Գլխավոր Նորություններ ԲՈԼՈՐՍ ԱՐԱԲՈՆԵՐ ԵՆՔ

ԲՈԼՈՐՍ ԱՐԱԲՈՆԵՐ ԵՆՔ

725
Տարածել

Պրեմիերա. «Ռանչպարների կանչը»

Մայիսի 3-ին Ճգնաժամային կառավարման պետակադեմիայում ներկայացում-պրեմիերա էր՝ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքի հիման վրա։  Մոռացված ազգագրական երգերը ներկաներին տեղափոխեցին 19-րդ դար, երբ մեծ թափով սկիզբ էր առնում հայդուկական շարժումը։ Մելքոն վարժապետը կռվի դաշտ է ճանապարհում Բսանաց գավառի Ջրտնիք գյուղում ծնված Սանասարին, որը մեկով ավելացնելու էր «ժողովրդի համար գործող Արաբոների թիվը»։ Հանդիսատեսի առջև կենդանանում են բռնաշենցի «անվեհեր» նշանառու Արաբոն՝ «Կոճղեզ» ավետարանի պահապանը, մկթինքցի «թուխ ու թիկնեղ», բոցավառ աչքերով Գևորգ Չավուշը, որը քահանա դառնալու փոխարեն ձեռքն է վերցնում զենքը և միանում Արաբոյի ջոկատին, հաղթահասակ, «գլխին մոխրագույն թաշկինակ» կրող Աղբյուր Սերոբը՝ մեջքի շուրջը փաթաթված «կաշյա» փամփշտակալներով,  իր հայդուկային զգեստի մեջ հպարտ ու գեղեցիկ Սոսեն, սուլթանի բռնակալությունից քրիստոնյա հայերին ազատագրելու խնդրանքով որպես պատվիրակ մեկնած Մոսե Իմոն և այլք։ «Ոչ մի թագավոր մեզ փրկություն չի տա… Զինվել՝ մեր միակ ելքը այդ է։ Մենք պետք է շինենք մեր երկաթե շերեփը, որ իրավունք ունենանք ընդհանուր կաթսային մոտենալու»,- «ղոնդաղչի» Անդրանիկի խոսքով ավարտվում է տեսարանը։ Բեմադրությունը եզրափակվում է լեռնեցիների հաղթական պարով։

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը նշում է՝ ֆիդայիներ եղել են բոլոր ժամանակներում, և երիտասարդները միշտ նույն ոգևորությամբ են ռազմի դաշտ մեկնել՝ պայքարելու հայրենիքի համար։ Երկրի պաշտպանության հիմքում յուրաքանչյուրի մեջ եռացող կրակն է, որը միավորում է բոլորին։

ԱԻ նախարարի խորհրդական, գրող Անդրանիկ Հակոբյանը մերօրյա սերնդի մեջ նախորդների նվաճումները զարգացնելու վճռականություն է տեսնում։ Ի պատասխան բեմադրության առանցքային գաղափար հանդիսացող «երկաթե շերեփի» փիլիսոփայությանը՝ գրողը նկատում է՝ պետականություն կորցրած ժողովուրդը լավ գիտի դրա արժեքը։ Պետականությունն է հայի զենքը, որով նա այսօր կարողանում է համաշխարհային գործընթացներում իր խոսքը թելադրել։  Մյուս կողմից՝ նույն հայը չափազանց «կենտրոնաձիգ» է մյուս ժողովուրդների հանդեպ ունեցած իր սիրո մեջ, ինչը խանգարում է սեփական արժեքը գնահատել։ «Ուրիշներին սիրելով՝ մենք չպիտի դադարենք սիրել ինքներս մեզ։ Չպետք է ուրիշից բարեկամություն հայցել, այլ ինքներս  բարեկամություն առաջարկենք»,- հավելում է Անդրանիկ Հակոբյանը։ Խոսելով օրեցօր աճող արտագաղթի մասին՝ նա վստահեցնում է՝  տարագրությունը միայն հայերին չէ բնորոշ. ամեն ոք ազատ է ընտրելու իր ապրելու միջավայրը։ Սակայն եթե կորցնում ես արմատներիդ «զգացողությունը», կարող ես տարրալուծվել օտար բարքերի մեջ, ի վերջո՝ կորցնել ինքդ քեզ։

ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Կարինե Ոսկանյանը, որն այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակն է, նշում է. «Ռանչպարների կանչը» ժամանակին շատերին է ոգեշնչել։ Բոլորին պարտադրել եմ կարդալ այս ստեղծագործությունը։ Համոզված եմ՝ եթե այսօր հայրենիքը վտանգի մեջ լինի, բոլորս կդառնանք Արաբոներ և Սոսեներ»։

Առանձնահատուկ ուշադրություն էր հատկացվել երաժշտական ձևավորմանը.  «Արաբո», «Արարատ առաջ», «Սոսեի կանչը», «էլի կասեմ, Սերոբ ջան» և մյուս երգերն առաջին անգամ էին հնչում ուսանողների շուրթերից։ Կարինե Ոսկանյանը մտաբերում է՝ ինչպիսի ցնծություն էր տիրում 1990-ականներին, երբ արգելված այս երգերը սկսեցին հնչել ռադիոյով։

Նշենք նաև, որ բեմադրությունը Երևանի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանինն էր: «911» պարախմբի ղեկավար Արթուր Եղոյանի խորեոգրաֆիկ պատկերները և երգահան Էդուարդ Զորիկյանի կատարումները ներկայացմանը յուրահատուկ հմայք պարգևեցին:

Պրեմիերան կայացավ, առաջիկայում այն կներկայացվի նաև ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում և բուհերում։