Գլխավոր Միջոցառումներ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՍԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՍԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1053
Տարածել

Մայիսի 5-8-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է Զբոսաշրջային հանրահավաքի բաց առաջնություն, որին մասնակցել է 16-17 տարեկան պատանիների և աղջիկների ութ թիմ, այդ թվում՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քոլեջի երկու թիմ՝ ընդամենը 18 սովորող (ամեն թիմում՝ երեք աղջիկ, վեց տղա)՝ ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան Գևորգ Հովակիմյանի և ՃԿՊԱ դոցենտ Ռադիկ Մխիթարյանի գլխավորությամբ: Մեր սովորողներից չորսը՝  Կարինե Գալստյանը, Կարեն Մանուկյանը, Մարզպետ Մելոյաըն, Օմար Մամեյանը, երրորդ տեղ են զբաղեցրել: Թիմային հաշվարկով  նույնպես ՃԿՊԱ քոլեջի մեկ թիմ երրորդ տեղն է գրավել:

Զբոսաշրջային հանրահավաքի բաց առաջնությունը կազմակերպել էր Արցախի հանրապետության Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցը, մեր թիմերի մասնակցությանը մեծապես աջակցել էր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մանկապատանեկան  հանրապետական կենտրոնը: Միջոցառումը նվիրված էր մայիսյան եռատոնին:

Ռադիկ Մխիթարյանի խոսքով՝ առաջնության ծրագրում ներառված էին լեռնափրկարարական վարժանքների խնդիրներ. կողմնորոշում, գերանով անցում գետի վրայով, արգելքների հաղթահարում, ճահճի հաղթահարում, վրանի տեղադրում-հավաքում, ժայռամագլցում՝ վերելք-վայրէջք և կախովի անցում: Նաև խոհարարություն և երգուպար: Առաջնության չորս օրվա ընթացքում թիմերն իրենք են պատրաստել իրենց կերակուրը, իսկ երեկոյան մեր երգուպարով հավաքվել խարույկի շուրջը: «Սա մեծ փորձ էր երեխաների համար և նոր ծանոթությունների լավ առիթ: Երեխաներն այցելել են նաև Շուշի, մշակույթի օջախներ՝ թագնարաններ, պատկերասրահ, ծանոթացել Արցախին»,- տեղեկացրեց Ռադիկ Մխիթարյանը:

Արցախում նման առաջնություն առաջին անգամ էր կազմակերպվում: Բայց ՃԿՊԱ քոլեջի սաների համար սա առաջինը չէր: Մերոնք մշտապես տարբեր արշավների ու հավաքների են մասնակցում, իսկ Արցախ մեկնելու նախորդ օրը՝ մայիսի 4-ին, մասնակցել էին Երևան քաղաքի տուրիստական հայրենագիտական մրցումներին և «Առաջին բուժօգնություն» անվանակարգում առաջին տեղը գրավել: