Գլխավոր Նորություններ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԱՊԱԳԱՆ

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԱՊԱԳԱՆ

1516
Տարածել

2015-ի ամռանը Երևանի բուսաբանական այգում այրվեց 5-6 հա խոտածածկ տարածք, կրակից հնարավոր չեղավ փրկել մեկ տասնյակից ավելի սոճիներ:

Մոտ երկու տարի անց, այգու հրդեհված տարածքի հարևանությամբ, «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի և «WWF-Հայաստանի» նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեկամության պուրակ», տնկվեց ավելի քան 250 տնկի. «Հիմնականում ասեղնատերև տեսակի տնկիներ են ընտրվել: Ծառերի հետագա խնամքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան: Այգին հնարավոր պատահարներից պաշտպանելու համար նախատեսում ենք ընդլայնել համագործակցությունը ԱԻՆ-ի հետ»,- ասում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը:

Բուսաբանական այգու մոտ 15 հա տարածք տարիներ շարունակ դատարկ է, տասնամյակների ընթացքում ձևավորված բուսականությունը տարին մի քանի անգամ այրվելով է չքացել:

Կիսաանապատային գոտում գտնվող այգին այսօր ոռոգման խնդիր ունի: Մեր օրերում ոռոգման համար նախատեսված պետական գումարը չի բավականացնում այգին խնամելու համար, ջուրն օգտագործում են այգու միայն կենտրոնական հատվածում: Որոշակի տարածքներ ցանկապատված չեն, չի իրականացվում շուրջօրյա պահակային ծառայություն: Օրեր առաջ վերականգնված «Բարդիների ծառուղուց» գողացվել են մոտ մեկ տասնյակ ծառեր:

«Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի գիտականությունը պահպանելով, այգին դարձնել նաև ժամանցի ու հանգստի գոտի: Տարեկան 10-15 հազար այցելու ունեցող այգում առաջիկա 5 տարիներին նախատեսվում է իրականացել ներդրումային ծրագրեր, բիզնես նախագծեր: «Մոտ 80 հա տարածք զբաղեցնող այգին ունի հստակ գոտիավորում: Որոշ տարածքներում կհիմնվեն մանկական, մարզական խաղահրապարակներ: Սպորտով զբաղվողների, զբոսնողների համար կլինեն հատուկ գոտիներ, կնախատեսվեն նաև հեծանվային երթուղիներ: Այգու միակ զուգարանը կնորոգվի, կկառուցվեն նորերը, կավելանան աղբամանները: Այգում կլինեն նաև՝ «պիկնիկ» գոտիներ: Սննդի կետը հավանաբար կլինի շարժական անիվների վրա: Բացի դրանից՝ կվերականգնենք ջերմոցներն ու տնկարանները, դրանք կօգտագործենք տարբեր սերմերի, բույսերի, տնկիների աճեցման, բազմացման համար, իսկ հետագայում կլուծվի նաև դրանց վաճառքի հարցը: Այգու տարածքում կան նաև թանգարաններ, որոնց մասին մեր քաղաքացիներն անգամ չգիտեն, աշխատանքներ կտարվեն նաև այս ուղղությամբ»,- մանրամասնում է բարեգործական հիմնադրամի տնօրենը: Ըստ Սարգիս Աղայանի, բուսաբանական այգում վերականգնվելու են լքված շինությունները: Բարեկարգումից հետո մուտքի տոմսի գինը չի բարձրանա: Նախատեսվում է համագործակցություն նաև զբոսաշրջային ընկերությունների հետ՝ ընդգրկելու բուսաբանական այգին իրենց տուրերում: Քննարկման փուլում է նաև այգու մասին հետաքրքիր բջջային հավելվածների ստեղծումը: Այգին մուտք կունենա նաև Ծարավ Աղբյուրի փողոցից:

Երևանի բուսաբանական այգու և բարեգործական հիմնադրամի աշխատակիցները հույս ունեն, որ այս ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելուց հետո, այգին կանցնի ինքնաֆինանսավորման: