Գլխավոր Նորություններ ԿՈԼՈՒՄԲԻԱԿԱՆ ՀԱՅ ԳԵՐՈՒ ՈԴԻՍԱԿԱՆԸ

ԿՈԼՈՒՄԲԻԱԿԱՆ ՀԱՅ ԳԵՐՈՒ ՈԴԻՍԱԿԱՆԸ

549
Տարածել

Ռուսական NTV հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել մոսկվաբնակ մեր հայրենակից Արսեն Ոսկանյանի մասին, որը ապրիլի 19-ին փախել էր Կոլումբիայի պարտիզանական բանակի գերությունից: Այս օրերին 40-ամյա Արսենի պատմությունը Կոլումբիայում գլխավոր նորությունն է՝ տեղական գրեթե բոլոր հեռուստաընկերություններն իրենց նորություններն սկսում են նրա որոնողական աշխատանքների վերաբերյալ ռեպորտաժներով, ներկայացնում են մանրամասներ, փորձում են հասկանալ՝ ինչպես է մոսկվաբնակ վարորդը դարձել կոլումբիական ապստամբների գերին:

Նշվում է, որ Արսեն Ոսկանյանը Կոլումբիա է մեկնել ռուսական անձնագրով և ուղևորվել ջունգլիներ, որտեղ ամեն կոլումբիացի չէ, որ համարձակվում է ոտք դնել, քանի որ այդ վայրերում շատ են թունավոր օձերն ու վայրի գիշատիչները: Ջունգլիներում ճանապարհներ գրեթե չկան, դրանք քիչ բնակեցված տարածքներ են, որոնք արդեն 50 տարի գտնվում են  ապստամբների հսկողության տակ:

Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատանը ևս զարմացած են՝ նման ճամփորդությունը շատ ռիսկային է: Այդ տարածքներում մարդիկ տեղաշարժվում են գետերով կամ ջրանցքներով:

Հայտնի է, որ Ոսկանյանը ջունգլիներ է գնացել թունավոր գորտեր որսալու, որոնք Եվրոպայում վաճառվում են աներևակայելի բարձր գներով: Սակայն թունավոր գորտերի «որսորդն» ինքն է ընկել պարտիզանների թակարդը: Կես տարի ռուս դիվանագետները, Կարմիր խաչի առաքելությունը բանակցում էին գերուն ազատելու համար, և ահա վերջին պահին, երբ նրան պատրաստվում էին ազատել, Արսեն Ոսկանյանը խլել է զինյալների զենքը, հրազենային վնասվածքներ է հասցրել նրանցից հինգին և փախել: Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է նաև Արսենը:

Փախուստի վայրին մոտ կան մի քանի գյուղեր: Կոլումբիայի իշխանություններն այնտեղ ապրող բնակիչներին խնդրել են օգնել փրկարարաորոնողական աշխատանքներում: Վիրավոր գերուն փնտրում են ոչ միայն ոստիկանները, այլև ապստամբները:

Նշենք նաև, որ թունավոր գորտերի «որսորդը» նաև Հայաստանի քաղաքացի է: