Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՓՐԿԱՐԱՐԸ. ԽԻԶԱԽ ՈՒ ԱՆՎԵՀԵՐ

ՓՐԿԱՐԱՐԸ. ԽԻԶԱԽ ՈՒ ԱՆՎԵՀԵՐ

655
Տարածել

Սևանի ՀՓՋ օղակի հրամանատար, փ/ծ ավագ Հովհաննես Խաչատրյանը թերթում է ընտանեկան ալբոմը. դեռ մանուկ հասակից համազգեստի հանդեպ անտարբեր չի եղել: «Մանկուց սիրել եմ զինվորական գործը, 1994-ին՝ բանակից զորացրվելուց հետո, ընկերոջս խորհրդով աշխատանքի անցա թիվ 34 հրշեջ մասնագիտացված մասում: Այն ժամանակ Ճգնաժամային կառավարման պետակադեմիա չկար, այդպես էլ ուսում չստացա: Հիմա տարիքս 45-ի է հասնում, երեխաների ապագայի մասին մտածելու ժամանակն է»,- ժպիտով ասում է փորձառու փրկարարը:

Բռնցքամարտի չեմպիոն էր, ֆուտբոլ էր սիրում: Վնասվածքի պատճառով մեծ սպորտն այդպես էլ երազանք մնաց: Փոխարենը խոհարարություն սովորեց. ինչպես ինքն է սիրում կատակել՝ ջոկատում արդեն 23 տարի ճաշ է եփում:

Հովհաննեսի ծննդյան օրը՝ ապրիլի 17-ը, համընկնում էր խորհրդային տարիների ամենանշանավոր տոներից մեկի՝ հրշեջի օրվա հետ: Սովորույթի համաձայն՝ այդ օրը հավաքվում են հին աշխատակիցներով ու համտեսում իր ձեռքով պատրաստած ուտեստները:

23 տարիների ծառայության ընթացքում մի բան միանշանակ նույնն է մնացել՝  համարձակությունը: Պատմում է՝ դեռ երիտասարդ տարիներին առանց վախի կախվում էր տարբեր բարձրություններից, փողրակն առնում ձեռքն ու նետվում կրակին ընդառաջ. բոլորը վստահում էին իր ուժերին: Հարցնում եմ՝ արդյոք տարիքն իրեն զգալ չի տալիս: «Հիմա էլ ջահելներին ենք ասում՝ մուրազի վրա եք, մեզ բան չի պատահի (ծիծաղում է): Փրկարարը պետք է արդյունավետ աշխատի, նույնիսկ եթե մահն առջևով անցնի: Եթե վախեցավ, ուրեմն սա իր տեղը չէ»,- նշում է Հովհաննեսը:

Իր առաջին հերթափոխը միշտ ջերմությամբ է հիշում. ծառայակիցները որոշել էին անփորձ հրշեջի հոգու հետ խաղալ՝ զգուշացնելով, որ շուտով երդում պիտի ընդունի: Առաջին գիշերն անցել էր անհանգիստ ու լարված: Առավոտյան պարզվել էր, որ անքնության պատճառը մահճակալի վրա ցցված մեծ փայտն էր: Ի՞նչ արած. ամեն նորեկի պարտադիր փորձություն էր սպասվում:

Հովհաննեսի խոսքով՝ փրկարարի աշխատանքն իսկական էքստրիմ է: Հմտությունները համալրվում են ամեն օր՝ վարժանքների և դասընթացների շնորհիվ:  Դժվարություններ շատ են եղել՝ պատահարներ ու ավտովթարներ, որոնք երկար մեխվում են հիշողության մեջ: Սակայն ժամանակի հետ ընտելանում ես և առաջ շարժվում: Բազմաթիվ վնասվածքներից մնացած սպիներն ամուր ընկերության վկայությունն են. եղել է՝ տանիքից հրդեհաշիջման ժամանակ սայթաքել է և կրակի մեջ հայտնվել, սակայն փողրակի մյուս կողմում գտնվող օգնական ձեռքը փրկել է իրեն. «Միշտ իրար կողքի ենք ուրախության և տխրության պահին. անկախ կոչումից՝ ջոկատում հավասար եղբայրություն է»:

Առաջին բուժօգնության լավ իմացությունը փրկարարի համար առաջնահերթ է: Քիչ չեն դեպքերը, երբ ականատես է եղել «լեզուն կուլ գնալուն», շոկային իրավիճակների և կրաշ համախտանիշի: Խոստովանում է՝ առանց գիտելիքի մարդկային կյանք փրկել չէր կարող: Առանձնապես զգոն է մանկահասակ երեխաների հանդեպ, որոնք սովորություն ունեն իրեր կուլ տալու: Իր ներկայությամբ ընտանիքի անդամները հանգիստ են. նույնիսկ մայրը, որ 40 տարվա բուժքույր է, որդուց է շատ բան սովորում: «Դպրոցներում հաճախ վարժանքներ ենք անցկացնում, հպարտ ես զգում, երբ դրանք արդյունք են տալիս: Հիշում եմ Մոսկվայի մետրոյի հրդեհը. մեծ թվով երիտասարդներ մահացան, քանի որ տարհանվելիս իրար չէին զիջել: Առաջին հերթին պետք է խուճապը կանխել»,- ասում է օղակի հրամանատարը:

Բազմամյա փրկարարական ծառայության ամեն օրն իր «համն ու հոտն» ունի: Երբեմն տուժածի մի շնորհակալական խոսքն իսկական բարեկամության է վերածվում: Մարզային «911» ծառայության մշտական «ահազանգող», միայնակ թոշակառու 88-ամյա Օլյա տատը փրկարարի սիրելին է: Հաճախ է կնոջն այցելում, մաքրում ծխնելույզը, հավաքում այգու միրգը: Տատը նրան որդու պես է սիրում:

Ծանր աշխատանքային օրվա ավարտին լավագույն դեղամիջոցը հումորն է. հաճախ են ջոկատի տղաներով զավեշտալի դեպքեր վերհիշում, ծիծաղում: Նախորդ տարի փակ դուռ բացելու կանչ էին ստացել. օգնության շտապող Հովհաննեսը տանիքից պարանով իջնելիս վախեցրել էր մանկական զուգարանակոնքին նստած փոքրիկին: Երեխայի սիրտը կոնֆետով էր առել: Մեկ ուրիշ անգամ Գավառի դպրոցներից մեկում հրդեհաշիջումից հետո մի դպրոցական մոտեցել էր նրան և հայտնել իր դպրոցի համարը՝ հետաքրքրվելով, թե երբ է այնտեղ հրդեհ սպասվում, որպեսզի դասի չգնա:

Փրկարար հոր նախասիրությունները կիսում է նաև 14-ամյա որդին. 7 տարեկանում կարողանում էր ինքնուրույն փռել փողրակն ու միացնել ջրամատակարարումը: Հայրը դեմ չէ, որ զավակն իր հետքերով գնա, թեև նրա համար ֆուտբոլային կարիերա է կանխատեսում: Կարևորը հոգով փրկարար լինելն է, միշտ պատրաստ դիմացինին օգնության հասնելու:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ