Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

742
Տարածել

Փրկարարը՝ մեր ժամանակի ընդօրինակելի հերոս

Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) հրամանատար, փ/ծ մայոր Բագրատ Դանիելյանն իր մարտական ուղու մասին պատմելուց առաջ նախ կարևորում է նշել, որ ծնվել է ծառայողի ընտանիքում: Հարը՝ Վանիկ Դանիելյանը, ավարտելով Խարկովի հրշեջ տեխնիկական ուսումնարանը, 1982-1996 թթ. եղել է Մասիսի հրշեջ մասի հրամանատարը, իսկ այժմ պահեստային փ/ծ մայոր է: «Ծառայության նկատմամբ սերը փոքր հասակից է սերմանվել մեր մեջ, երբ հորս հետ, դեռ երեխա, գալիս էինք հրշեջ մաս: Կրտսեր եղբայրս՝ Արմենը, նույնպես հրշեջ-փրկարար էր, այսօր ապրում է Ռուսաստանում: Ձգտել ենք, որ հայրիկի գործը շարունակական լինի: Արդեն ընտանեկան ավանդույթ է ձևավորվել, որդիներս՝ 12 և 10 տարեկան, նույպես ցանկանում են հրշեջ-փրկարարներ դառնալ: Ուզում են շարունակել պապիկի և հայրիկի գործը»,- արժանապատվորեն նշում է փ/ծ մայոր հրամանատարը:

1994-1996 թթ. Բագրատ Դանիելյանը ծառայել է Հայկական բանակում, զորացրվելուց անմիջապես հետո ընդունվել է Մասիսի հրշեջ մաս՝ նախ որպես շարքային հրշեջ, այնուհետև ծառայությունը շարունակել է՝ դառնալով օղակի հրամանատար և պահակախմբի պետ: Իսկ 2002 թ. տեղափոխվել է Երևանի թիվ 6-րդ ռազմականացված հրշեջ մաս, որն այն ժամանակ ներքին գործերի նախարարության համակարգում էր: «Մեկ տարի անց տեղափոխվեցի արտակարգ իրավիճակների վարչություն և նորից նշանակվեցի Մասիսի հրշեջ մասում՝ որպես ավագ: Իսկ 2005 թ. նշանակվեցի Արտաշատի ՀՓՋ-ում որպես պահակախմբի պետ՝ ստանալով լեյտենանտի կոչում»: Սակայն այսքանով չի սահմանափակվում մասնագիտությամբ իրավաբան, Գորիսի «Սյունիք» համալսարանի շրջանավարտ փ/ծ մայոր հրամանատարի անցած ուղին: 2011 և 2013 թթ. մարզում ճանաչվել է լավագույն խմբի պետ, իսկ արդեն 2015 թ. լավագույն խմբի պետ է ճանաչվել հանրապետությունում: Հենց այդ մարտական ուղին նկատի ունենալով էլ 2016 թ. նոյեմբերի 17-ին Բագրատ Դանիելյանին վստահվում է Մասիսի ՀՓՋ հրամանատարի աշխատանքը: «Մեր ծառայությունն այնպիսին է, որ մենք միշտ ենք կատարելագործվում, իսկ դա պահանջում է ամենաօրյա, աշխատանք, ճիգ ու ջանք: Ինչպես կյանքն է զարգանում, այնպես էլ մենք պարտավոր ենք քայլել ժամանակի պահանջներին համընթաց»,- նշում է հրամանատարը:

Հրշեջ-փրկարարի աշխատանքը նախ պատիվ է համարում հրամանատարը՝ նկատելով, որ այն իր առօրյան է դարձել, և իրեն չի պատկերացնում առանց փրկարարի ծառայության: «Այլ ուղղությամբ չեմ էլ մտածում և այլ աշխատանքի մեջ ինձ չեմ էլ պատկերացնում: Քանի դեռ կարող եմ, պետք է մասնակցեմ մեր հանրապետության փրկարար ծառայության գործին՝ մարդկանց կյանքեր փրկելով: Որքան քիչ լինեն հրդեհներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները, այնքան ուրեմն լավ ենք աշխատել հասարակության հետ՝ իրազեկելով հնարավոր դեպքերի ու վտանգների մասին: Ոչ միայն կանխելը, նաև ռիսկերի նվազեցումն է մեր համատեղ աշխատանքի արդյունքը»,- վստահ ու մասնագիտորեն պարզաբանում է հրամանատարը:

Փրկարար մայորը չի առանձնացնում որոշ դեպքեր ու դրվագներ անցած ճանապարհից՝ առանձնահատուկ հնչեղություն հաղորդելով, նկատում է, որ բոլոր դեպքերն են արտակարգ, և դրանք կանխելն ու հետևանքները շուտափույթ վերացնելն առավել կարևոր: Իսկ հրամանատարին ամեն օր համազգեստով տեսնելիս ոչ միայն սեփական երեխաներն են ոգեշնչվում՝ աչքի առջև ունենալով այն կերպարը, որին ձգտում են նմանվել, այլև բակի ու շրջապատի նրանց հասակակից տղաները: Հրամանատարը ժպիտով նկատում է, որ  հարևանի տղան որոշել է արտակարգ իրավիճակների նախարար դառնալ, և ամեն անգամ իրեն տեսնելիս ասում է՝ իմ նախարարության աշխատողը եկավ: Համոզված է՝ որտեղ փրկարարն է բնակվում, այնտեղ պատանիները ոգեշնչվում են նրա անձով՝ սերիալների տհաճ ու անդեմ հերոսներին կրկնելու փոխարեն: Փրկարարը դառնում է ժամանակի կերպար, իր առաքինությամբ ընդօրինակելի հերոս: «Եթե երեխաները ձգտում ունեն փրկարար դառնալու, արդեն իրենք դաստիարակվում են, հոգեբանորեն պատրաստվում օգնելու, փրկելու համար և մեծանում են որպես լավ մարդ»:

Թեպետ ընդամենը հիգ ամիս է փրկարար մայորը ստանձնել Մասիսի ՀՓՋ հրամանատարի պաշտոնը, սակայն հասցրել է այդ կաճ ժամանակամիջոցում լուծել մի շարք անհրաժեշտ խնդիրներ: Շրջելով շենքում՝ ծանոթացնում է հրշեջ-փրկարարների կացարանին, խոհանոցին, դասասենյակին, ավտոտնակին ու մյուս կենցաղային պայմաններին, որոնք գտնվում են բարվոք վիճակում: Ապահովել է ինչպես նաև տարածքի սանիտարահիգիենիկ պայմանները: Հրամանատարի նախաձեռնությամբ տարածքում արտեզյան ջրհոր է փորվել, որտեղից  մեքենաները լիցքավորվում են ջրով և ժամանակ չեն կորցնում այլ տեղեր հիդրանտներ փնտրելով: «Միայն շենքի տանիքի վերանորոգման խնդիր ունենք, որը, հուսանք, մոտ ժամանակներում կլուծվի, քանի որ ԱՄՆ դեսպանատան միջոցով տրվող ամերիկյան օգնության ծրագրի երկրորդ փուլում է ընդգրկված»,- վստահեցնում է հրամանատարը:

Իսկ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը Մասիսի ՀՓՋ հրամանատարին բնորոշում է որպես փորձառու և իր պարտականությունները լիարժեքորեն կատարող մասնագետ. «Բագրատ Դանիելյանն անցել է հրշեջ-փրկարարի մոտ 22 տարվա ճանապարհ: Անցել է այդ ուղին՝ դեռ փոքրուց տեսնելով հոր աշխատանքը. ահազանգեր, հրդեհաշիջում և թե ինչպես են փրկում մարդկային կյանքեր, հանրային ու մասնավոր սեփականություն: Հավանաբար, հենց այդ աշխատանքը տեսնելով էլ ի սկզբանե կողմորոշել է ընտրել փրկարարի ուղին՝ շարունակելով իր հոր ճանապարհը»:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ