Գլխավոր Նորություններ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է

ՀՐԴԵՀՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է

705
Տարածել

Այս տրվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 511 հրդեհ՝ 249 037 207 դրամ նյութական վնասով, զոհվել է 1 և վնասվածքներ ստացել՝ 15 մարդ: 2016-ի նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 447 հրդեհ՝ 252 192 456 դրամ նյութական վնասով, զոհվել էին 2 և վնասվածքներ ստացել՝ 13 մարդ: Հրդեհների քանակն ավելացել է 64-ով (14,3 տոկոս), վնասվածք ստացածներինը՝ 2-ով (15,4 տոկոս), զոհերի թիվը նվազել 1-ով (50 տոկոս), նյութական վնասը նվազել է 3 155 249 դրամով (1,2 տոկոս):

Հրդեհների քանակը նվազել է միայն Երևան քաղաքում, Կոտայքի մարզում մնացել է նույնը, իսկ մնացած մարզերում՝ աճել: Հրդեհների 38,4 տոկոսը տեղի է ունեցել բնակելի հատվածում, 31,3 տոկոսը՝ բաց և խոտածածկ տարածքներում, 11,3 տոկոսը՝ ավտոմեքենաներում, 3,7 տոկոսը՝ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներում, 1 տոկոսը՝ արտադրական շենքերում, իսկ 14,3 տոկոսը՝ այլ օբյեկտներում: Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են. կրակի հետ անզգույշ վարվելը՝ 52,8 տոկոս, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 25,2 տոկոս, երեխաների խաղալը կրակի հետ՝ 5,9 տոկոս, վառարանների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը՝ 5,5 տոկոս, հրկիզումները՝ 1,6 տոկոս: Հրդեհների 60,3 տոկոսն արձանագրվել է քաղաքներում, 39,7 տոկոսը՝ գյուղերում: Հանրապետությունում գրանցված հրդեհներից 18-ը խոշոր են (նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 16), որոնց պատճառած նյութական վնասի գումարը 170 433 537 դրամ է՝ ընդհանուր նյութական վնասի 68,4 տոկոսը: Առավել խոշոր հրդեհներից են.

  1. 8 հունվարի, քաղաք Երևան, Կոմիտասի 52/72, «Բալդի» առևտրի սրահ: Նյութական վնասը՝ 85 585 226 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  2. 19 հունվարի, քաղաք Երևան, Գրիբոյեդովի 25, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ արտադրամաս: Նյութական վնասը՝ 7 484 136 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ տեխնոլոգիական գործընթացների խախտում և արտադրական սարքավորումների անսարքություն:
  3. 4 փետրվարի, քաղաք Երևան, Սարի թաղի 5-րդ շարք, տուն 7/5: Նյութական վնասը՝ 10 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  4. 12 մարտի, Լոռու մարզ, գյուղ Արջուտ, չբնակեցված տուն: Նյութական վնասը՝ 6 500 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ հրկիզում:
  5. 25 մարտի, ք. Երևան, Սևանի 21, «Շանթ» հեռուստաընկերության աշխատասենյակ: Նյութական վնասը՝ 13 461 175 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:

Դատաքննչական մարմիններ է ուղարկվել հրդեհի 43 նյութ, 8 դեպքում քրեական գործ է հարուցվել: Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների բենզալցակայաններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար վարչական տուգանքի է ենթարկվել 185 քաղաքացի՝ 7 705 000 դրամի չափով: Արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող 2 անձ տուգանվել է 2 մլն դրամով, Արտադրական վտանգավոր երեք օբյեկտի կարգադրագիր է տրվել առկա թերությունները վերացնելու համար: Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 63 քաղաքացի և 170 պաշտոնատար անձ, գանձված տուգանքի չափը՝ 3 650 000 դրամ:

Բնակչության համար բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի և դրանց վտանգավոր հետևանքների մասին իրազեկվածության ապահովման նպատակով մշակվել և ռիսկային համայնքների բնակչությանն են տրամադրվել ուղեցույց-հիշեցումներ, ահազանգող պաստառներ՝ բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման և հրդեհի դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ: Անտառամերձ, բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից և ռիսկային համայնքների ղեկավարների, վարչակազմի ու բնակչության հետ անցկացվել են պարբերական հանդիպումներ: Քաղաքացիների կյանքը, առողջությունը, գույքը, ինչպես նաև նյութական ու մշակութային արժեքները հրդեհներից պաշտպանելու նպատակով բնակավայրերում, օբյեկտներում, նաև զանգվածային լրատվության բոլոր հասանելի միջոցներով (հեռուստատեսություն, մամուլ, համացանց և այլն) իրականացվել են հակահրդեհային քարոզչական աշխատանքներ. ավելի քան 60 ելույթ տարբեր հեռուստա և տադիոաընկերությունների եթերներում, հարցազրույցներ և վիճակագրական, ուսուցողական, իրազեկող նյութերի հրապարակում տարբեր լրատվամիջոցներում:

 

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն