Գլխավոր Նորություններ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

1450
Տարածել

Հակակարկտային պաշտպանության եղանակները

Մեր երկրի աշխարհագրական և բնակլիմայական պայմանները նպաստավոր են մթնոլորտային վտանգավոր երևույթների առաջացման համար: Իսկ այդ երևույթները մեծ վնաս են հասցնում տնտեսությանը: Վտանգավոր և վնասակար երևույթ է նաև կարկուտը: Միայն 2016-ին Արմավիրի մարզում կարկտահարության հետևանքով տուժել է 26 համայնք, վնասվել է ավելի քան 5000 հա տարածք, վնասի չափը՝ մոտ 10 մլրդ դրամ:

Կարկուտը միայն Հայաստանին սպառնացող վտանգ չէ ու բնական է, որ տարբեր երկրների գիտական հաստատություններում մշակվել և մշակվում են հակակարկտային պաշտպանության եղանակներ: Դրանք են. հրետանային, հրթիռային, ինքնաթիռային, գազագեներատորային, վերերկրյա գեներատորային, էլեկտրաֆիզիկական և ցանցային:

 

Հրետանային

Բյուրեղագոյացնող ազդանյութով հրետանային արկերով ցանքս՝ կարկտավտանգավոր ամպերում: Արկերը պայթուցիչի օգնությամբ պայթում են պահանջվող բարձրության վրա` տարածելով ազդանյութն ամպի համապատասխան հատվածում: Եղանակը կիրառվում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Արգենտինայում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Սլովենիայում, Իտալիայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Հունգարիայում, Չինաստանում, այլուր: Արդյունավետությունը՝ մինչև 95 տոկոս: Եղանակը շատ ծախսատար է և թերություններ ունի. հրթիռները կառավարվող չեն, չի բացառվում հետագծից շեղումը, քաղաքացիական ավիացիայի օդային ուղևորափոխադրումների երթուղիների առկայությունը կարող է դառնալ այս եղանակի կիրառումը բացառող գործոն: Հայաստանի պարագայում կա ևս մեկ խնդիր. սահմանամերձ գոտիներում այս եղանակի կիրառումը նպատակահարմար չէ:

 

Ինքնաթիռային

Բուրեղագոյացնող ազդանյութի ցանքսը օդի վերին հոսքերում և ամպի կազմավորման մակարդակում՝ ինքնաթիռներում տեղադրված ազդանյութի համար նախատեսված տարողություններից: Կիրառվում է ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ավստրիայում, Կանադայում, Գերմանիայում, Հունաստանում, Հնդկաստանում, Թայլանդում, այլուր: Եղանակի արդյունավետությունը՝ 50 տոկոս:

Այս եղանակի առավելությունն այն է, որ կարկուտի փոխարեն անձրև է ստացվում: Թերությունն այն է, որ երբեմն, պայմանավորված թռիչքների համար անբարենպաստ եղանակային պայմաններով, չի հաջողվում չեզոքացնել կարկտաբեր ամպն ամբողջությամբ: Հակակարկտային պայքարի այս եղանակը Հայաստանում կիրառելի չէ, քանի որ կարկտաբեր ամպերը և ճակատային պրոցեսները հիմնականում ձևավորվում են հանրապետության սահմաններից դուրս:

 

Գազագեներատորային

Սա երկրի մակերևույթին տեղադրված հակակարկտային կայանք է, որի աշխատանքի հիմքում ընկած է գազի պայթյունից գեներացված ձայնային ալիքների ազդեցությունը՝ կարկտի առաջացման օջախների վրա: Եղանակի արդյունավետությունը՝ 50 տոկոս, ազդեցության գոտին՝ կայանքից 500 մետր շառավղով: Կիրառվում է Արգենտինայում, Բոլիվիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, այլուր: Հայաստանում այս կայանքների կիրառումը հնարավոր է և անհամեմատ արդյունավետ է սահմանամերձ գոտիներում կիրառման դեպքում՝ հիմնականում կոնվեկտիվ ամպերի ճակատային զարգացման գործընթացների ժամանակ:

Հակակարկտային կայանքները լինում են նաև գեներատորային և էլեկտրաֆիզիկական: Հայաստանում կարող են կիրառվել գեներատորային կայանքներ՝ հանրապետության տարածք մուտք գործած ճակատային և ներզանգվածային պրոցեսներին դիմակայելու համար:

 

Ցանցային

Սա հակակարկտային պաշտպանության պասիվ եղանակ է. պտղատու այգիներում տեղադրվում են հորիզոնական կամ ուղղահայաց պոլիէթիլենային ցանցեր: Երբեմն պոլիէթիլենին գունանյութ են ավելացնում, ցանցը մգանում է և հակակարկտային վահան լինելուց զատ դառնում նաև արևի ճառագայթների այրումներից պաշտպանող գործիք: Հակակարկտային ցանցերը կիրառվում են բազմաթիվ երկրներում, Հայաստանում ևս, սակայն ոչ զանգվածաբար: Արդյունավետությունը բարձր է:

Այսպիսով՝ նպատակահարմար է Հայաստանում կիրառել գազագեներատորային հակակարկտային կայանքներ, վերերկրյա ազդանյութային գեներատորներ, մասամբ՝ հրթիռային եղանակով պաշտպանություն և տեղադրել հակակարկտային ցանցեր:

 

Հրապարակումը պատրաստվել է Սուրեն Հովսեփյանի և

Արթուր Հովսեփյանի «Հակակարկտային պաշտպանության եղանակներն ու դրանց կիրառման նպատակահարմարությունը

ՀՀ տարածքում» զեկույցի

հիման վրա: Զեկույցը

ներկայացվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի

25-ամյակին նվիրված

միջազգային գիտաժողովին: