Գլխավոր Նորություններ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

967
Տարածել

Երկրաշարժից վնասված շենքի գործիքային չափում

2010-ին ՀՀ կառավարությունը հաստատել է հանրապետությունում սեյսմիկ անվտանգության զարգացման հայեցակարգը: Կարևորվել է սեյսմիկ ռիսկի գնահատումը և նվազեցումը: Իսկ սեյսմիկ ռիսկի գնահատման կարևորագույն բաղադրիչ է շենքերի, շինությունների, կառույցների սեյսմակայունության գնահատումը՝  մասնավորապես ուժեղ երկրաշարժերի ազդեցությունը կրած շենքերի տեխնիկական վիճակի և սեյսմակայունության գնահատումը:

Որպես կանոն, շենքերի, շինությունների, կառույցների սեյսմակայունությունը գնահատվում է՝ ելնելով շենքի տեխնիկական վիճակից (վնասվածության աստիճանից): Այսօրվա մակրոսեյսմիկ հետազննությունների տվյալների մեծ մասը կուտակվել է շենքերի զուտ ակնադիտական՝ տեսողական զննության հիման վրա, առանց գործիքային չափումների: Այսօր էլ, տարբեր մասնագետներ շենքերի տեխնիկական վիճակը հաճախ գնահատում են նույն ձևով: Երկրաշարժերի ազդեցությունը կրած շենքերի փաստացի սեյսմակայունության քանակական գնահատումն օրակարգի խնդիր է: Հաճախ հանդիպում են շենքեր, որոնք նկատելի վնասվածքներ չունեն, սակայն շենքի իրական կրողունակությունն ու կայունությունը զգալիորեն փոխվել են նախկին սեյսմիկ ազդեցությունների հետևանքով: Նման պայմաններում անհնար է գնահատել շենքերի տեխնիկական վիճակն առանց գործիքային հետազոտությունների, որոնցից ամենաարդյունավետը կառուցվածքների սեփական տատանումների պարբերությունների չափումն ու համեմատումն է դրանց մինչերկրաշարժային կամ նախագծային արժեքների հետ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունում արդեն քանի տարի սեյսմիկ ռիսկի գնահատման մեթոդների կատարելագործման աշխատանքներ են իրականացվում, և կուտակվել է տվյալների հարուստ բազա, որը մեկնաբանությունների և քանակական գնահատման լավ հիմք է: Մասնավորաբար՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կատարվել են 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած որոշ տիպային շենքերի սեփական տատանումների պարբերությունների չափումներ: Այս շենքերի մի մասն այսօր էլ շահագործվում է առանց որևէ ուժեղացման կամ վերականգնման:

Ըստ այդ ուսումնասիրության, կարկասային շենքերի սեփական տատանումների պարբերությունները մեծացել են 15-17 տոկոսով, իսկ քարե շենքերինը՝ մինչև 42 տոկոսով, շենքերի ընդհանուր կոշտությունը մեծապես նվազել է՝ պայմանավորված մնացորդային, ոչ առաձգական դեֆորմացիաներով ու վնասվածքներով: Կարկասային շենքերում՝ առանձին տարրերի միացման հանգույցներում բետոնի փշրում, կոնստրուկցիաներում մազաճաքերի առաջացում և այլն: Քարե շենքերում միդիս շարվածքի խարխլում, շերտավորում, պատերի լցվածքի քայքայում, փխրեցում, քարերի և շաղախի կապի թուլացում կամ անջատում, պատերում ճաքերի առաջացում և այլն:

Այլ խոսքով՝ քարե շենքերում առկա են մեծ, չվերականգնված, մնացորդային վնասվածքներ, որոնք մեծամասամբ արտաքուստ անտեսանելի են, սակայն  բերել են այս շենքերի սեյսմակայունության փոքրացման:

Միդիս շարվածքով քարե բազմաբնակարան շենքերի ամրությունն ու կայունությունը՝ սեյսմակայունությունը, փոքրացել է 3,03, իսկ կարկասապանելային շենքերինը՝ 1,33 անգամ, համեմատած մինչերկրաշարժային վիճակի հետ:

Շենքերի սեփական տատանումների պարբերությունների փոփոխությունը կարող է բերել նաև սեյսմիկ ազդեցությունների ուժգնության փոքրացման կամ մեծացման՝ կախված տեղանքի գրունտային պայմաններից: Օրինակ, եթե քարե կոշտ շենքերը դրված են փափուկ գրունտների վրա, ապա դրանց սեփական տատանումների պարբերության մեծացումը բերում է սեյսմիկ ազդեցությունների ուժգնացման, իսկ կոշտ գրունտների դեպքում՝ նվազեցման մինչև երկու անգամ:

 

Հրապարակումը պատրաստվել է Ռազմիկ Աթաբեկյանի,

Սերգեյ Նազարեթյանի,

Կարեն Մխիթարյանի,

Հայկ Կարապետյանի,

Վանիկ Մկրտչյանի,

Լուսինե Աթաբեկյանի

«Ուժեղ երկրաշարժերի ազդեցությունը կրած շենքերի վնասվելու ռիսկի քանակական գնահատումը գործիքային չափումների հիման վրա»

զեկույցի հիման վրա:

Զեկույցը ներկայացվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված գիտաժողովին: