Գլխավոր Նորություններ ԱՆ-ԺԱՄԱՆԱԿ…

ԱՆ-ԺԱՄԱՆԱԿ…

672
Տարածել

Տպավորություն. այսօր արդեն բոլորը կամ գրեթե բոլորն այս կամ այն կերպ սովորել են կարծիք արտահայտելու եղանակները: Ի պատասխան՝ աշխարհը կամ կյանքն առավելս կատարելագործել է ուզածդ կարծիքի հանդեպ անտարբեր մնալու-լինելու իր բնածին կարողությունը:

Տպավորություն է ընդամենը: Ինչպես այն մեկը, ըստ որի՝ աշխարհը կամ կյանքը համակ ուշադրություն է ուզածդ՝ նույնիսկ ամենաաննշան կարծիքի հանդեպ:

Պարզապես, քանի որ կարծիքները պատկանում են ամենատարբեր մարդկանց, երբեք ու ոչ մի կետում չեն համընկնում, աշխարհը դժվարանում է դրանք մի ընդհանուր հայտարարի բերել և, ի վերջո, ստիպված մի կողմ է դնում դրանք ու անում է իր ուզածը…

Որովհետև՝ ինչի՞ն հավատա. աշխարհաճանաչողության տարբեր ելակետեր արտացոլող կարծիքների՞ն, թե՞ միլիոն տարուց ի վեր գոյություն ունեցող իրականությանը:

Դարձյալ անհանգիստ խլրտումը նորին մեծություն կասկածի. կարծիք, ելակետ, աշխարհայացք… իսկ ի՞նչ, եթե մարդն ինքը տարբեր է, մարդիկ տարբեր են, նույնը չեն, նման չեն: Ուրեմն նման չեն լինելու նրանց ճանապարհները, որոնք տեղ պիտի հասցնեն. կհասցնե՞ն, բոլորի՞ն կհասցնեն…

Մարդը սովորաբար խոսում է ժամանակի հատվածների մասին, բայց դժվարանում է նկատել ՄԻԱԺԱՄԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: Որպես իմացություն մենք սիրում ենք կրկնել Ժողովողին՝ հաստատելով, որ ամեն ինչի ժամանակը կա՝ քարերը նետելու և հավաքելու՝ ասենք, ապա ամբողջ այդ շարքը:

Բայց ուզում ենք մոռանալ, որ հենց նույն պահին են տեղի ունենում սպանությունն ու բժշկումը, պատերազմն ու խաղաղությունը, սերն ու ատելությունը: Իսկ մոռանալ ենք ուզում, երևի, որ չխոստովանենք՝ քարերը նետողը երբե՛ք քարերը հավաքողը չէ…

Դա դեռ ոչինչ:

Իսկ եթե վրա է հասնում ԱՆԺԱՄԱՆԱԿՈՒԹՅՈ՞ՒՆԸ:

Այսինքն՝ այնպիսի մի ժամանակ, երբ այլևս ավարտված են լինում Ժողովողի թվարկած գործողությունները: Դժվար է այդպիսի մի ժամանակ պատկերացնելը: Իսկ գուցե պատկերացնելու հարկ չկա էլ և պարզապես պետք է ՆԱՅԵԼ…

Առհասարակ՝ քաղաքակրթությունը ցուցիչ ունի՞, ո՞րն է այդ ցուցիչը. հացի պատառը խլելու եղանա՞կը, բանաստեղծությո՞ւնը, զինատեսակնե՞րը, որոնք մի հարվածով կարող են ոչնչացնել ուզածդ ինչպես հաստատուն թվացող ու միաժամանակ կասկածելի, այնպես էլ ենթադրաբար դեռևս գալի՛ք քաղաքակրթությունները:

Ասենք՝ ԺԱՄԱՆԱԿԸ խունացնո՞ւմ է գույները, ձայները, գծերը: Ասե՞նք՝ ժամանակը խունացնում է քաղաքակրթության ցուցիչները: Ծանր է նման բան ասելը, որովհետև դա նմանվում է ինքնամեղադրանքի, նմանվում է խոստովանելուն, որ բժշկողն այլևս անզոր է, որ անզոր է խաղաղարարը, որ անզոր է քաղաքակրթությունը, այն մեկը՝ ԻՍԿԱԿԱՆԸ, որին արժանի է մարդը: Այն մարդը, որը նոր գույներ է վառում, նոր խոսք է ձայնում, նոր գիծ է գծում:

 

***

Միշտ, բոլոր գոյություն ունեցողները միակ իրականություն դառնալու հավակնությամբ իրենց հետքերն են փորձում թողնել ԱՄԵՆԱՆՅՈՒԹԻ ցանցաթաղանթին, ուստի խնդիրը դարձյալ հենց այսօրվա հետաքրքրվածությունն է` այսօրվա լեզվով, և ոչ թե, ասենք, որոնումի եղանակն ինքը — իբր հին կամ իբր նոր:

 

***

Որևէ բան հենց ժամանակի մեջ հասկանալու փորձերը մարդուն, ի վերջո, դարձնում են ժամանակի գերին: Ժողովողի «ժամանակների ցուցակում» մեկ-երկու կետ ավելացնելը մանր զբաղմունք էր լինելու այլևս, որովհետև ճռնչալով բացվածի սկզբունքն է ուրիշ. վայրկյանը, ժամը, գուցե օրը նաև, բայց արդեն ո՛չ տարվա, ասենք, անորոշ-անանունությունը:

Սերն ու ատելությունն` առավել հիմնարար մեծություններ են, քան բուն ժամանակը: