Գլխավոր Նորություններ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1176
Տարածել

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մայիսի 3-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են հակակարկտային պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Ըստ կատարված հետազոտությունների՝ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկել է ձևավորել հակակարկտային փոխլրացնող համակարգ՝ ներկայիս գազագեներատորային եղանակին զուգահեռ ներդնել նաև հրթիռային և ցանցային պաշտպանություն: Կազմվել է նաև ռադիոլոկացիոն կայանների և հրթիռային կայանքների տեղակայման քարտեզ, կատարվել ծախսերի գնահատում: Նախատեսվում են նաև ռադիոլոկացիոն կայանների արդիականացման աշխատանքներ: Դավիթ Տոնոյանն առաջարկել է որպես առաջին փուլ սկսել հրթիռային պաշտպանության մեկնարկային ծրագիր Արագածոտնի և Լոռու մարզերում: Վարչապետը հանձնարարել է ընթացք տալ մեկնարկային ծրագրին, ուսումնասիրել ցանցային պաշտպանության արդյունավետությունն ու ծախսատարությունը:

Տեղեկացնենք, որ հրթիռային պաշտպանության մեկնարակային ծրագրի նախապատրաստական աշխատանքներին մեծ մասնակցություն են ունեցել ռուսական «Անտիգրադ» գիտարտադրական կենտրոնի մասնագետները:

Նախնական հաշվարկներով՝ բերքի 5-6 տոկոսը վնասվում է կարկուտից: Հակակարկտային հրթիռային տեխնոլոգիաները թույլ են տալիս 80-90 տոկոսով կրճատել բերքի վնասի չափերը: Արդյունավետ հակակարկտային պաշտպանություն իրականացնելու համար առաջնային նշանակություն ունեն նաև ռադիոլոկացիոն կայանները, որոնք հնարավորություն են տալիս հակակարկտային կայաններին ճիշտ թիրախավորել կարկտաբեր ամպերն ու ավիացիոն միջոցները:

ՀՀ ԱԻՆ-ի պատվերով կենտրոնը ուսումնասիրություններ է կատարել մեր երկրի 1 մլն 134 հազար հեկտար տարածքներում, նախանշել է առավել վտանգավոր տեղանքները, կազմել անհրաժեշտ կայանների տեղադրման քարտեզը:

«Անտիգրադ» կենտրոնի կոմերցիոն տնօրեն Ալի Աբշաևի հավաստմամբ՝ հրթիռային կայանքներն անվտանգ են: Հրթիռը պայթուցիկ, վտանգավոր նյութ չի պարունակում, չի վնասում նաև ինքնաթիռները, քանի որ դրանց գործարկման առավելագույն բարձրությունը 5-6 կմ է: Նոր համակարգի կիրառումն արդյունավետ է ոչ միայն գյուղատնտեսական ոլորտում, այլև՝ ավիացիոն: Կարկտավտանգավոր ամպերի պատճառով թռիչքների հետաձգման դեպքում հրթիռը կարող է ցրել եղանակը մթնեցնող ամպը, սակայն դրա գործարկման համար անհրաժեշտ է ներգրաված բոլոր օղակների ճշգրիտ և կապակցված աշխատանքը: Առաջարկվող համակարգն առավել մատչելի է և արդյունավետ և կարող է ծառայել 15-20 տարի:

Նոր հակակարկտային համակարգի անխափան աշխատանքն իրականացվելու է կառավարման միասնական կենտրոնից՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից: