Գլխավոր Նորություններ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

589
Տարածել

Համայնքների ընտրությունը վստահվել է ԱԻՆ-ին

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և «Պահապան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նախատեսում է Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում և մանկապարտեզներում խաղաթաքստոցներ կառուցել: Համագործակցության մանրամասների շուրջ զրուցել ենք հիմնադրամի գործադիր տնօրեն, հոգեբան, համայնքային զարգացման ծրագրերի նախագծող մասնագետ, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Ինգա Հարությունյանի հետ:

 

— Ի՞նչ նպատակներ ունի հիմնադրամը և ովքե՞ր են հիմնադիրները:

— «Պահապան» հիմնադրամը ստեղծվել է 2016-ի մարտին՝ Տավուշի հոգևոր թեմի գործընկերությամբ: Հիմնադիրները տնտեսագետներ են, գործարարներ, կրթական և զարգացման ծրագրեր իրականացնելու մեծ փորձ ունեցողներ: Մարդիկ, որոնք միավորվել են մի գաղափարի շուրջ՝ Տավուշի մարզը զարգացնելու և սոցիալ-տնտեսական ապահովությունը խթանելու նպատակով:

— Ի՞նչ նպատակ է իր առջև դրել հիմնադրամը:

— Ուզում ենք երկրի այդ հատվածում, որն այս պահին խոցելի է, նպաստավոր գործ անել: Մեզ հետ է նաև Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որն արդեն մարզում սոցիալական ու հոգևոր ծրագրեր է իրականացնում: Մեր նպատակն է, որ Տավուշը ճանաչելի լինի ոչ միայն որպես Ադրբեջանի հետ սահմանային գոտի: Մենք ուզում ենք, որպեսզի մարզը լինի զբոսաշրջության համար գրավիչ, տնտեսապես կայուն տարածաշրջան: Իսկ հիմնադրամի միջոցները գոյանում են հիմնադիրների ներդրումներից, Տավուշում իրագործվող փոքր տնտեսական գործունեությունից:

— Ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվել և ինչպիսի՞ ընդգրկում ունի այդ փոքրիկ տնտեսական գործունեությունը:

— Հիմնադրամը անապահով ընտանիքների համար ստեղծել է ցերեկային խնամքի կենտրոններ: Եկեղեցու հովանու ներքո գործում են «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնն Իջևանում և «Պապոնց տունը»՝ Նոյեմբերյանում: Քանի որ Տավուշը հարուստ է հատապտուղներով և հայտնի սպիտակ մեղրով՝ հատկապես Հաղարծինը, հիմնադրամի աջակցությամբ թեմի ներսում ստեղծվեցին մուրաբաների և մեղրի փոքրիկ արտադրամասեր: Այդպես սահմանամերձ գյուղերի բնակիչները և՛ սեփական այգու հատապտուղն են իրացնում, և՛ անտառի: Մուրաբաներն ու մեղրը վաճառվում են թեմին պատկանող փոքրիկ վաճառակետերում: Փորձում ենք դրանց վաճառքն իրականացնել նաև Երևանի խանութներում և հատկապես սրճարաններում: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեր ծրագրեում կտրուկ փոփոխություններ եղան: Մեր առաջնային խնդիրը դարձավ սահմանամերձ գյուղերի անվտանգությունը: Տավուշի 23 գյուղեր թշնամու դիրքերից ընդամենը 5 կմ հեռավորության վրա են գտնվում, մոտ 20 գյուղ էլ՝ մինչև 10: Դրանք շաբաթական մի քանի անգամ ենթարկվում են գնդակոծության: Որոշ համայնքներում դպրոցներն ու մանկապարտեզները հակառակորդի նշանառության տակ են։ Հետևաբար, դրանք պետք է ունենան երեխաների համար թաքստոցներ, պատսպարան։ Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ արդեն կառուցված թաքստոցները երեխաների համար նպատակահարմար չեն: Դրանցում նույնիսկ երկու ժամով պատսպարվելը կարող է երեխաների համար հոգեբանական տառապանք, ցնցում առաջացնել: Այդ պատճառով հիմնադրամը որոշեց խաղաթաքստոցներ կառուցել և իր միջոցներով առաջին պատսպարանը հիմնեց Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզում: Դա ստորգետնյա ռմբապաստարան չէ, այլ վերգետնյա, որը, սակայն, ի զորու է հաստ ու բարձր պատերի շնորհիվ երեխաներին պաշտպանել կրակոցներից: ԱԻՆ-ի մասնագետների հետ խորհրդակցելով՝ կարողացանք մանկապարտեզի շենքի ներսում ունենալ պարզագույն թաքստոց՝ խաղալիքներով, գրքերով, հեռուստացույցով, ջրի պաշարով, որտեղ երեխաներն ապահով են, կարող են մնալ մինչև 4 ժամ, որտեղ երաժշտությունն էլ խլացնում է դրսում հնչող կրակոցները: Առաջիկա երկու տարում հիմնադրամը նախատեսում է մարզի 15 ամենախոցելի համայնքներում կառուցել խաղաթաքստոց: Համայնքների ընտրությունը վստահվել է ԱԻՆ-ին։ Այս պահին ԱԻՆ-ը Տավուշի մարզում ապաստարանների քարտեզագրում է իրականացնում: Իսկ երբ այդ տվյալները պատրաստ լինեն, համատեղ կորոշվի, թե դրանք որտեղ կառուցել։ Առաջնահերթությունը կտրվի այն համայնքներին, որոնք գտնվում են սահմանից մինչև 5 կմ հեռավորության վրա։ Կառանձնացվեն նաև այն դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք գտնվում են անմիջապես կրակոցների տակ, ինչպես նաև այն համայնքները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն։ Ի վերջո, հասնելու ենք նրան, որ բոլոր վտանգված գյուղերի մանկապարտեզներն ու դպրոցներն ունենան խաղաթաքստոցներ:

— Որքա՞ն գումար է ծախսվում մեկ խաղաթաքստոցի համար:

— Մոտ 2 հազար դոլար, քանի որ դրանք չենք կառուցում հիմքից, այլ վերականգնում ենք եղածը՝ կիսակառույցն ու անբարեկարգը: Գումարի մեջ մտնում է նաև կահավորումը՝ խաղալիքներ, հեռուստացույց, անգամ համակարգիչ, այսինքն՝ ստեղծում ենք պայմաններ, որպեսզի երեխաները չզգան թաքստոցում լինելու հոգեբանական դժվարությունը: Ավագ դպրոցականներին ծրագրավորում սովորեցնելու համար նախատեսում ենք թաքստոցներում հիմնել նաև ուսումնական կենտրոններ:

Նախաձեռնել ենք նաև համազգային հանգանակություն. առաջարկվում է Երևանի մի շարք սրճարաններում և ռեստորաններում վճարել 200 դրամ հավելավճար, որը կուղղվի խաղաթաքստոցների կառուցմանը։ Այդպես ամեն մեկը կկարողանա մասնակցել ծրագրի իրագործմանը։ Այս պահի դրությամբ Երևանի 20 սրճարան-ռեստորաններ պատրաստ են աջակցել մեր նախաձեռնությանը: Ակնկալում ենք, որ դրանց թիվը կհասնի 50-ի։ Սրճարաններում իրացվելու է նաև Տավուշում արտադրվող մուրաբան ու մեղրը: Այդ նախաձեռնությամբ ուզում ենք նաև ցույց տալ, որ բիզնեսով զբաղվող մարդիկ պատրաստ են աջակցել սոցիալական ծրագրերին, համախմբել հասարակությունը կենսական կարևորության հարցեր լուծելու համար։ Այդ 200 դրամը հենց այնպես չեն տալիս, տեղում գնում են մի sticher (կպչուն, մածուցիկ նյութ)՝ փազլի պես միավոր, որը փակցնում են սրճարանի պատին, և այդպես ինչ-որ նկար է հավաքվում վերջում, որը նախապես նկարել են Տավուշի երեխաները: Իսկ հունիսի 1-ին որոշել ենք Սիրահարների այգում այդ նկարների աճուրդ-վաճառք կազմակերպել՝ գումարը նույնպես ուղղորդելով թաքստոցների կառուցմանը: Մենք հաշվարկել ենք, եթե ամեն սրճարան օրական 20 sticher հավաքի իր պատի վրա, մեկ ամսում մեկ խաղաթաքստոց կկառուցենք: