Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՄԱՍԻՍԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

ՄԱՍԻՍԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

754
Տարածել

Լավագույն պարգևը փրկված կյանքերն են

Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը (ՀՓՋ) սպասարկում է Մասիս քաղաքը և 23 գյուղական համայնք՝ ապահովելով մոտ 80 հազար բնակչության անվտանգությունը: Անձնակազմի մեծությամբ և սպասարկող տարածքով ջոկատը երկրորդն է մարզում՝ Արտաշատի ջոկատից հետո՝ 32 ծառայողներով: «Նրանցից երկուսը փորձաշրջան են անցնում: Այս պահին ջոկատը համալրված է 29 փրկարարով: Ծառայությունն իրականացնում ենք 4 հերթափոխով, ունենք 2 մարտական մեքենա: Մեքենաներից մեկը «Կամազ» մակնիշի է՝ 8 տ տարողությամբ ջրի բաքով, որը մարզում միակն է և շատ է արագացնում հրդեհաշիջման աշխատանքը»,- ասում է Մասիսի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Բագրատ Դանիելյանը:

Քանի որ սպասարկվող տարածքը հիմնականում կազմված է գյուղական համայնքներից, այդ իսկ պատճառով հրդեhները պայմանավորված են բնակլիմայական պայմաններով: Ձնհալից հետո դեռ աշնանից մնացած չոր խոտածածկ տարածքներն են հրդեհվում` երբեմն անփութության հետևանքով, երբեմն էլ դաշտերն ու եղեգնապատ առուները մաքրելու նպատակով: Իսկ ամռանը կծղած գարու և հնձած ցորենի արտերն են գյուղացիները հրդեհում՝ կրկին մաքրելու նպատակով, և երբեմն էլ հրդեհը տարածվում է հարևան այգիներն ու դաշտերը՝ ահագնանալով ու հասնելով անգամ ահռելի չափերի: Բացի դրանից, մարզն առանձնանում է իր աշխարհաքաղաքական դիրքով, սահմանամերձ է Թուրքիային, և գրեթե ամեն տարի սահմանը գծող Արաքսի գետափնյա եղեգները հրդեհվում են՝ հաճախ ընդգրկելով լայնամասշտաբ տարածքներ, իսկ նման ահռելի հրդեհները շիջելու համար օգնության են հասնում նաև մարզի մյուս ջոկատները: «Անկախ եղանակային և այլ պայմաններից՝ հրդեհի վտանգն ամեն վայրկյան կա, և մենք միշտ պատրաստ ենք` լինի գիշեր թե ցերեկ, տոն թե ուրախ օր»,- նշում է հրամանատարը: Իսկ փրկարար տղաների աշխատանքը միայն հրդեհաշիջումով չի սահմանափակվում: 2016-ին Մասիսի հրշեջ-փրկարարներն ունեցել են 289 կանչ՝ 103-ը՝ հրդեհի ահազանգ, 18-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, իսկ մնացած կանչերը եղել են կենցաղային բնույթի կամ այլ դժվար իրավիճակների, ինչպես նաև մարզի մյուս հրշեջ-փրկարարական ջոկատներին փոխօգնության հասնելու առիթներով: Ճանապարհատրանսպորտային ու այլ դժբախտ պատահարներին արագ արձագանքելու և հմտության շնորհիվ 15 մարդու կյանք են փրկել Մասիսի փրկարարները: Հենց սա էլ տղաները համարում են իրենց աշխատանքի հիմնական ու շոշափելի արդյունքը՝ լավագույն պարգևը փրկված կյանքերն են:

«Նախկինում էլ, երբ հերթափոխի պետ էի, հիմա էլ, որպես ջոկատի հրամանատար, անձնակազմի հետ հոգեբանական աշխատանքներ տանելիս միշտ ասել եմ, որ մենք մի ընտանիք ենք, մասնակցում ենք բազմաթիվ դժվար ու ծանր դեպքերի և առաջին հերթին պետք է լինենք հաշտ ու համերաշխ: Ու եթե մի ընտանիք ենք, հարկ եղած դեպքում մեկս մյուսի համար մեր կյանքն էլ կվտանգենք: Սա է ջոկատն ինձ համար, միշտ պատրաստ է ցանկացած առաջադրանքի»,- նշում է փ/ծ մայորը:

Իսկ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Արտյոմ Ստեփանյանը ծառայության մեջ է 2000 թվականից, փրկարարի ուղին սկսել է Երևանի թիվ 5՝ Արաբկիրի ջոկատից նախ որպես շարքային հրշեջ, հետո՝ ավագ, օղակի հրամանատար: 2005-ին ստանալով սպայական կոչում՝ նշանակվել է հերթափոխի պետ: Մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժանքների, իսկ մինչ այդ Ֆրանսիայի Մարսել քաղաքում վերապատրաստման դասընթացներ է անցել՝ ստանալով առաջին բուժօգնության հրահանգչի արտոնագիր: Փ/ծ մայորը 2016-ին արժանացել է «Լավագույն հրշեջ-փրկարար» կոչման և նույն թվականի մայիսի 3-ին տեղափոխվել Մասիսի ՀՓՋ, որպես հրամանատարի տեղակալ: Շուրջ 17 տարի մարտական ուղի անցած սպան համոզված է, որ փրկարարի աշխատանքում շատ կարևոր է զսպված ու մեծահոգի մարդ լինելը. «Նախ պետք է ինքդ մարդ լինես, որպեսզի կարողանաս մարդ փրկել: Հոգով, էությամբ պետք է փրկարար լինես, հակառակ դեպքում այս համակարգում անելիք չունես: Փրկարար լինելը հոգեվիճակ է, ոչ թե աշխատանք»: Բարդ հրդեհների ու ծանր իրավիճակների ժամանակ տղաների կողքին է կանգնած, եթե վտանգ կա, որ կարող են վնասվել, առաջինն ինքն է նետվում գործողության մեջ, քանի որ իր փորձն ավելի շատ է: «Ցանկացած իրավիճակում միասին ենք»,- ասում է Արտյոմ Ստեփանյանը:

Հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Վաղարշակ Մանուկյանը ջոկատի ամենաերկարամյա փրկարարներից է: Արդեն 22 տարի է՝ ծառայության մեջ է: Արժանացել է պատվոգրերի ու շնորհակալագրերի, իսկ 2013-ին պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» մեդալի: Փորձառու ենթասպայի համար փրկարարի աշխատանքն առօրյա կեցություն է, կենսակերպ, առանց որի չի պատկերացնում վաղվա օրը: Շատ բան է տեսել ծառայության ընթացքում և ամեն բան չէ, որ ուզում է հիշել, պատմել: Նրա համար հրդեհն արդեն ծանր դեպք է, եթե անգամ բակի խոտն է այրվում:

Փ/ծ ավագ Արամայիս Հովակիմյանը փրկարարի իր ճանապարհն սկսել է 2006-ին՝ Չարբախից և այս տարի է տեղափոխվել Մասիսի ՀՓՋ: «Բոլոր դեպքերն էլ իրենց ազդեցությունն են թողնում մեր ներաշխարհի վրա: Սեփական կյանքդ վտանգի ենթարկելով՝ փրկում ես մարդկային կյանք, գույք և որքան էլ դժվար լինի՝ պիտի անես»,- ասում է փ/ծ ավագը: Հիշում է, թե ինչպես կանչերից մեկի ժամանակ գրոհող սանդուղքով բարձրացավ 5-րդ հարկ, պատուհանից մտավ սենյակ ու բազմոցին պառկած ու մահացած գտավ տարեց կնոջը, իսկ սեղանին թղթադրամներ: Ներսից բացեց բնակարանի դուռը, ոստիկաններին իրազեկեց իրողությունը՝ նրանց հանձնելով նաև դրամները:

Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը նշում է, որ մարզի 4 հրշեջ-փրկարարական ջոկատներն էլ՝ Արտաշատի, Մասիսի, Արարատի և Վեդու, իրենց առջև դրված խնդիրները կատարում են ժամանակին ու ամբողջական, և դեռ չի եղել մի դեպք, որ մարզի փրկարարները թերանան կամ հիմնավոր լուծում չգտնեն: «2016 և 2017 թվականներին մարզի պատանի հրշեջ-փրկարարները հանրապետական մրցույթում գրավել են առաջին տեղը, որն ընդհանուր թիմային աշխատանքի արդյունք է: Իսկ ԱԻ նախարարության և նախարարի կողմից մեր մարզի փրկարարները միշտ էլ գնահատվել են և հարգանք վայելել՝ շնորհիվ կարգապահության ու կատարած աշխատանքի»,- նշում է վարչության պետն ու հավելում, որ վերջերս ԱՄՆ դեսպանատան միջոցով մարզի ՀՓՋ-ներին՝ մասնավորապես Մասիսին և Արտաշատին, տրված ամերիկյան օգնությունը՝ փրկարարական հանդերձանքն ու սարքավորումները, կնպաստեն ջոկատների աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելուն:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ