Գլխավոր Միջոցառումներ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

692
Տարածել

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2014-ից ներդրվել է ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի վրա հիմնված կրեդիտավարկանիշային համակարգ, համաձայն որի՝ ուսումնական գործընթացը կազմակերպվում է ուսանողների գիտելիքների անընդհատ գնահատման և վերահսկման սկզբունքով:

Ակադեմիայի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկուհի Ղարիբյանի խոսքով՝ կրեդիտային համակարգն ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման և փոխանցման համակարգ է, որտեղ համապատասխան որակավորումը շնորհվում է ուսումնական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակի կուտակումից հետո: Այս համակարգը նախատեսված է բարձրագույն կրթության եվրոպական տարածքում ուսանողների կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը հեշտացնելու նպատակով: Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգն (ECTS) արտահայտում է միջին հաշվով մեկ ուսումնական տարում ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունը 60 ակադեմիական կրեդիտով:

Ակադեմիայի բակալավրի կրթական ծրագիրը՝ ընտրած մասնագիտությամբ բազային պատրաստվածություն ստանալու հնարավորություն է, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հարմարվել աշխատաշուկայի փոփոխություններին և յուրացնել հարակից մասնագիտություններ: Մագիստրոսի կրթական ծրագիրը բակալավրի կրթական ծրագրի շարունակությունն է, բակալավրի համար առավել խորացված գիտելիքներ ստանալու, գիտահետազոտական և մանկավարժական աշխատանքների պատրաստվելու հնարավորություն՝ ուսումն ասպիրանտուրայում շարունակելու համար:

Մագիստրոսն ավելի հեշտ է ստացած մասնագիտությամբ աշխատանք գտնում, քան բակալավրը: Պատճառն այն է, որ մագիստրոսի գիտելիքներն ավելի խորն են, ու նա ունի մասնագիտական խնդիրների ձևակերպման, խորքային լուծումների առաջադրման և վերլուծության ունակություններ:

«Ակադեմիայի շրջանավարտն օժտված է տրամաբանելու, արագ և ճիշտ որոշումներ կայացնելու, հստակ ծրագրեր մշակելու կարողությամբ, ինչը նրան հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում գտնել իրավիճակային լուծումներ», — կարծում է պրոռեկտոր Հայկուհի Ղարիբյանը: