Գլխավոր Նորություններ ԵՐԲ ԾԱՂԿԱԹՈՒՂԹԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԼՈՒՌ ԴԵՍՊԱՆ

ԵՐԲ ԾԱՂԿԱԹՈՒՂԹԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԼՈՒՌ ԴԵՍՊԱՆ

644
Տարածել

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ 2010-ից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդի տաճար-դամբարանում խոնարհված ծաղիկները հավաքվում են. ցողուններն անջատվում են ծաղկաթերթերից, ցողունները դարձվում են պարարտախառնուրդ, ծաղկաթերթերը մշակվում ու դառնում  են ձեռակերտ ծաղկաթուղթ: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, դառնում հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ, գրառումների մատյան՝ կարծես լուռ դեսպան, և փոխանցում այն խորհուրդը, որ հուշահամալիր այցելած մարդիկ դրել են ծաղիկների մեջ: Մեկ կիլոգրամ չորացած ծաղկաթերթերից ստացվում է A3 ձևաչափի 40 թուղթ: «Ծաղկահավաք» ակցիան վերածննդի ծրագիր է:

Առաջին անգամ ակցիայի կազմակերպիչը Հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտներն էին: Ծաղկահավաքին մասնակցում է 1200 կամավոր՝ հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական կառույցների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսանողներ: Նրանց թվում են նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Մենեջմենթ և Հրդեհային պաշտպանություն (միջին մասնագիտական) բաժինների ուսանողները:

Սիրով ծաղկահավաքին են միանում նաև այդ պահին Ծիծեռնակաբերդ այցելած մարդիկ:

ՃԿՊԱ դասախոս Ռուզաննա Ղարիբյանը հպարտությամբ ասում է, որ Ծիծեռնակաբերդի համալիր այցելելու, անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու նախաձեռնությանն ուսանողները ոգևորությամբ են միացել.

«Այսօրվա մեր դասը նվիրել ենք Ծիծեռնակաբերդի կառույց-համալիրի ուսումնասիրմանը, զրուցել ու մտքեր փոխանակել ցեղասպանությունների մասին, տեսանյութեր դիտել, իսկ օրն արդեն եզրափակում ենք այստեղ՝ շրջայց կատարելով Հայոց ցեղասպանության թանգարանում և վմասնակցելով ծաղկահավաքին»,- նկատում է ՃԿՊԱ դասախոս Ռուզաննա Ղարիբյանը:

 

Աննա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ