթե այն վտանգավոր է, միջոցներ ձեռնարկի անվտանգ դարձնելու համար, որից հետո միայն տուժածին տեղափոխի ապահով վայր, կամ ինչպես ասում են իրենք փրկարարները. «Հեռացրեք վտանգը տուժածից, այլ ոչ թե տուժածին հեռացրեք վտանգից»: Լեռներում այս ամենը մի քանի անգամ բարդանում է տեղանքի առանձնահատկությունների պատճառով: Լեռներում մարդը կարող է հայտնվել մեկուսացման մեջ, ու լեռնափրկարարը դառնում է նման պայմանում հայտնված մարդու և արտաքին աշխարհի միջև միակ կապը: Լեռնափրկարարի ֆիզիկական ծանր և տևական աշխատանքը դառնում է նյարդային մեծ ծանրաբեռնվածություն՝ հսկայական լարում: Եվ որպեսզի այս լարվածությունը չվնասի փրկարարին, ու նա պատրաստ լինի հերթական աշխատանքային օրվան, փրկարարները պետք է իրար վերաբերվեն հումորով, հանդուրժողականությամբ, համբերատարությամբ:

Լեռները հեռու են բնակավայրերից, հետևաբար՝ լեռնափրկարարական աշխատանքները կատարվում են բնակավայրերից հեռու, անմարդաբնակ, ամայի տարածքում, ու սա իր հերթին կարող է նպաստել հուսահատության աճին: Ծայրահեղ պայմանների ազդեցությունը մարդու վրա հնարավոր չէ լիովին վերացնել, բայց անհերքելի է, որ փրկարարի օգնությունը կարող է զգալիորեն նվազեցնել բացասական գործոնների ազդեցությունը: Իսկ փրկարարի ամենամեծ պարգևն ու գնահատականը նրա փրկած կյանքն է:

 

Հրապարակումը պատրաստվել է Աշոտ Չատինյանի «Վտանգներն  ու փրկարարական աշխատանքները լեռնային պայմաններում» զեկույցի հիմա վրա: Զեկույցը ներկայացվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: