Փակ ցուցադրումներ, 3000 դիտում և 80 000 բացասական գնահատական՝ վարկանիշի արհեստական իջեցում՝ ֆիլմերի գնահատման հեղինակավոր IMDB կայքում, թուրք-ադրբեջանական ագրեսիվ հարձակում կինոթատրոնների տոմսարկղերի վրա… այսպես ամրագրվեց Հայոց ցեղասպանությանն անդրադարձող մեծակտավ գործի՝ «Խոստում» (The Promise) ֆիլմի մուտքը մեծ կինո:
Քըրք Քըրքորյանի Survival Pictures ընկերության հոլիվուդյան ֆիլմն իսկական մարտահրավեր է, որի շնորհիվ դեռ երկար կշրջանառվի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը՝ հոլիվուդյան աստղերի շուրթերից, համաշխարհային մամուլում և միջազգային ամենատարբեր հարթակներում:
«Խոստում»-ի ռեժիսոր օսկարակիր Թերրի Ջորջն իր շուրջն է հավաքել տաղանդավոր կինոդերասանների մեծ աստղաբույլ՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել և այլք: Կինոնկարի սաունդթրեքի հեղինակն աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն է:
Ֆիլմի հիմքում Մեծ եղեռնի տարիներին թև առնող սիրո պատմություն է, սիրող սրտերի եռանկյունի, որն, ըստ ռեժիսորի, առավել ընկալելի է դարձնում հեռավոր ու դաժան պատմական անցքերը:
«Օսմանյան կայսրության տարածքից հայերը տարվեցին մահվան երթերի՝ սպանվելով գետերում, դաշտերում, սարերում, խորտակվեցին ծովերում: Սա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, առանցքային պահ ցեղասպանությունների իրականացման գործում: «Ցեղասպանություն» եզրույթն առաջացել է հենց ա՛յս իրադարձությունը բնութագրելու համար»,- ասել է Թերրի Ջորջը:
Քըրք Քըրքորյանի նախաձեռնությունն իրականացավ, երբ այլևս նա չկար: Սակայն Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու՝ Քըրքորյանի երազանքը սերունդների համար էր, ապրելու, այլ ոչ սգալու ուղերձով:
Առաջ նայելու, կյանքը շարունակելու «Խոստումը» հայաստանյան կինոթատրոններում է: Հանդիսատեսը ֆիլմը կարող է դիտել անգլերեն, հայերեն և ռուսերեն տարբերակներով:
Ժաննա ՍԱՐԳՍՅԱՆ