Գլխավոր Նորություններ ԱԿԱՆԱՅԻՆ ՎՏԱՆԳԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ

ԱԿԱՆԱՅԻՆ ՎՏԱՆԳԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ

638
Տարածել

Որ կարողանան անվտանգ ապրել, առաջնագծի գյուղերում երեխաներին նաև ականներից պաշտպանվել են սովորեցնում: Գրեթե սակրավորի հմտությամբ ականի պայթյունից խուսափելը մեր սահմանին ապրող փոքրիկներին Խորվաթիայում են սովորեցրել: Այս մասին հայտնեցին ապրիլի 25-ին Երևանում կայացած Հայաստանում ականների վտանգի իրազեկման աջակցության ծրագրի ամփոփման ժամանակ, որին մասնակցում էր ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տնօրեն Ռուբեն Առաքելյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք:

«Աշխարհում չպայթած ականներից հազարավոր մարդիկ են տուժում: Ականային վտանգի մասին խոսելն ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը մեծ նշանակություն ունեն ռիսկերի նվազեցման համար: Այս ծրագիրը նպատակ ուներ լայնամասշտաբ իրազեկման միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել ականային վտանգին, երեխաներին և ուսանողներին տեղեկություններ հաղորդել ականների մասին: Արդյունքները ցույց են տալիս, որ ծրագիրը հաջողված էր և արդյունավետ: 1998-ից սկսած Ճապոնիայի կառավարությունը տրամադրել է ավելի քան 670 մլն դոլար աշխարհում մարդկանց կյանքը փրկելու համար»,- եզրափակեց դեսպանը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» վտանգի իրազեկմանն ուղղված աշխատանքները սկսել է 2016 թ. մարտին՝ Ճապոնիայի կառավարության Grant Assistance for Grassroots Human Security Projects (GGP) դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ: Կենտրոնը դպրոցներում, բուհերում իրազեկել է անվտանգության կանոնների մասին, անցկացրել ականազերծման ուսուցումներ: Դասընթացներ են անցկացվել նաև Խորվաթիայում, որտեղ Կարմիր խաչի ընկերությունը  մեր սահմանամերձ բնակավայրերի երախաներին սովորեցրել է զգուշանալ չպայթած զինամթերքի վտանգներից: Սահմանին ապրող երեխաներն այս ծրագրով այս տարի ևս կմեկնեն Խորվաթիա: Ականների վտանգի իրազեկման ծրագիրը վերջին տարիներին Հայաստանում իրագործված առաջին մեծ նախագիծն է:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները մշակել և տպագրել են 180 տեղեկատվական գրքույկ ու 7500 թեմատիկ պաստառ, որոնք բաժանվել և փակցվել են հանրապետության բոլոր՝ 1393 դպրոցներում: Պաստառներով ներկայացված են ականային վտանգ պարունակող մարզերի տարածքները և վտանգի առարկաները: Նկարահանվել է նաև մուլտֆիլմ, որի հերոսուհին սովորեցնում է պայթյունավտանգ առարկաների հետ կապված անվտանգության կանոնները:

 

Լուսանկարները՝ mes.am-ի