Գլխավոր Նորություններ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

1332
Տարածել

Էքստրեմալ տուրիզմ

Ժամանակակից աշխարհում մարդու և հասարակական անվտանգությունը առաջնային խնդիր է: Ցանկացած վայրում՝ բնություն, աշխատավայր, հանգստի և ժամանցի օբյեկտ, մարդու համար որոշակի ռիսկեր կան: Այս ռիսկերը կան նաև, երբ մարդն իր հայրենիքում չէ՝ ճամփորդում է: Զբոսաշրջությունը, հատկապես արկածային՝ էքստրեմալ զբոսաշրջությունը մշտապես կապված է ռիսկերի հետ: Տարեցտարի էքստրեմալ տուրիզմն ավելի ու ավելի շատ մարդկանց է գրավում: Հայաստանում տուրիզմի այս տեսակը շատ զարգացած չէ, բայց կան դրա բոլոր նախադրյալները: Ամերիկյան National Geographic կազմակերպության ուսումնասիրության համաձայն, Հայաստանը երրորդն է էքստրեմալ տուրիզմի լավագույն պայմաններ ունեցող երկրների մեջ: Էքստրեմալ տուրիզմի ջրային, լեռնային, օդային և այլ տեսակներից Հայաստանում, մասնավորապես, կարելի է զարգացնել լեռնային ձևերը՝ լեռնադահուկային, լեռնամոտոցիկլային, լեռնահեծանվային արշավներ, ալպինիզմ և այլն: Զբոսաշրջության անվտանգությունը երեք հիմնական սկզբունքի համադրում է. զբոսաշրջության՝ տնտեսության առանձին ճյուղի անվտանգություն, զբոսաշրջային ծառայություններից օգտվող զբոսաշրջիկների՝ սուբյեկտների անվտանգություն, շրջակա միջավայրի պաշտպանություն այն բացասական գործոններից, որոնք պայմանավորված են զբոսաշրջության զարգացմամբ:

Զբոսաշրջիկներին սպառնացող վտանգների մի մասն անվանում են «անցանկալի իրադարձություններ»՝ վարակիչ հիվանդություններ, փոթորիկ, կողոպուտ, վտանգավոր բնական երևույթներ և այլն: Կան նաև այլ ռիսկեր. պոտենցիալ վտանգի առաջացման ժամանակաշրջանով պայմանավորված ռիսկեր, նախնական ռիսկեր (սխալ որոշումներ և գործունեություններ նախապատրաստական փուլում, օրինակ, քիչ ֆինանսներ և պարեն, սխալ հագուստ և այլն), անմիջական ռիսկեր (արշավի վրա ազդող գործոններ):

Զբոսաշրջիկի սխալ գործողությունների հետևանքով առաջացող ռիսկերը քիչ չեն. զբոսաշրջիկը խախտում է անվտանգության տեխնիկայի կանոնները, ինքնակամ փոխում է արշավի երթուղին, չի հետևում սահմանված ժամանակացույցին և այլն: Այս դեպքերում զբոսաշրջիկը կարող է ունենալ ինչպես բացասական (սթրես, հոգնածություն, հակակրանք), այնպես էլ դրական (ծայրահեղ ոգեշնչում) էմոցիոնալ վիճակներ: Երկու դեպքում էլ մարդը կորցնում է ինքնատիրապետումը, օբյեկտիվ չի գնահատում իր ուժերը և առկա վիճակը, իսկ սա անվտանգությանը սպառնացող լուրջ ռիսկ է:

Տուրիստական ծառայությունների պլանավորման ժամանակ պետք է ուշադիր ուսումնասիրել ռիսկի բոլոր հնարավոր գործոնները և դրանց աղբյուրները, հետազոտել այս կամ այն ռիսկի դրսևորման հնարավոր և հավանական վտանգավորության աստիճանը, նախատեսել զբոսաշրջիկի կյանքի և առողջության պաշտպանության, ունեցվածքի պահպանման բոլոր անհրաժեշտ քայլերը:

Զբոսաշրջության և զբոսաշրջիկի համար ռիսկերի դասակարգումը հետևյալն է. վնասվածք ստանալու վտանգ, շրջակա միջավայրի ազդեցություն, հրդեհավտանգ իրավիճակ, կենսաբանական ազդեցություն, հոգեֆիզիոլոգիական ծանրաբառնվածություն, ճառագայթվելու վտանգ, փոշոտվածության և քիմիական աղտոտվածության բարձր մակարդակ, այլ գործոններ:

Այս ռիսկերը նվազեցնելու համար առաջարկվող քայլերը հետևյալն են. պաշտպանական սարքավորումների և ցանկապատերի կիրառում՝ մեխանիզմների (օրինակ՝ ճոպանուղի) մատույցների վտանգավոր տարածքներում, անհատական պաշտպանության միջոցների օգտագործում (զբոսաշրջային հանդերձանք՝ ակնոց, երկարաճիտ կոշիկ և այլն), տրանսպորտային միջոցների տեխնիկական սարքին վիճակ, օգտագործվող գույքի, սարքավորումների շահագործման կանոնների պահպանում, ռիսկային գործոններին զբոսաշրջիկների ծանոթացում և այլն:

Անհերքելի է, որ զբոսաշրջության մեջ բացարձակ անվտանգություն չի լինում, մշտապես կա որոշակի մնացորդային ռիսկ: Սակայն դա չի նշանակում, որ պետք է անտեսել հնարավոր ռիսկերը: Զբոսաշրջության անվտանգության բարձր մակարդակի կարելի է հասնել միայն զբոսաշրջության ոլորտի բոլոր «խաղացողների» համագործակցության դեպքում՝ սկսած զբոսաշրջային կազմակերպություններից, ապահովագրական ընկերություններից, մինչև զբոսաշրջիկ և արտակարգ իրավիճակների ու ճգնաժամային կառավարման ոլորտի պետական լիազոր մարմին:

 

Հրապարակումը պատրաստվել է Մարինե Մաթոսյանի «Էքստրեմալ տուրիզմը և զբոսաշրջիկների անվտանգությունը արտակարգ իրավիճակներում» զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված

միջազգային գիտաժողովին: