Գլխավոր Նորություններ ՂՈՂԱՆՋ ARMENIA

ՂՈՂԱՆՋ ARMENIA

824
Տարածել

Հայոց եղեռնի 102-րդ տարելիցն է: Առատախոս համացանցում նորից թեժացել են գուշակությունները՝ Դոնալդ Թրամպը կընդունի՞ Ցեղասպանությունը, թե՝ ոչ: Թերևս առաջին անգամ ԱՄՆ նախագահական այս ընտրություններում թեկնածուներից ոչ մեկն այդ մասին չխոսեց: Բարաք Օբաման խոստացել էր… Հայ ընտրազանգվածն իր ձայնը տվեց նրան: Այս ընտրություններում Թրամպն ու Քլինթոնն այդ թեմայից հեռու մնացին: Փոխարենը տիկին Քլինթոնը խոստացավ ընտրվելուց հետո բացահայտել այլմոլորակայինների հետ առնչությունների վերաբերյալ մինչ այժմ գաղտնի փաստեր: Չընտրվեց, գաղնիքն էլ մնաց իրենը: Ապրիլի 23-ին Ֆրանսիայի նախագահի ընտրությունն է: Ընտրարշավի բոլոր առաջատար թեկնածուները խոստանում են ընտրվելուց հետո աջակցել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, նպաստել Արցախի վերամիավորմանը Հայաստանին: Նրանք նաև ցանկություն ունեն մի օր այցելելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Խոստումնառատ ընտրարշավ է, ֆրանսահայերին ուղղորդում են իրենց օգտին քվեարկել: Նիկոլա Սարկոզին էլ ժամանակին խոստացավ. ընտրվելուց հետո նախաձեռնեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, և հանկարծ վերջին պահին Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական ճանաչեց: Ընդ որում, դա արվեց այնպես, որ հարցին մեկ էլ կարող են անդրադառնալ արդեն այս ամռանը՝ ընտրություններից հետո: Կանդրադառնա՞ն…

Բոլոր ժամանակներում մեր հարցը որպես մանրադրամ օգտագործվել է աշխարհային գործարքներում: Մենք դա արդեն վաղուց ենք հասկացել: Հասկացել ենք ու մենք ձգտում ենք աշխարհին պարտադրել Ապրիլ 24-ի մեր իրավունքը: Այդ գործոնի զորությամբ մենք վերադառնալու ենք այնտեղ, որտեղից, մեզ ոչնչացնելով, դուրս մղեցին: Վերադառնալու ցանկությունը սարսափեցնում է մեր թշնամիներին: Ու հին մի դավ այսօր էլ ստիպում է Սիրիայում՝ Ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին ապրել իրենց նախնիների մղձավանջը: Թուրքական հրետակոծություններից է, որ այսօր այդ երկրում շա՜տ են հայկական ավերակները:

Վերադառնալու ենք, երբ նորից Արաքսի ափին հզորացնենք Armenia հայկական գործոնը:

Ասում են՝ գեներալ Ջորջ Վաշինգտոնի՝ իր բանակին տրված խորհրդապահական հրամանների գաղտնաբառը Armenia է եղել: Այս իրողությունը հաստատող փաստաթղթերն էլ կան: Դեռ պարզ չէ, թե ինչո՞ւ է ընտրել մեր երկրի անունը: Թերևս, ապավինելով մեծ ճշմարտության. Armenia անունը հաղթանակի գրավական է, հզորության խորհրդանիշ: Գեներալն այդ անվան ստվերում երկնային փառքի արժանացավ, դարձավ ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը:

Իսկ թե Թրամպն ապրիլ 24-յան իր ելույթում 1915-ի աղետը Ցեղասպանություն կանվանի՞, թե՝ ոչ, մեծ նշանակություն չպիտի ունենա:

Կորեայի ափերին մեծ պատերազմ է հասունանում՝ նոր ղողանջ Ցեղասպանության, ու Armenia անունն այս անգամ հաղթանակի նշանակը չէ: Կորեան Սիրիան չէ, ու նրա ուղղությամբ արձակած պարսատիկի քարն անգամ Սարաևոյում Ֆրանց Ֆերդինանդի վրա կրակած գնդակից ավերիչ հետևանքներ է ունենալու: Նոր քարտեզ է ուրվագծվում Արևելքում՝ ձգտելով վերջնականապես ոչնչացնել Լոզանի պայմանագրի շարադրանքը, որտեղ այսքան ժամանակ, Ուինսթոն Չերչիլի «Համաշխարհային ճգնաժամ» գրքի խոսքով՝ պատմությունը զուր էր փնտրում Armenia երկրի անունը: Գուցե հենց այդ սարսափի՞ց օրերս Էրդողանն իրեն նոր սուլթան Համիդ կարգեց:

Armenia-ն աշխարհի լիդերներին մեր ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ պարտադրանքն է…

Ապրիլ 24-ին ծաղիկներ կխոնարհենք Ծիծեռնակաբերդում, դրանցով կլցնենք աշխարհի բարոյական «այն պարապը, որ շա՜տ վաղուց հորանջում է, չարչարում է ու տանջում է»…