Գլխավոր Նորություններ ԶՈՒՏ ՄԱՐԴԿԱՅԻՆ…

ԶՈՒՏ ՄԱՐԴԿԱՅԻՆ…

727
Տարածել

«Ճանաչել զիմաստություն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ»:

Գոնե մեր մեջ ամենից շատ տարածված, գուցե թե նաև՝ ամենամեծ կշիռ ունեցող նախադասություններից մեկը: Անթիվ  «մեջբերումներով», վերծանման փորձերով հանդերձ: Սրա պարունակած երանգներից մեկն այս պահին շատ կարևոր է թվում ինձ:

Այդ երանգը համոզում է, որ ճանաչելն ու իմանալը, առհասարակ, հնարավոր են, մարդու համար են: Հակառակ այն պնդումի, որ մարդը ոչինչ չի կարող իմանալ:

Այս կետից սկսվող ճանապարհները ճյուղավորվում են, և մենք ընտրում ենք: Այս անգամ համադրության փոխարեն խոշորացույցը պահում ենք հակադրության վրա: Եվ ասում ենք՝ իմացության հակապատկերը, որոշակի հաշվանքային համակարգում,  ոչ թե չիմացությունը, այլ բնազդը կարող է լինել: Ոչ մի զարմանալի բան չկա: Դրանք իսկապես հակադիր բաներ են: Նույնիսկ գրեթե տեսանելիության մակարդակում կարելի է նկատել, որ բնազդը, օրինակ, խաղաղ չի լինում: Կամ, գոնե, այդ երկուսից խաղաղությանն ավելի շուտ կհասցնի իմացությունը: Իհարկե, ինչպես միշտ, հակառակն էլ կարելի է պնդել: Հենց այդ է պատճառը, որ ես ընդգծեցի հաշվանքային համակարգը:

Պարզապես ուզում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ գոյություն ունեցող ինքնապահպանման բնազդին որևէ իմացություն չի համապատասխանում. այսինքն՝ «ինքնապահպանման իմացություն» ասելու հարկը կարծես երբեք չի եղել…

Շատ ուշագրավ բաներ են սրանք, ավելի ստույգ՝ ուշագրավ կարող էին լինել, եթե չխանգարեր այն հանգամանքը, որ արդեն վաղուց բոլորն ամեն ինչ գիտեն. խելոք պատմություններ, զրույցներ, խորհուրդներ, խրատներ… շաղ են տրված հազարներով …

Այդուհանդերձ, մեկ ուրիշ տպավորություն էլ է առկա. ոչ մի իմաստություն, ոչ մի խրատ (պատահականորեն չընտրեցի հենց «իմաստություն» և «խրատ» բառերը) այլևս չեն «աշխատում»… Ինչո՞ւ: Մի՞թե այն պատճառով, որ բոլորն ամեն ինչ գիտեն: Այս հարցին չեմ կարող պատասխանել, թող թույլ տրվի ասել՝ չգիտեմ: Ասել նաև՝ գուցե սա տպավորություն է ընդամենը, ավելի հասկանալի լեզվով՝ կարծիք:

Այսինքն՝ ամեն մեկն իր կարծիքն է հայտնում, ոչ ավելին:  Պարզ չէ նաև՝ ամբողջական պատկեր ստանալու խնդիր դրվա՞ծ է առհասարակ: Ողջամտությունը պիտի պահանջած լիներ, որ դրվի այդ խնդիրը, որովհետև ո՞ւմ են հարկավոր կցկտուր պատկերները, եթե կարելի է դրանցից ամբողջություն ստանալ:

Ի վերջո, խոսքը միշտ էլ ապրելու Տեղին է վերաբերում…

Յուրաքանչյուրի կարծիքն իր ապրելու տեղն է: Եթե ուզում եք, կարող եք այս պնդումները մաքուր փոխաբերություն համարել, դրանից էություն չի փոխվում, մանավանդ, եթե մի պարտադիր թռիչքով կարողանանք հայտնվել հետևյալ հանգրվանում. ահա՝ ապրելու տեղին մարդը տարբեր անուններ է տվել իր երկար, այնուամենայնիվ՝ երկար, կյանքի ընթացքում. Հայրենիք, Երկիր, Պետություն…

Զուտ մարդկային երջանկություն է, երբ այդ անունները համընկնում են, այսինքն՝ ամբողջանում: Շրջանը գծվեց: Շրջան գծելը կարևոր է, այս դեպքում՝ որպեսզի խոհը կամ զրույցը հավաքվի մի կետում և ընթերցվի:

Կամ՝ հնչի: Այսպես. ինչպես միշտ, առնվազն երկու տարբերակ կա. կամ ամեն մեկս հայտնում ենք մեր կարծիքը և փորձում բոլոր կարծիքները հավաքել որպես Ապրելու Տեղ, կամ կարծիքները ծնվում են Հայրենիքի, Երկրի, Պետության ամբողջական պատկերի թելադրանքով:

Չի կարող պատահել, որ այս երկու տարբերակն էլ ճիշտ լինեն: Ավելի ստույգ՝ չես կարող երկու տարբերակն էլ ընտրել, մեկն ես ընտրելու, երկուսից միայն մեկը:

Բայց հենց այդպես էլ արվել էր: Էլի ու դարձյալ մեկն էր ընտրվել, ընտրվել էր՝  «Ճանաչել զիմաստություն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ»-ը: Հետո ի՞նչ փոխվեց: Գուցե փորձենք սա՛ իմանալ: Գուցե սա իմանալո՛ւ ժամանակն է: