Գլխավոր Նորություններ ԵՐևԱՆՅԱՆ ՍԱԿՈՒՐԱՆԵՐԸ՝ ԲԱՐԵԿՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

ԵՐևԱՆՅԱՆ ՍԱԿՈՒՐԱՆԵՐԸ՝ ԲԱՐԵԿՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

741
Տարածել

Հարցազրույց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ

 

— Ձերդ գերազանցություն, շնորհակալություն մեզ հետ հարցազրույցի առաջարկին համաձայնելու համար:

— Շնորհակալություն առաջարկի համար: Ինձ հաճելի է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությանը վերաբերող ցանկացած հարցազրույց:

— Վերջին օրերին Ձեր երկիրը նշում էր Հանամին՝ Ծագող արևի երկրի խորհրդանիշ սակուրայի ծաղկման տոնը: Այդ օրերը Ձեզ մոտ ոչ աշխատանքային են, բոլորը կարծես սրբազան ծեսով հիանում, սքանչանում են ծաղկած ծառերով: Տոնի առիթով ընդունեք մեր շնորհավորանքը: Հայաստանում Դուք ինչպե՞ս եք նշում Հանամին:

— Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ապրիլի սկիզբը սակուրայի՝ ճապոնական բալենու ծաղկման շրջանն է: Այդ օրերին ձեր երկրում ծաղկում է ծիրանենին: Երկու ծառերն էլ շատ գեղեցիկ են ծաղկման շրջանում: Երևանում՝ այն առանձնատանը, որտեղ ապրում եմ, ծիրանենիներ կան, արդեն ծաղկել են: Պատրաստվում եմ Հանամին նշել…

— Ծիրանենիներո՞վ…

— Այո՛, ծաղկած ծիրանենիներով: Դուք Հայաստանում ևս ունեք սակուրայի ծառեր: Երկու տարի առաջ մեր դեսպանատան աշխատակիցներով Ազգային ժողովի այգում յուրահատուկ ծառատունկ կազմակերպեցինք՝ սակուրայի հինգ ծառ տնկեցինք: Դեռևս շատ փոքր են, բայց հուսով եմ, մի քանի տարի հետո կկարողանանք Հանամիի տոնը նշել Երևանում՝ արդեն ծաղկած սակուրաների սպիտակավարդագույն ծաղիկների հմայքի ներքո: Այդ ծառերը խորհրդանշում են հայ-ճապոնական համագործակցությունը, բարեկամական հարաբերությունները:

— Սակուրայի ծաղկման օրերից մեկում` ապրիլի 1-ին, Ճապոնիայում սկսվում է նաև ուսումնական տարին: Ձեր կրթական համակարգը յուրահատուկ է աշխարհում: Երեխաներին նախ սովորեցնում եք մեծահոգություն ու հարգանք մարդու և շրջակա միջավայրի նկատմամբ, ուղղորդում ճշմարտության ճամփան գտնելուն և հետո միայն տալիս գիտելիք: Ուսման նույն ճանապարհն եք անցել նաև Դուք:  Ո՞րն  է ճապոնական դպրոցի գաղտնիքը:

— Ես ևս կրթվել եմ այդ համակարգում, բայց դա շատ վաղուց էր՝ մոտ 50 տարի առաջ: Հիմա շատ բան է փոխվել: Համաձայն եմ, մենք կրթական լավ համակարգ ունենք: Մեզ մոտ կրթությունը պաշտամունք է, որին աջակցում են ընտանիքը, հասարակությունը, պետությունը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տարրական կրթությանը: Երեխայի դաստիարակությունը սկսվում է վաղ հասակից: Աղջիկների և տղաների դաստիարակությունը տարբեր է: Մտավոր զարգացմանը զուգահեռ կարևորում ենք նաև սպորտային կարողությունների զարգացումը: Շատ ենք կարևորում բարոյակրթական նորմերը. դպրոցում 7-8 տարեկան երեխան ամեն օր դասերից հետո անպայման հավաքում, մաքրում է դասարանները, նաև՝ զուգարանները: Ուտելուց հետո պարտադիր հավաքում են սեղանը: Նպատակը՝ երեխաներին ուղղորդել աշխատասիրության, համատեղ աշխատանքի: Սովորեցնում ենք կառավարել սեփական զգացմունքները, դրանք ստորադասել կոլեկտիվի շահերին:

— Դպրոցներում հավաքարարներ չկա՞ն…

— Ոչ, ամբողջ մաքրությունը երեխաներն են անում, գուցեև ուսուցիչներն էլ փոքր-ինչ օգնում են: Համենայն դեպս, երբ ես էի դպրոցական, այդպես էր. դպրոցներում չկային հատուկ մաքրող մարդիկ: Այսօր էլ այդպես է:

— Կարծիք կա, որ ուսումնական համակարգի կատարելությունն է Ճապոնիան դարձրել  ամենաառաջնակարգ տեխնոլոգիաների երկիր: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

— Երկրի զարգացման գործում կրթությունը հիմնարար նշանակություն ունի: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ճապոնիան բնական պաշարներով հարուստ երկիր չէ: Այդ է պատճառը, որ մենք միշտ կարևորել ենք կրթությունը, անընդհատորեն բարելավել կրթական համակարգը՝ մարդու զարգացումը, նրա ինտելեկտուալ կարողություններն առավելագույնս բացահայտելու համար: Մեր ուսուցիչների համար բոլոր երեխաները հավասար են: Նրանց մեջ թույլեր և ուժեղներ չկան, կան ծույլեր և աշխատասերներ: Հատուկ ծրագրեր չկան ընդունակ և ուսման մեջ հետ մնացող երեխաների համար: Երեխաների կրթական մակարդակն օգնում են հավասարեցնել կրկնուսուցողական դպրոցները: Մենք կարևորում ենք մարդկային կապիտալի զարգացումը, հենց սա՛ է գիտական, տնտեսական համակարգի առաջընթացի գրավականը: Ճապոնիան, թերևս, աշխարհի միակ երկիրն է, որտեղ երեխաներին նվիրված մի շարք տոներ ու հանդիսություններ կան: Ապրիլի 1-ը՝ ուսումնական տարվա սկիզբը, ճապոնացի լինելու իրավունքը նվաճելու յուրահատուկ ծես է:

— Ձեզ համար սրբազան լեռ է Ֆուձիյաման, մեզ համար՝ Արարատը: Ինչ-որ զորություն ունե՞ն այդ երկու լեռները Ձեզ համար: Նմանեցնո՞ւմ եք միմյանց:

— Երկու լեռներն էլ շատ նման են իրար: Ես ապրում եմ Երևանի բարձրադիր վայրում՝ Հաղթանակի այգուն հարակից տարածքում, և ամեն առավոտ զբոսնելիս տեսնում եմ Արարատը, զմայլվում: Արարատի պատկերը ինձ հիշեցնում է Ֆուձիյաման: Ոգեշնչող տեսարան է, ու դրանից մեղմանում է ճապոնական սուրբ լեռան նկատմամբ կարոտս:

— Ֆուձիյաման դեռ չհանգած հրաբուխ է, ճապոնական կղզիներն էլ գտնվում են երկրագնդի սեյսմաակտիվ շրջաններից մեկում: Վերջին` 2011-ի մարտի 11-ի երկրաշարժը՝ հզոր ցունամիի ուղեկցությամբ մեծ ավեր և կորուստներ բերեց Ֆուկուշիմային, «ուրախության կղզին» վերածեց  ռադիոակտիվ գոտու…

— Ճապոնական կղզիներն ամբողջությամբ չէ, որ գտնվում են սեյսմիկ ակտիվ գոտում: Տոկիոն, օրինակ, ապահով շրջանում է: 2011-ի երկրաշարժից մեկ ամիս անց Ռուսաստանից մասնագետներ էին եկել՝ գնահատելու Տոկիոյում ճառագայթման աստիճանը: Արդյունքներից պարզ դարձավ, որ ռադիացիայի մակարդակը Տոկիոյում ավելի ցածր էր, քան՝ Մոսկվայում:

— Ինչո՞վ էր դա պայմանավորված, մասնագետների եռանդուն գործունեությա՞մբ:

— Նույնիսկ աղետից մեկ ամիս անց Տոկիոն, գտնվելով աշխարհագրորեն բարձր դիրքում, զերծ մնաց ռադիոակտիվ փոշուց: Զարմացած էի, երբ իմացա, որ Մոսկվայում կրկնակի բարձր էր ճառագայթման աստիճանը: Քամիների ուղղությունն այնպիսին էր, որ աղտոտված օդը չհասավ Տոկիո: Մեր մասնագետները Ֆուկուշիմայում այսօր էլ աշխատում են և աղետի հետևանքները վերացնելու առումով մեծ աշխատանք են կատարել:

— Հիմա ի՞նչ իրավիճակ է Ֆուկուշիմայում:

— Այս պահի իրավիճակին ծանոթ չեմ, բայց մեկ տարի առաջ 90 հազար մարդ չէր կարող ապրել կղզում: «Ֆուկուշիմա-1» ատոմակայանին մոտ՝ 30 կմ շառավղով ռադիոակտիվ տարածք է, և առայժմ անհնար է մարդկանց բնակեցումը:

— Մեզ մոտ Սպիտակում ամեն տարի հիշում և հարգանքի տուրք են մատուցում Ֆուկուշիմայի զոհերի հիշատակին, որին ներկա եք լինում նաև Դուք: Քաղաքում խաչքար է տեղադրվել, որը դարձել է սրբազան վայր մեր երկիր ժամանած ճապոնացի զբոսաշրջիկների համար: Ե՞րբ իմացաք հուշաքարի տեղադրման մասին: Ինչպե՞ս սկսվեցին Ձեր ամենամյա այցելությունները Սպիտակ:

— Երկու տարի առաջ՝ 2015-ի մարտի 11-ին, առաջին անգամ այցելեցի Սպիտակ: Նոր էի դեսպան նշանակվել Հայաստանում: Երբ իմացա, որ քաղաքում Ֆուկուշիմայի զոհերին նվիրված խաչքար է տեղադրվել, շատ զարմացա: Չէի պատկերացնում, որ Ֆուկուշիմայի ափերից այդքան հեռու կարող է հուշաքար-խաչքար տեղադրվել: Ավելի զարմացա, երբ իմացա, որ խաչքարը կանգնեցվել է արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից, Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Սերոբ Գաբրիելյանի մտահղացմամբ ու միջոցներով: 2012-ին նա Տոկիոյում մասնակցել էր մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, ականատես եղել աղետի վերացման աշխատանքներին և, վերադառնալով տուն, նույն տարում նախաձեռնել խաչքարի տեղադրումը: Ճապոնիայից դուրս, երևի թե սա միակ հուշակոթողն է աշխարհում: Մեր երկրները միավորում են նաև երկու ցավալի երկրաշարժերը՝ Սպիտակի և Ֆուկուշիմայի: Գուցե մեր երկրների բարեկամության պատճառներից մեկն էլ դա է: 1988-ի երկրաշարժին Ճապոնիայի կառավարությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սպիտակ: Ամեն տարի մարտի 11-ին և դեկտեմբերի 7-ին այցելում եմ Սպիտակ, հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին: Այս տարի մարտի 11-ին էլ այնտեղ էի, այս անգամ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, ինչի համար շնորհակալ եմ նրան: Զգացված եմ նաև Սպիտակի քաղաքացիների վերաբերմունքից, որոնք մեզ հետ միասին մասնակցեցին հիշատակի, հարգանքի արարողությանը:

— Պարոն Տագուչի, գիտե՞ք, որ մեր երկիր այցելած ճապոնացի զբոսաշրջիկների համար Սպիտակի խաչքարը դարձել է ուխտատեղի, սրբազան վայր:

— Գիտեմ…

— Ճապոնիայում բոլո՞րը գիտեն մեր խաչքարի մասին:

— Ցավոք, ոչ բոլորը, բայց աշխատում ենք, որ բոլորն իմանան:

— Դուք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մեծ բարեկամն եք, ճանաչում եք մեր փրկարարներից շատերին, տեսել եք նրանց աշխատանքը: Ինչպե՞ս կբնութագրեք մեր փրկարարների կարողությունները, դրանք ճապոնացի փրկարարների հմտությունների հետ համեմատելի՞ են:

— Այո՛, ճանաչում եմ շատերին, ճանաչում եմ նախարար Դավիթ Տոնոյանին, ճանաչել եմ նախարար Արմեն Երիցյանին: Շնորհակալ եմ, նրանց շնորհիվ է, որ մեր միջև բարեկամական համագործակցություն է ձևավորվել: Ցավոք, առիթ չեմ ունեցել ներկա լինելու ձեր փրկարարների գործնական պարապմունքներին: Գնահատական տալ նրանց գործին չեմ կարող: Իմ խոսքով չէ, որ պիտի գնատահատվի նրանց հմտությունը: 2015-ից հայկական թիմը դարձել է որոնողափրկարարական գործողությունների հարցերով միջազգային խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի անդամ: Դա ցուցանիշ է, միջազգային գնահատական: Եվ կարծում եմ՝ այդ գնահատականը ձեր փրկարարների մասնագիտական բարձր պատրաստվածության վկայությունն է:

— Արտակարգ իրավիճակների նախարարությունն ընթանում է զարգացման ճանապարհով և դրանում ներդրում ունի Ճապոնիայի կառավարությունը: Մեծ դերակատարություն ունեք նաև Դուք: Ձեր պաշտոնավարման տարիներին եղել եք մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում, տեսել եք, որ մեր փրկարարական տեխնիկան նոր ժամանակների պահանջներին չի համապատասխանում: Երևանում ISUZU հրշեջ մեքենաներ են շահագործվում: Ճապոնիայի կառավարությունը նոր մեծ համագործակցություն է սկսում նախարարության հետ, որը նպատակ ունի վերազինել Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերի ստորաբաժանումները: Խնդրում եմ, մանրամասնեք, ի՞նչ է նախատեսվում այդ ծրագրով:

— Անցած դեկտեմբերին իմ երկրի մասնագետներն այցելեցին Հայաստան: Եկել էին տեսնելու, թե ինչպես են շահագործվում, ինչ տեխնիկական վիճակում են նվիրաբերված մեքենաները: Եվ շատ զարմացած ու հիացած էին՝ տեսնելով, թե ինչ խնամքով են դրանք շահագործվում: Ինչ վերաբերում է հետագա ծրագրերին՝ պլանավորվող օգնությունն առայժմ քննարկման փուլում է: Տեղյակ չեմ, չեմ կարող ասել, թե վերջնական որոշում կա: Ամենայն հավանականությամբ, հուլիսին կկարողանանք ազդարարել օգնության ծրագրի իրագործման մասին: Եվ երևի թե այս անգամ Հայաստանին կտարամադրվի ավելի քան 30 հրշեջ մեքենա: Շատ մեծ ակնկալիքներ ունեմ, որ այդ ծրագիրը ևս իրականություն կդառնա:

— Ճապոնիայի կառավարությունը Համաշխարհային բանկի «Զարգացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդման ծրագրի»՝ GFDRR, շրջանակներում 2016-ի հունվարի 19-ին Երևանում պաշտոնապես ազդարարեց «Հայաստանի աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը», որը 2015-ի մարտի 18-ին Ճապոնիայի Սենդայ քաղաքում կայացած ՄԱԿ-ի երրորդ համաշխարհային համաժողովում ընդունված «Աղետների ռիսկի նվազեցման 2015-2030 թվականների Սենդայի գործողությունների ծրագրի» տրամաբանության մեջ է: Ծրագիրն իրագործվում է Ձեր երկրի հովանավորությամբ: Այդ ծրագրով նախատեսվում է նաև ներդրումներ կատարել աղետների ռիսկի նվազեցման գործում: Ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ է նախատեսվում անել մեր երկրում Սենդայի գործողությունների ծրագրով:

— Սենդայում կայացած՝ ՄԱԿ-ի երրորդ համաշխարհային համաժողովից հետո ավելի քան 50 հայ փրկարարներ Ճապոնիայում մասնակցել են ուսուցողական դասընթացների: Աղետների ռիսկերի նվազեցման գործում Ճապոնիան աշխատում է մեծ ներդրումներ անել: Այս տարի մեր կառավարությունը 4 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել, որի մեջ ներառվում է նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար մոտ 40 հազար մարդու հրավիրումը Ճապոնիա: Դա նախատեսում ենք իրագործել մինչև 2018 թվականը: Այնպես որ, մինչև այդ թվականը շատ ծրագրեր կան իրագործելու, և կարծում եմ, որ Սենդայի համաժողովի ու դասընթացների ծրագրերում մեծ համագործակցություն ենք նախատեսում նախարարության հետ:

— Կարծեմ թե, այդ ծրագրով փրկարար ծառայությանը նվիրաբերվեցին շարժական կառավարման «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:

— Կարծում եմ, «Միցուբիշի» մեքենաները Սենդայի գործողությունների ծրագրով նվիրաբերվեցին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս վերապատրաստման կհրավիրվեն ԱԻՆ-ի մասնագետները: Առայժմ այսքանն է հայտնի:

— Մեր փրկարարների խոսքով՝ կադրերի պատրաստումը Ձեր երկրում կատարվում է առանձնակի և յուրօրինակ բծախնդրությամբ: Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան միակն է տարածաշրջանում, որը փրկարար կադրեր է պատրաստում, անցկացնում վերապատրաստման դասընթացներ: Լուսակերտում ակադեմիան ունի վարժաբազա, որը վերազինման կարիք ունի, ցանակալի է հենց ճապոնական վարժապայմաններով: Այս առումով  համագործակցության ի՞նչ հնարավորություններ կան:

— Իհարկե, հնարավորություններ բոլոր հարցերում կան, բայց դա կախված է նաև ձեր կառավարության դիրքորոշումից: Եթե նման ցանկություն լինի, կարելի է քննարկել նաև այդ հարցը: Բայց, ամեն դեպքում, գուցե ավելի ճիշտ է, որ ձեր մասնագետները Ճապոնիայում վերապատրաստվեն:

— Ճապոնացի մասնագետ Յունո Քենջիի ղեկավարությամբ Հայաստանում իրականացվում են հակասողանքային ծրագրեր: Մարտի 14-ին Դուք Շիրակի մարզի Առափի գյուղի համայնքապետի հետ ստորագրեցիք ջրահեռացման համակարգի կառուցման պայմանագիր: Մեր երկրի տարածքի 30 տոկոսը համարվում է սողանքային վտանգավոր գոտի: Այլ միջոցառումներ նախատեսվո՞ւմ են սողանքային վտանգները կանխելու ուղղությամբ:

— Ինչպես գիտեք, շուրջ 3 տարի է՝ Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ Հայաստանի սողանքավտանգ գոտիներում աշխատանքներ ենք իրականացնում: Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը նախաձեռնությունը կվերցնի իր ձեռքը և, որոշակի հետազոտություններ անելով, գուցե նաև հիմնվելով մեր գործակալության կատարած աշխատանքների արդյունքների, բացահայտումների վրա, կկարողանա արդեն ինքնուրույն կազմակերպել հակասողանքային միջոցառումներ:

— Սեյսմակայուն շինարարության գործում ճապոնացիների փորձն ամենաառաջնակարգն է աշխարհում: Այդ բնագավառում մեր երկրի հետ համագործակցում եք 2013 թվականից…

— Ճիշտ եք. շատ կարևոր է սեյսմակայուն շենքների կառուցումը: Ճապոնիայում կան սեյսմակայուն շինարարության որոշակի ճարտարագիտական հմտություններ, տեխնոլոգիաներ: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Փորձագիտական ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավազյանը 2015-ին այցելել է Ճապոնիա և մասնակցել համատեղ հետազոտությունների ու դասընթացների: Որքանով տեղյակ եմ՝ հայ մասնագետները փորձում են ներդնել նաև սեյսմակայուն շինարարության ճապոնական փորձը: Այնպես որ, այս ոլորտում ևս համագործակցություն կա և շարունակվում է:

— Պարոն դեսպան, երկու տարի է՝ Դուք դեսպան եք մեր երկրում: Հասցրե՞լ եք ճանաչել Հայաստանը:

— Հասցրել եմ շատ բան տեսնել ու սիրել: Ձեր երկրում վառ է արտահայտված հարգանքը մարդկանց հանդեպ: Ինչպես իմ երկրում, ձեզ մոտ ևս սրբացված է ընտանիքի գաղափարը:

— Իմ ճանաչած ճապոնացիները, որպես կանոն, գթասիրտ մարդիկ են՝ հասնող, օգնող: Մենք՝ հայերս էլ, նույնն ենք: Մենք տարբեր ենք, սակայն և շատ նման: Ինձ թվում է՝ նման ենք թե՛ վարքով, թե՛ բարքով, թե՛ անգամ հյուրասիրությամբ: Ճի՞շտ դիտարկում է դա:

— Համաձայն եմ: Կարծում եմ՝ դա պայմանավորված է մեր ժողովուրդների հազարամյա պատմությամբ:

— Իհարկե, ակնառու են նաև տարբերությունները. մենք աղմկոտ ժողովուրդ ենք, դուք՝ հավասարակշիռ ու զուսպ, թե՛ ուրախության և թե վշտի պահերին: Հիացած ենք ճապոնացիների այդ հատկություններով, կենցաղավարությամբ…

— Կրկին այստեղ իր մեծ դերն ունի կրթական համակարգը: Մանկուց են մեզ սովորեցնում համբերատարության:

— Շնորհակալություն, Ձերդ գերազանցություն, անկեղծ զրույցի և մեր երկրի հետ համագործակցությունն ամրապնդող Ձեր ջանքերի համար:

— Շնորհակալություն, ցտեսություն (ասում է հայերեն):