Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՏԱՇԻՐԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ «911» ծառայության ասպետները

ՏԱՇԻՐԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ «911» ծառայության ասպետները

1462
Տարածել

ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատը (ՀՓՋ) տեղակայված է Տաշիր բնակավայրից քիչ հեռու` Տաշիր-Գյումրի ավտոճանապարհին: Տաշիրի ՀՓՋ-ի սպասարկման գոտում է գտնվում 19 գյուղական և մեկ քաղաքային համայնք: Շենքը, որտեղ տեղակայված է ՀՓՋ-ն, կառուցվել է 1978-ին: Կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Տաշիրի ջոկատայինները փորձում են պահպանել ունեցածը՝ այն հատվածաբար՝ նաև իրենց ուժերով նորոգել: ՀՓՋ-ն ունի 3 մարտական հաշվարկ և մեկ օժանդակ «Զիլ-157»: Հրամանատար Հովսեփ Արշակյանի խոսքով՝ թեև տեխզինվածությունը բավարարում է հրշեջ-փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, այդուամենայնիվ, համալրման կարիք միշտ էլ կա: Ըստ հաստիքացուցակի, Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատում առկա է 31 հաստիք, որից թափուր է միայն մեկը: «Այսօր շատերը ցանկություն ունեն համալրելու հրշեջ-փրկարարների շարքերը: Եթե տարիներ առաջ աշխատակիցների պակաս ունեինք, ապա հիմա ցանկացողներն անհամեմատ շատ են, մրցակցությունը մեծացել է, ստիպված ենք լինում նաև մերժել շատերին: Ուրախությամբ պետք է նկատեմ, որ մեր ջոկատում ունենք նաև մեկ կին հրշեջ-փրկարար: Կնոջ ներկայությունը համակարգում պարտադիր է»,- ասում է Տաշիրի ՀՓՋ-ի հրամանատար Հովսեփ Արշակյանը: Ջոկատը տարեկան միջինը 50-60 ամենատարբեր կանչեր է սպասարկում՝ մեծ մասը հրդեհների վերաբերյալ: Ձմռանը անձնակազմը «կռիվ» է տալիս եղանակային պայմանների, ամռանն ավելի շատ հրդեհների դեմ: ՀՓՋ-ի սպասարկման գոտում շատ են նաև ջրային տարածքները՝ ջրամբար, արհեստական լճեր և այլն: Կենցաղային կանչերը հիմնականում վերաբերում են բազմաբնակարան շենքերում փակ դռներ բացելուն: «Սպասարկում ենք նաև Վրաստանին սահմանամերձ տարածքները. սահմանին հաճախ անտառային հրդեհներ ենք մարում: Մոտ հինգ հազար բնակչություն ունեցող Մեծավան համայնքում ևս շատ հրդեհներ են լինում, դժվարությունը կայանում է նրանում, որ փողոցները նեղ են: Պրիվոլնոյե համայնքն էլ մոտ 20 կմ հեռու է գտնվում Տաշիրից, անանցանելի ճանապարհներ կան, և բարդություն է ժամանակին տեղ հասնելը»,- մանրամասնում է փ/ծ մայորը: Հրամանատարի խոսքով՝ ջոկատն աչքի է ընկնում բարձր մարտունակությամբ, ինչը տեսնում ու գնահատում են նաև լոռեցիները: Դրական վերաբերմունքի փոփոխությունը, վստահությունը, հույսն ու հավատը փրկարարական համազգեստի նկատմամբ ստիպում են ջոկատայիններին առավել պատասխանատու, զգոն ու պրոֆեսիոնալ գործել: Տաշիրի ջոկատայինները մասնակցել են բազմաթիվ ուսումնավարժանքների, փորձի փոխանակման ծրագրերի, իսկ հրշեջ-կիրառական մարզաձևի մրցումներում բազմիցս զբաղեցրել են առաջին տեղը:

Ջոկատի հրամանատար Հովսեփ Արշակյանը մասնագիտությամբ շինարար ու իրավագետ է: Ծառայության ուղին սկսել է 1996-ին ոստիկանության համակարգում: Փրկարարական համազգեստով ծառայությունը շարունակում է 2008-ից՝ սկզբում որպես Տաշիրի ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ: 2011-ին նշանակվել է Ստեփանավանի ՀՓՋ-ի հրամանատար, իսկ 2014-ից մինչև օրս Տաշիրի ՀՓՋ-ի հրամանատարն է: Մասնակցել է բազմաթիվ բարդ ու դժվարին կանչերի: Դրանցից մեկը տեղի է ունեցել օրեր առաջ՝ ապրիլի 16-ին. խոշոր հրդեհ էր բռնկվել Տաշիր քաղաքի «Կինոյի տանը»: «Ահազանգը ստացվել է 06:30-ի սահմաններում: Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ: Բարդ հրդեհ էր. հարակից հատվածներում չկային հիդրանտներ: Մեկ այլ խնդիր էր այն, որ մանրահատակն ամրացված էր ձյութով, և կրակը մարելու համար ստիպված էինք քանդել այն: Ցավոք, հնարավոր չեղավ փրկել դահլիճն իր ողջ գույքով, ամբողջովին այրվեց նաև տանիքը: Տղաները 6 ժամ պայքարեցին անսանձ կրակի դեմ և կարողացան կանխել հրդեհի տարածումը կիպ կպած կառույցին»,- մանրամասնում է հրամանատարը:

Թե քանի կյանք են փրկել ծառայության տարիներին, հրամանատարը չի հաշվել: Փոխարենն անկեղծանում է, որ ինքն ու իր ջոկատայիններն ապրում են հանգիստ խղճով՝ արել ու անում են հնարավորը՝ մարդկային կյանքեր փրկելու համար: Հովսեփ Արշակյանը հիշում է, թե ինչպես հրդեհի ուղեկցությամբ ավտովթարը խլեց 7 երիտասարդի կյանք, իսկ հրշեջ-փրկարարները պարզապես անզոր էին օգնության ձեռք մեկնել:

Այս ձմռանն էր, հրշեջ-փրկարարներին հաջողվեց ձնե կապանքներից դուրս բերել հարսանեկան ավտոշարասյունը՝ հարս ու փեսայի գլխավորությամբ, և անվնաս ճանապարհել նրանց՝ միջոցառումը շարունակելու:

Հրամանատարը երազում է մի օր Հայաստանը տեսնել զարգացած երկրների փրկարար ծառայությունների շարքում՝ առաջնակարգ գույքով, տեխնիկայով ու հանդերձանքով:

Հովսեփ Արշակյանը մասնակցել է բազմաթիվ ուսումնավարժանքների և դասընթացների, նվիրված ու բարեխիղճ ծառայության համար արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի ու խրախուսանքների:

Օրեր առաջ համաձայն ՀՀ ԱԻ նախարարի հրամանի, Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի ՀՓՋ-ի հրամանատար Հովսեփ Արշակյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:

 

Աննա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ