Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Հիվանդագին իրավիճակներ. ճողվածք

Հիվանդագին իրավիճակներ. ճողվածք

1762
Տարածել

Ճողվածքը ներորովայնային ճնշման բարձրացման հետևանքով որովայնի պատի թույլ տեղերից ներքին օրգանների արտանկումն է մաշկի տակ՝ որովայնի պատից դուրս ցցված: Առավել հաճախ ճողվածքներ առաջանում են պորտի, որովայնի միջին գծի կամ աճուկային շրջանում: Ցանկացած ճողվածքի բնորոշ նշանը մարմնի ուղղահայաց դիրքում, ֆիզիկական լարման կամ հազի ժամանակ որովայնի պատի վրա տեսանելի, շոշափելի ուռուցքանման գոյացության առաջացումն է: Հնարավոր է, որ ճողվածքն ուղղվի մարմնի հորիզոնական դիրքում (մեջքի վրա պառկած): Ճողվածքն ինքը կյանքի համար վտանգավոր չէ, սակայն նրա բարդությունը՝ օղակված ճողվածքը, կյանքին սպառնացող իրավիճակ է և պահանջում է անհապաղ վիրաբուժական միջամտություն:

Օղակված ճողվածքը ճողվածքապարկի պարունակության ճմլումն է, որի հետևանքով խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը: Օղակված ճողվածքը տալիս է սուր որովայնի պատկեր՝ սուր, հետո նոպայաձև բնույթի ցավ, որը կարող է ճառագայթվել որովայնի ամբողջ մակերեսով կամ դեպի ոտքերը, անցյալում ներուղղվող ճողվածքը չի ներուղղվում, խիստ ցավոտ, պնդացած, լարված ճողվածքապարկ, սրտխառնոց, փսխում, հաճախացած շնչառություն, հաճախացած անոթազարկ, փորկապություն, փքված որովայն, գազերի կուտակում: Որպես առաջին օգնություն հանգստացրեք տուժածին, օգնեք նրան ընդունել հարմար դիրք, որովայնին տեղադրեք սառը թրջոցներ, մի տվեք ոչինչ խմելու կամ ուտելու, մի տվեք տուժածին դեղորայք, հատկապես ցավազրկողներ: Չի կարելի ներուղղելու նպատակով փորձել սեղմել օղակված ճողվածքապարկը: Ահազանգեք շտապ օգնություն: Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և փոխանցեք արագ արձագանքման ծառայության ներկայացուցիչներին: