Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Հիվանդագին իրավիճակներ. շաքարախտ

Հիվանդագին իրավիճակներ. շաքարախտ

601
Տարածել

Մարմնի նորմալ գործունեության համար բջիջներին հարկավոր է էներգիա, որի աղբյուրը շաքարն է: Սակայն շաքարն ինքնուրույն չի կարող արյունից անցնել բջիջներ: Շաքարի ներթափանցմանը բջիջներ նպաստում է ինսուլին հորմոնը, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում: Շաքարախտը հիվանդություն է, որի ժամանակ բջիջները չեն կարողանում յուրացնել արյան մեջ առկա շաքարը: Շաքարախտով հիվանդները պետք է խիստ հետևեն իրենց սննդակարգին: Նրանցից շատերն ինսուլինի ամենօրյա ներարկման կարիք ունեն և պետք է պահպանեն բժշկի նշանակած ինսուլինի դեղաչափն ու սննդակարգը: Երբ հիվանդը խախտում է այս պայմանները, զարգանում է հետևյալ երկու բարդություններից մեկը՝ շաքարի քանակն արյան մեջ կտրուկ բարձրանում է կամ կտրուկ իջնում: Գերշաքարարյունությունը վիճակ է, որի ժամանակ արյան մեջ շաքարի քանակը նորմայից բարձր է: Այս վիճակը դանդաղ է զարգանում: Սովորաբար տուժածի մաշկը լինում է չոր, շնչառությունը՝ անկանոն ու խոր, նա ունենում է ծարավի զգացում, սրտխառնոց, փսխում և լինում է ընկճված: Թերշաքարարյունությունը վիճակ է, որի ժամանակ արյան մեջ շաքարի քանակը նորմայից ցածր է: Շաքարի մակարդակը կարող է չափից ավելի իջնել, եթե շաքարախտով հիվանդը չարաշահի ներարկվող ինսուլինի դեղաչափը, դադարի սնվել ինսուլինի դեղաչափին համապատասխան, ֆիզիկապես գերլարվի, ունենա լուծ կամ փսխում, հուզական ուժեղ սթրես ապրի: Թերշաքարարյունություն կարող է զարգանալ նաև առողջ մարդու օրգանիզմում՝ երկար ժամանակ քաղցած մնալուց կամ ֆիզիկական ու մտավոր գերլարվածությունից: Նման դեպքերում արյան մեջ եղած շաքարի չնչին քանակն արագ օգտագործվում է, և ուղեղը մնում է առանց էներգիայի աղբյուրի: Այս վիճակը շատ արագ է զարգանում: Տուժածը սովորաբար լինում է գրգռված, ունենում է ուժեղ քաղցի զգացում, վերջույթների դող, մաշկը լինում է գունատ և խոնավ, շնչառությունը՝ մակերեսային: Շաքարախտով հիվանդի վիճակի վատացման նշաններն են. գիտակցության խանգարումներ՝ շշմածություն, քնկոտություն, շփոթվածություն, արագացած անոթազարկ, հիվանդագին տեսք: Առաջին օգնությունը. գիտակցության առկայության դեպքում խոսեք տուժածի հետ: Փորձեք պարզել՝ տուժածը շաքարախտով հիվանդ է, թե՞ ոչ և երբ է վերջին անգամ կերել: Հարցրեք տուժածին, թե ինչ աշխատանք է կատարել, ունեցե՞լ է, արդյոք, զգացմունքային լարվածություն: Տվեք տուժածին որևէ քաղցրավենիք կամ լեզվի տակ մի փոքր շաքար դրեք: Թերշաքարարյունության դեպքում քաղցրն արագ օգնում է, և տուժածի վիճակը շատ շուտ բարելավվում է: Գերշաքարարյունության դեպքում տրված փոքր քանակով շաքարը զգալի ազդեցություն չի ունենում և չի վատթարացնում տուժածի վիճակը: Ահազանգեք շտապօգնություն: Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և փոխանցեք արագ արձագանքման ծառայության ներկայացուցիչներին: