Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՍԻՍԻԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

ՍԻՍԻԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

3347
Տարածել

Երբ հրշեջ-փրկարարը դեպքի վայր է հասնում, իր հետ փրկության հույս է բերում

ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատը (ՀՓՋ) տեղակայված է Սիսիան քաղաքում: Սիսիանի ՀՓՋ-ի սպասարկման գոտում է գտնվում 36 համայնք: Մինչև 2017-ի ավարտը կազմ պատրաստ կլինի ու իր աշխատանքները կսկսի ջոկատի ենթակայության տակ գտնվող նոր հենակետը Գորհայք համայնքում: Տեխնիկական համալրումից հետո այն կսպասարկի 4 համայնք: Հենակետում, բացի հիմնական աշխատակիցներից, կընդգրկվեն նաև կամավոր հրշեջներ հարակից համայնքներից: Շենքը, որտեղ տեղակայված է ՀՓՋ-ն, կառուցվել է 1953-ին. այն գտնվում է ոչ բարվոք վիճակում, թեև մասնակի վերանորոգումներ այստեղ պարբերաբար իրականացվում են:

Սիսիանի թիվ 57 ՀՓՋ-ն ունի երկու մարտական հաշվարկ, մեկ փրկարարական «Զիլ- 131»: Սիսիանի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ մայոր Գարիկ Հովսեփյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրով ջոկատին տրամադրվել է նոր հանդերձանք և գույք: Շուտով ջոկատը կվերազինվի նաև ճապոնական հրշեջ մեքենաներով:

Ըստ հաստիքացուցակի, Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատում առկա է 31 աշխատատեղ, որից թափուր է միայն մեկը:

«Այսօր շատերն են ուզում համալրել հրշեջ-փրկարարների շարքերը: ՀՀ քաղաքացին գիտի, որ մեր երկրում կա եզակի կառույց, որ աշխատում ու օգնության ձեռք է մեկնում անշահախնդիր, առանց որևէ բանի ակնկալիքի: Երբ հրշեջ-փրկարարը դեպքի վայր է հասնում, իր հետ փրկության հույս ու հանգստություն է բերում: Ու պատահական չէ, որ այդ սերն ու պատիվը ուզում է իր ուսերին կրել նաև նոր սերունդը»:

Սպանդարյանի, Շամբի, Տոլոսի, Անգեղակոթի ջրամբարները սպասարկում են Սիսիանի ՀՓՋ-ի 3 ջրասուզակները: Հրամանատարի տեղեկացմամբ, հատկապես ամռան ամիսներին ջրասուզակներն անգործ չեն մնում. ջրափրկարարական աշխատանքներից բացի, նրանք կռիվ են տալիս խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների դեմ, արձագանքում ճանապարհատրանսպորտային պատահարների ու բազմապիսի կենցաղային կանչերի:

«Տարեկան կտրվածքով միջինը 250 ամենատարբեր կանչ ենք սպասարկում՝ դժվարին, բարդ, երբեմն անգամ զավեշտալի: Վերջերս մի կնոջ հիվանդանոցից տուն էինք տեղափոխում: Կինը բավականին ծանրաքաշ էր, և տղաները մեծ դժվարությամբ նեղ մուտքով բարձրացրեցին նրան չորրորդ հարկ: Մի քանի օր անց կինը մահացավ, ահազանգեցին մեզ և նորից օգնություն խնդրեցին: Տղաներն իջեցրեցին կնոջ դին, հետո նորից բարձրացրեցին վերև: Պատահել է նաև, որ ահազանգել են, թե երեխաները տանը լաց են լինում: Բացել ենք դուռն ու պարզել, որ տանտերերը տանը չեն և երեխաներին թողել են միայնակ: Ստիպված ենք եղել զբաղեցնել նրանց, կոնֆետ հյուրասիրել, խաղալ մինչև մեծերի ժամանումը»,- հիշում է ջոկատի հրամանատարը:

Ըստ փ/ծ մայոր Գարիկ Հովսեփյանի՝ ջոկատն աչքի է ընկնում իր միասնականությամբ ու ամրությամբ: Ուսումն ու գիտելիքը թիվ 57 ՀՓՋ-ում իր անփոխարինելի տեղն ու դերն ունի: Ազատ ժամանակը սիսիանցի ջոկատայինները սիրում են անցկացնել մասնագիտական գրականություն ընթերցելով:

Օրեր առաջ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ Սյունիքի ՄՓՎ Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Գարիկ Հովսեփյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: Փրկարարը 57 ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնում ծառայության է անցել 2009-ին, 2014-ին նշանակվել հրամանատար:

«Մեծ համակրանք ունեի դեռևս նոր-նոր ձևավորվող համակարգի նկատմամբ, ցանկացա իմ ավանդն ունենալ: Դժվարություններ հաղթահարելով, անընդհատ ձգտելով առաջ՝ հասել եմ այս պաշտոնին ու կոչմանը: Շարքային հրշեջից էլ սովորելու բան եմ ունեցել: Փ/ծ մայորի կոչումը ստանալուց հետո շնորհավորանքներ շատ եմ ստացել, ավելի բարձր կոչումների արժանանալու բարեմաղթանքներ լսել»,- ժպիտով ավելացնում է Գարիկ Հովսեփյանը:

Չկա մի ահազանգ, որին հրամանատարը չմասնակցի: Առանց հանգստյան օրերի, օրը 24 ժամ նա ծառայության մեջ է:

«2015-ին Արցախի Քաշաթաղի շրջանում ցորենի դաշտեր էին այրվում: Սիսիանի ՀՓՋ-ն, ի թիվս այլ ջոկատների, պետք է մասնակցեր հրդեհաշիջման աշխատանքներին: Քանի որ ծանոթ էի այդ տարածքներին, խնդրեցի, որ ես էլ մեկնեմ տղաների հետ: Շատ մեծ հրդեհ էր, ցորենի արտեր էին այրվում: Հրդեհաշիջման գործողությունը տևեց 5-6 օր: Մենք ոչ թե հրդեհ էինք մարում, այլ հաց էինք փրկում: Պատվով դուրս եկանք դժվարին իրավիճակից»,- հիշում է հրամանատարը:

Տարիների ծառայության ընթացքում փ/ծ մայորը սովորել է ապրել «միշտ պատրաստ» վիճակով: Սառնասիրտ, զգացմունքներին չտրվող, բայց իր անելիքը լավ իմացող հրամանատարն անգամ տարիներ անց կանչի բովանդակությանն ու մանրամասներին ծանոթանում է դեպքի վայրում, տալիս գնահատական, ու սկսվում է արագ գործողությունների ծրագիրը:

Գարիկ Հովսեփյանը լավ գիտի, թե իր ջոկատայիններից ով՝ ինչ մասնագիտական առավելություն ու թերություն ունի. յուրաքանչյուրին մոտենում է յուրովի՝ օգտագործելով նրանց ուժեղ կողմերն ի շահ փրկարարական աշխատանքի:

Տարիների նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար Գարիկ Հովսեփյանը պարգևատրվել է շնորհակալագրերով, արժանացել պատվոգրերի ու հուշամեդալի: Մասնակցել է բազմաթիվ դասընթացների, փորձի փոխանակման ծրագրերի ու ուսումնավարժանքների: