Գլխավոր Նորություններ ՀՀ ԱԻՆ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ  

ՀՀ ԱԻՆ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ  

1487
Տարածել

«Զինվորական նվագախումբ» անվանակարգում` 1-ին մրցանակ

Ապրիլի 15-ին Գյումրի քաղաքում «Փյունիկ» համահայկական հիմնադրամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկած «Վերածնունդ» միջազգային ամենամյա մրցույթ-փառատոնի շրջանակներում ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, գլխավոր դիրիժոր, փ/ծ գնդապետ Մանվել Ութուջյանի ղեկավարությամբ, «Զինվորական նվագախումբ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակի: Մրցույթ-փառատոնը կշարունակվի մինչև մայիսի 30-ը, որպեսզի մյուս անվանակարգերում էլ որոշվեն հաղթողները: Իսկ փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության զարգացումը, հաստատել նոր ստեղծագործական կապեր և ներկայացնել հայ մշակույթը: Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 3000 անհատ կատարող և համույթ 35 երկրից: Մրցույթն անցկացվում է 5 տարիքային խմբով և ունի 19 անվանակարգ:

Զինվորական նվագախումբ» անվանակարգում մրցույթ-փառատոնին մասնակցում էին Հայաստանի բոլոր ուժային կառույցների փողային նվագախմբերը, ինչպես նաև ինքնագործ խմբեր: ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը ներկայացրել է հայկական և արտասահմանյան դասական, ժողովրդական, զինվորական և էստրադային ոճի ստեղծագործություններ: Հնչել են Արտեմի Այվազյանի «Հայական ռապսոդիա», Ռիմսկի-Կորսակովի «Իշամեղվի թռիչքը», «Ջամայկա», Առնո Բաբաջանյանի «Երևան-Մոսկվա», Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» ստեղծագործությունները, ինչպես նաև զինվորական քայլերգ և այլ երաժշտական համարներ: Նվագախումբը հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները մատուցել է մաեստրո Մանվել Ութուջյանի մշակմամբ ու յուրովի մեկնությամբ: «Մեր փողային նվագախումբը երաժշտական համարները ներկայացնում էր այնպես, ինչպես կներկայացներ սիմֆոնիկ նվագախումբը: Նվագախումբն առանձնանում էր ոչ միայն լավ կատարմամբ, այլ նաև երաժշտական համարների մեր մեկնությամբ»,- նշում է փ/ծ գնդապետ գլխավոր դիրիժորը: Իսկ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, որ համացանցի միջոցով էր հետևել մրցույթին, զանգահարել է մաեստրո Ութուջյանին և իր հիացմունքն արտահայտել՝ նշելով, որ չէր տարբերվում՝ ելութ ունեցողը փողայի՞ն նվագախումբ է, թե՞ էստրադային, որ անկրկնելի է նման կատարումը, և մասնակից նվագախմբերի մեջ ԱԻՆ նվագախումբն ասես մի ծաղիկ լիներ:

Մրցույթ-փառատոնի մասնակիցներին գնահատելու համար հրավիրվել է բարձրակարգ մասնագետներից ժյուրի, որի կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված 72 գործիչ՝ աշխարհի 14 երկրից: «Զինվորական նվագախումբ» անվանակարգում գնահատող ժյուրին շուրջ 10 օր քննարկել ու ամփոփել է մրցույթի արդյունքը և հաղթող ճանաչել ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը: «Մենք տեղյակ չէինք, թե ինչ մրցանակային տեղ ենք զբաղեցրել և, ի վերջո, զանգահարեցին և ասացին, որ մեր նվագախուբն է հաղթող ճանաչվել»,- ասում է մաեստրո Ութուջյանը և ավելացնում, որ մոտ օրերս տեղի կունենա մրցանակի հանձնման արարողությունը՝ նույնպես Գյումրիում: Իսկ մրցույթ-փառատոնի ավարտից հետո, երբ մյուս անվանակարգերում էլ կորոշվեն հաղթող ճանաչված համույթներն ու անհատ կատարողները, կկայանա Գալա համերգ, որին կմասնակցեն հաղթողները: Գալա համերգին հանդես կգա նաև «Զինվորական նվագախումբ» անվանակարգում հաղթած ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը. «Այժմ պատրաստվում ենք այդ համերգին, հնչեցնելու ենք հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, որը շատ բարդ գործ է: Դեռ ոչ մի փողային նվագախումբ նման նախաձեռնությամբ հանդես չի եկել: Այդ գործն ենք ընտրել, որպեսզի ցույց տանք, որ մեր նվագախումբը չի սահմանափակվում միայն այն ոճով, որով հանդես եկավ մրցույթ-փառատոնի ժամանակ»,- վստահ ընդգծում է գլխավոր դիրիժոր, փ/ծ գնդապետ Մանվել Ութուջյանը:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ