Գլխավոր Միջոցառումներ ՎԱՐԺԱՆՔ՝ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

ՎԱՐԺԱՆՔ՝ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

689
Տարածել

Եղանակային փոփոխությունների հետևանքով գարնանային վարարումների վտանգն այս օրերին զգոնության առիթ է տալիս: Բնակչությանն իրազեկելու և տարբեր ծառայությունների գործակցությունն ամրապնդելու նպատակով օրերս Կոտայքի մարզում անցկացվեց «Ջրածածկման տարածքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ըստ սցենարի՝ մարզի տարածք է ներթափանցել հերթական ցիկլոնը՝ առաջացնելով առատ տեղումներ և հեղեղումներ: Ջուրը ողողել է Հրազդանի Աղբյուրակ թաղամասի որոշ տներ, Ներքին Քաղսի, Բջնի և Արզական համայնքների բնակելի զանգվածն ու հարակից հողատարածքները:

Կոտայքի մարզպետի և մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ավետիս Մանուկյանի ղեկավարությամբ կազմակերպվում է արձագանքող ուժերի ազդարարում: Տեղանքում կատարվում է հետախուզություն՝ էլեկտրականության, գազամատակարարման դադարեցման և տուժածների հայտնաբերման նպատակով:

Փրկարարական աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասերում: Առաջինում Հրազդանի ՀՓՋ-ի մեկ մարտական հաշվարկ «ԶԻԼ-131» մակնիշի մեքենայի և պարանների միջոցով ջրածածկման գոտուց դուրս է բերում 3 տուժածների, երկրորդում փրկարարները նավակով տեղափոխում են 4 տուժածների և հանձնում շտապօգնության բրիգադին: Նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն, այնուհետև երկու հոգի բուժումը շարունակում են Հրազդանի բժշկական կենտրոնում: Երրորդ տեղամասում Հրազդան քաղաքի տարհանման հանձնաժողովի տրամադրած ավտոբուսն անվտանգ վայր է տեղափոխում մյուս տուժածներին: Իսկ չորրորդում ջոկատն ավազի պարկերով ափապաշտպան պատնեշ է կառուցում՝ բնակելի հատվածը ջրածածկումից պաշտպանելու համար: Հասարակական կարգը պահպանում է ճանապարհային ոստիկանությունը:

Ավետիս Մանուկյանի գնահատմամբ՝ Հրազդանի փրկարարները լիովին տիրապետում են իրավիճակին և պատրաստ են հեղեղումների դեպքում տարբեր բարդության փրկարարական աշխատանքներ իրականացնելու: Տուժածների դերում ներգրավվել էին հիմնականում Քաղսիի միջնակարգ դպրոցի սաները, որոնք իրենց փորձն ու գիտելիքը կփոխանցեն համադասարանցիներին:

Ի պատասխան հարցին՝ որքանո՞վ են ջրածածկման գոտում գտնվող համայնքների բնակիչները տեղյակ պաշտպանության վարքականոնին, վարչության պետը վստահեցնում է. «Բոլոր այն համայնքներում, որտեղ պատվարի փլուզման վտանգ կա, համայնքապետները պարբերաբար շտաբային ուսումնավարժություններ են անցկացնում: Ժողովուրդը հստակ գիտի իր գործողությունները»: