Գլխավոր Նորություններ «ԳՆԻՇԻԿ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԸ

«ԳՆԻՇԻԿ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԸ

844
Տարածել

Էկոմիջանցք՝ Խոսրովի արգելոցից մինչև Զանգեզուրի արգելավայր

«Հարավային Կովկասի (Հայաստան) էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում» ծրագրով օրերս պաշտոնապես բացվեց Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնը: Այն հագեցած է արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով: Կենտրոնը համագործակցելու է համայնքների անասնաբույժների հետ, խորհրդատվություն է տրամադրելու անասնապահության բարելավման վերաբերյալ: Անասնաբույժների հետ կազմակերպելու են նաև վերապատրաստման դասընթացներ: Ծրագիրն իրականացնում է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի («WWF-Հայաստան») հետ համագործակցությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության անմիջական մասնակցությամբ և Գերմանիայի ֆինանսական աջակցությամբ: Առաջին կենտրոնը բացվել է Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում 2011-ին: Եղեգնաձորինը թվով 18-րդն է: Դրանք ցուցաբերելու են առաջին օգնություն,  իրականացնելու են արհեստական սերմնավորում, որը նաև հիմք կդնի մասնավոր անասնաբուժությանը:

Նույն օրը «WWF-Հայաստանի», «Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի» և Խաչիկ համայնքի միջև կնքվեց «Բնության պահպանության եռակողմ պայմանագիր», ըստ որի՝ համայնքին հանձնվեց գյուղտեխնիկա և մոտ 4000 պտղատու տնկի: Պայմանագրով արդեն իսկ տրամադրվել է 70 հազար եվրո՝ գյուղտեխնիկա ձեռք բերելու համար:

«Մտադիր ենք գյուղտեխնիկայի փոքր պարկ ստեղծել: Եթե այսօր 1 հա վարի ծառայությունը մատուցվում է 15 հազար դրամով, մենք մատչելի գին կառաջարկենք գյուղացիներին: Որոշել էինք տրամադրված պտղատու տնկիներով  մեծ այգիներ հիմնել, սակայն խաչիկցիները նախընտրեցին, որ դրանք բաժանվեն ընտանիքներին՝ սեփական այգիներում տնկելու համար»,- մանրամասնում է Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը:

Խաչիկցի Կինավարտ Սարգսյանի ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը գոյանում է հողագործությունից ու անասնապահությունից: Ուրախ է, որ մասնավոր գյուխտեխնիկայից բացի, համայնքը կունենա նաև սեփականը:

Խաչիկի համայնքապետ Վարդան Ներսիսյանի խոսքով՝ գյուղի համար առաջնահերթը շարունակում է մնալ ոռոգման ջրի խնդիրը. 500 հազար խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցումն ամբողջությամբ կբավարարի Խաչիկի հողատարածքները ոռոգելուն:

«Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամը» ստեղծվել է 2014-ին՝ Գնիշիկ, Մոզրով, Արենի, Խաչիկ համայնքների փոխհամաձայնության հիման վրա: Հիմնադրամն այսօր իրականացնում է նաև «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի տարածքների հսկողությունը, ռեսուրսների կայուն կառավարումը՝ պահպանելով կենսաբազմազանությունն ապօրինի գործողություններից՝ որսագողություն, անտառահատումներ և այլն: Սա նաև կարևոր բաղադրիչ է էկոմիջանցքների ստեղծման աշխատանքներում: «Էկոմիջանցքը ձգվելու է Խոսրովի արգելոցից մինչև Զանգեզուրի արգելավայր: Վայոց ձորի դեռ 10-15 համայնքի հետ պայմանագրեր կկնքենք: Թիրախում չորս տեսակի կենդանի կա՝ բեզոարյան այծ, գորշ արջ, հայկական մուֆլոն և կովկասյան ընձառյուծ, որոնք միգրացիա են կատարում մի վայրից մյուսը. պետք է ապահովել նրանց անվտանգ տեղաշարժը: Կարող ենք փաստել, որ որսագողությունն անհամեմատ նվազել է. անցած տարի Նորավանքի կիրճում գտանք սպանված բեզոարյան այծ, ձյան հալոցքից հետո միայն պարզեցինք, որ դեպքը վաղուց է եղել, ցավոք, այն բացահայտել չհաջողվեց: Եթե այս տարածքում 2005-ին հաշվել էինք 70-80 բեզոարյան այծ, ապա այսօր դրանց թիվը 350-ից ավելի է»,- ասում է «WWF-Հայաստան» հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Լանդշաֆտի պահպանությունն իրականացնում են WWF-ի տեսուչները, տեղադրված են նաև տեսախցիկներ:

Նշեմ, որ պահպանվող տարածքում հեռադիտակի օգնությամբ ու անզեն աչքով կարողացա տեսնել ու հաշվել հարյուրից ավելի բեզոարյան այծ:

 

Աննա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Խաչիկ-Գնիշիկ-Երևան